Նոյեմբերի 10-ին, ժամը 24։00-ից սկսած՝ Գորիս-Կապան մայրուղու 21 կմ-անոց հատվածը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին: Ամենաբարդը 3 գյուղերի՝ Բարձրավանի, Որոտանի եւ Շուռնուխի վիճակն է։ Բարձրավանի վարչական ղեկավար (Գորիս խոշորացված համայնքի կազմում) Օնիկ Ավագյանն ասաց, որ բնակիչների մոտ խուճապային տրամադրություն չկա, բայց ճանապարհի հետ կապված՝ խնդիրներ ունեն։
«Այլընտրանքային ճանապարհն էս պահի դրությամբ կառուցված չէ, ճիշտ է՝ շինարարությունն արվում է, 5 կմ հողային աշխատանքներ արել են, մի 5 կմ էլ դեռ կա, որ հասնեն գյուղ»: Այն Տաթեւ-Կապան ճանապարհի հետ է հատվելու։ Գորիսից Կապան առաջինը Որոտանն է, հետո՝ Թասի ոլորանները, բարձրանում ես, մինչեւ Շուռնուխ հասնելը՝ աջ կողմում, Բարձրավանն է։
Իրենց հատվածում չկա ադրբեջանական մաքսակետ, Որոտանի հատվածում է, Բարձրավանը հայտնվել է մաքսակետից դեպի Կապան հատվածում, այսինքն՝ կտրվել է կապը Գորիսի, ըստ այդմ՝ նաեւ Երեւանի հետ։
– Իսկ կոմունիկացիան այսօր ինչպե՞ս է ապահովվել ձեր գյուղի հետ, փոստային ծառայություն, խանութներին ապրանքների առաքում, կամ, ասենք, շտապօգնության մեքենա կարո՞ղ է գալ Բարձրավան։
Կարդացեք նաև
– Շտապօգնության մեքենաներն էս պահի դրությամբ Գորիսից չեն կարող գալ մեր գյուղ, ուզեն էլ՝ չեն կարող գալ, որովհետեւ ճանապարհներն էն վիճակում չեն, որ կարողանան։ Եթե շտապօգնության մեքենա էլ գալու լինի, ստիպված պիտի ասենք, որ Կապանից միգուցե մոտենա․ Գորիսից հնարավոր չէ։
– Իշխանությունները խոստացել էին, որ ճանապարհն ադրբեջանցիների հետ ընդհանուր օգտագործման կլինի, բայց, փաստորեն, ամբողջությամբ հանձնեցին թշնամուն։ Ի՞նչ եք մտածում իշխանության այս քայլի մասին։
– Դե, իշխանությունների քայլերը չեմ կարող մեկնաբանել, թե իրենք ինչ են ուզում, իրենց նպատակը որն է։ Իրենք խոստացել էին, որ ընդհանուր օգտագործման ճանապարհ է լինելու, ոչ մի խնդիր չի լինելու, հանգիստ գնալու ենք, գալու ենք։ Բայց դե՝ եղավ այն, ինչ եղավ։ Սա եւս մեկ անգամ ասում է, որ թուրքի ոչ մի խոսքին չպիտի հավատաս։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում