Այլ եղանակ դեռեւս հայտնագործված չէ, սակայն ընտրությունների միջոցով, ինչպես ցույց է տալիս մարդկության փորձը, միշտ չէ, որ ընտրվում են լավագույնները կամ ամենաձեռնհասները, այստեղ սկսում է դեր խաղալ հասուն ու պատասխանատու որոշում կայացնելու գործում ընտրող մեծամասնության պատրաստվածությունը։ Ամբոխավարները, պոպուլիստներն ու անպատասխանատու խոստումներ տվողները, որոնք կարողանում են ազդել այդ մեծամասնության զգացմունքների վրա, հաճախ կարողանում են օրինական ճանապարհով վերցնել իշխանությունը եւ հանրությանը տանել դեպի անդունդ։ Այդպիսի օրինակները շատ են եւ, ցավոք, մենք հիմա գտնվում ենք նմանատիպ իրավիճակում։
Պետության կառավարումը բարդ արվեստ է, իսկ պետական մեքենայի անխափան աշխատանքի համար պահանջվում են լավ պատրաստված, որոշակի դպրոց անցած մարդիկ, որոնք՝ ունենալով համապատասխան կրթություն եւ տիրապետելով երկրի արժեքային համակարգին ու նորմերին, դառնում են պետության կառավարման մեքենայի պտուտակները։ Նման «մեքենայի» առկայությունն է հանրությանը տանում դեպի զարգացում եւ ապահովում արդյունավետ կառավարում։
Այժմ գանք Հայաստանի ներկայիս վիճակին։ «Հեղափոխությունները», «հեղաշրջումներն» ու «ապստամբությունները» մեծ ցնցումներ են ցանկացած պետական կառավարման համակարգի համար: Այդ ցնցումների արդյունքում մարդիկ «փողոցից» հայտնվում են կառավարման համակարգի պատասխանատու օղակներում՝ չունենալով դրա համար անհրաժեշտ մասնագիտական ու բարոյական հատկություններ։ 1988-ից հետո գրեթե մեկ տասնամյակ մեզ վիճակված էր վերապրել այդպիսի ծանր մի փուլ, երկրորդ անգամ այն մեզ այցելեց 2018-ին եւ շարունակում է իր աղետաբեր երթը: Հետանկախական երեսուն տարվա ընթացքում երկու պարբերական ցնցումները պետության համար շատ են, առավել եւս՝ Հայաստանի նման փոքր եւ մեծ մարտահրավերներ ունեցող պետության համար։
Մերօրյա Հայաստանի բազում դժվարություններից մեկը անձեռնհաս եւ դրա արդյունքում նաեւ ինքնահավան ու գոռոզամիտ կադրերի խնդիրն է, որոնք հեղեղել են կառավարման համակարգը։ Անձեռնհասությունը մեր ժամանակների չարորակ գոյացությունն է: Ովքեր այս կամ այն առիթով շփվել են գործող կառավարիչների հետ, սեփական մաշկի վրա զգացել են պետական կադրերի անիրազեկությունը։ Եվս երեսուն տարի սպասել, որպեսզի խելքի բերվի կառավարման մեքենան՝ մենք չենք կարող, իսկ ինչ անել իրավիճակը փոխելու համար՝ նույնպես պարզ չէ, որովհետեւ անձեռնհասությունը բնորոշ է ոչ միայն կառավարման համակարգին, այլեւ ողջ քաղաքական համակարգին, որը վերջնականապես փլուզվեց 2018-ին։
Կարդացեք նաև
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականի խմբագրականը