Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Նադեին-Ռաեւսկի. «Թուրքիայի նախագահը վարվում է Խոջա Նասրեդինի պես. քայլեր է ձեռնարկում տարբեր ուղղություններով». «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 12,2021 10:31

Էրդողանական Թուրքիան արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվում է տարբեր քաղաքական եւ գաղափարական հայացքներով։ Որոշ մասնագետներ նշում են, որ Էրդողանի գործողություններն ուղղված են Օսմանյան կայսրության վերականգնմանը, մյուսները պնդում են, թե Թուրքիան ընթանում է պանիսլամիզմի ուղղությամբ։ ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային-քաղաքական հիմնախնդիրների ավագ գիտաշխատող, Վ. Արծրունու անվան Սեւծով-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաեւսկու կարծիքով՝ նեոօսմանյան ծրագրերի մասին բոլոր խոսակցությունները Ահմեդ Դավութօղլուի կաբինետային գաղափարներն էին, որը եղել է Թուրքիայի ԱԳ նախարարը, ապա նաեւ վարչապետը։ Նա իր բավական մեծածավալ «Ռազմավարական խորություն» աշխատության մեջ փորձել է հիմնավորել Թուրքիայի առաջնորդության գաղափարը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին մաս են կազմել Օսմանյան կայսրությանը։

Նադեին-Ռաեւսկին կարծում է, որ խոսք չի եղել Օսմանյան կայսրության վերականգնման մասին, եւ դա հավանական էլ չի համարում. «Այդ գաղափարն ի սկզբանե կառուցված է ավազի վրա, որովհետեւ այդ տարածքների վրա այսօր մեծամասամբ անկախ արաբական պետություններ են, որոնք լավ են հիշում օսմանյան տիրապետության ժամանակաշրջանը»։

Հիշեցնենք, որ օսմանյան լծի դեմ 19-րդ դարի սկզբին տեղի ունեցավ եգիպտական Մուհամմադ Ալի փաշայի ապստամբությունը։ Նրա բանակը փաստացի հասավ մինչեւ Փոքր Ասիա եւ մտադիր էր գրոհել Ստամբուլը, եթե ռուսական ցարն իր նավատորմի օգնությամբ օգնության չգար։ Իհարկե, ինչպես միշտ, թուրքերը լավ են տիրապետում «շնորհակալ լինելու» արվեստին. 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ նրանք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Սարդինիայի հետ կոալիցիա կազմած կռվեցին Ռուսաստանի դեմ։

Նադեին-Ռաեւսկին նշում է, որ Էրդողանը չի առաջնորդվում միայն նեոօսմանիզմի գաղափարներով։ Թուրքիայի նախագահը վարվում է Խոջա Նասրեդինի պես. քայլեր է ձեռնարկում տարբեր ուղղություններով՝ վստահ լինելով, որ դրանցից որեւէ մեկը կամ մի քանիսը կնպաստեն իր ծրագրերի իրականացմանը։ «Հիմնական գաղափարախոսությունը, որով Էրդողանը եկել է իշխանության, իսլամիզմն է, որն ավանդաբար մերժել եւ չի ընդունել ազգայինը։ Նացիոնալիզմն այդ տիպի գաղափարախոսության համար մշտապես խորթ է համարվել, բայց պետք է նկատենք, որ Էրդողանին հաջողվեց համատեղել այդ երկուսը՝ իսլամիզմն ու նացիոնալիզմը»,- մանրամասնեց թուրքագետը։

Եվ, ի վերջո, էրդողանական Թուրքիայի երրորդ գաղափարական ուղղությունը պանթուրքիզմն է։ Հենց սա է այն ամենագլխավոր գաղափարը, որին հավատացել է Էրդողանը եւ սկսել կյանքի կոչել դրա իրականացումը։ Ի՞նչ է նշանակում «հայկական սեպը» Թուրքիայի համար։ Նադեին-Ռաեւսկին ընդգծում է, որ այն կտրում է «մեծ թուրքական աշխարհը» եւ դրանով իսկ խանգարում «Մեծ Թուրանի» ստեղծմանը ինչպես 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին, այնպես էլ հիմա։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք նոր հնարավորություն տեսան իրենց նպատակին հասնելու համար։

Պատրաստեցին` Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, Մարիամ ԱՎԱԳՅԱՆԸ, Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930