Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ ոտքով կգամ, թե` ուրիշի ձեռքերի վրա, դուք իրար հետ լավ եղեք»

Նոյեմբեր 12,2021 13:00

44-օրյա պատերազմի նահատակ Մարատ Հակոբջանյան

Շամբամիջյան հրապարակում, որ արցախյան քառօրյայի նահատակ, համայնքի երջանկահիշատակ ղեկավար Մայիս Միրզոյանի անունն է կրում, ինձ դիմավորեց Սիսիան համայնքի Դարբաս-Շամբ գյուղերի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը: Հենց հրապարակում մի քանի տարի առաջ նրա նախաձեռնությամբ մի փոքրիկ պուրակ է հիմնվել, խաչքար է տեղադրվել` արցախյան պատերազմի նահատակներին նվիրված, ձորերեցի նահատակների անուններով 11 անվանական եղեւնի է տնկվել: Ցավոք, նորերը պիտի ավելանան` 44-օրյա պատերազմի ձորերեցի նահատակներ Ժորա Միքայելյանի, Մարատ Հակոբջանյանի, Արմեն Պետրոսյանի անուններով…

Խնդրում եմ Սաշային` միասին գնալ Մարատենց տուն, ինձ հետ կրել այն անտանելի ծանրությունը, որ ամեն անգամ պատում է ինձ` զոհվածի տուն գնալիս, զոհվածի մոր կամ կնոջ հետ զրուցելիս: Սաշան ոչ միայն չի մերժում, այլեւ պատրաստակամորեն միանում է ինձ: Ներողություն եմ խնդրում Մարատ Հակոբջանյանի մորը` տիկին Անահիտին, կնոջը` Գայանեին, որ կրկին ցավեցնում եմ իրենց, փորում եմ նրանց չսպիացող վերքը, ինչին ի պատասխան՝ տիկին Անահիտն ասում է, որ արդեն մեկ տարի 16 օր իրենց արցունքը չի ցամաքում, իրենց վիճակը նույնն է, իրենք ոչ հանգիստ ունեն, ոչ` մխիթարություն, ոչ` սփոփանք:

«Մարատի զոհվելուց մեկ տարի 16 օր է անցել: Օրերն էլ եմ հաշվում, բակ իջնելիս շուրջս եմ նայում` հանկարծ Մարատս մի տեղից դուրս գա, հանկարծ էս ամենը սուտ լինի, հանկարծ նրա ոտքերի թփթփոցը, նրա ձայնը լսեմ: Առաջ մտածում էի, որ մեկ վայրկյան առանց Մարատիս չեմ կարող ապրել: Էլի չեմ կարողանում, զրույցս նրա հետ է, կարոտս նրա հետ է: Նստում եմ տան էս մասում, որտեղից նրա անկյունն ամենալավն է երեւում, նայում եմ նկարներին, զրուցում հետը, արտասվում, երբ չեմ հագենում կարոտից, հեռախոսն եմ թերթում, որտեղ նորից նրա նկարներն են, անընդհատ նայում եմ, նայում, թոռս` Անահիտն ասում է` տատ, հերիք է նայես, տատ, մի նայիր, որ չլացես, բայց չի լինում, չեմ կարողանում… Երբ Մարատը բանակ պիտի գնար, ասացի` տուն ու տեղս կծախեմ, քեզ բանակից կազատեմ, Մարատս ծիծաղեց` ուրեմն երկու տարի դրսում կապրես, բայց ես պիտի ծառայեմ»,- պատմում է Մարատ Հակոբջանյանի մայրը ու հայացքը կրկին որդու նկարներին է, ականջը` նրա ձայնին, ուշքն ու միտքը այն ամենին, ինչը կապված է Մարատի հետ: Իսկ այս տանն ամեն ինչ է նրա հետ կապված, ամեն ինչն է նրան հիշեցնում: Հոկտեմբերի 18-ին պատերազմի դաշտից մորը զանգել-ասել էր՝ բաղուբոստանը հավաքի, մինչեւ ինքը գա… Մայրը հավաստիացրել է, որ հավաքել է, մնում է ինքը գա, մնացածն իր ձեռքով դասավորի… Խոստացել էր, որ երկու օրից գալու է: Բայց` երկու օրից չեկավ, բերեցին… Հոկտեմբերի 20-ին զոհվել էր Մարտակերտի դիրքերում` հորեղբոր որդու` Տիգրան Հակոբջանյանի եւ եւս չորս զինակիցների` Արեգի, Վլադի, Վահագնի, Սամսոնի հետ… ու իրար կողքի էլ հավերժորեն ննջում են Սիսիանի քաջաց պանթեոնում:

Մարատը ծնվել էր երկու քույրերից հետո` 1982 թվի ապրիլի 26-ին, տան հույսն էր, օջախի ծուխը: Ծնողասեր էր, հարգանքով, մեծի տեղն իմացող, փոքրի հարգը գիտցող: Իր երեք երեխաներին էլ էր այդպես դաստիարակում: Կինը` Գայանեն պատմում է, որ հատկապես մեծ տղային` Մարտինին սովորեցնում էր չստել, չխաբել, եթե նույնիսկ վատ բան էր արել դրսում, տանը ճիշտը պատմել:

Շամբի դպրոցն ավարտելուց հետո Մարատը ծառայել էր բանակում, նույն Մարտակերտում, որտեղ էլ հետո պիտի անմահանար` նահատակվելով նրա պաշտպանության համար մղված մարտերում: Զորացրվելուց հետո աշխատել է Երեւանում, «Օջախ» խանութներից մեկում, ամուսնացել, ունեցել երկու զավակ, սակայն 2008-ին վերադարձել է Շամբ, հայրենի տուն, ապրել ծնողների հետ եւ աշխատանքի մտել նորաբաց` Տատնի գործարանում: Սանտեխնիկ էր, սիրված, հարգված աշխատող, նվիրված, գնահատող զավակ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր: Սկզբում հողի աշխատանք չէր սիրում, Երեւանից եկած ջահել տղա էր, չէր «հասկանում հողի լեզուն», բայց երբ 2017-ին հայրը մահացավ, զգաց, որ ոչ միայն տան, ընտանիքի, այլեւ` հողի, բաղուբոստանի, այգու ողջ պատասխանատվությունն իր ուսերին է ընկել, ու կամաց-կամաց կապվեց նաեւ հողին, այգուն, իսկ երբ իր ձեռքերով մշակած բաղ ու բոստանից ստացավ առաջին բերքը, խոստովանեց, որ նոր է հասկանում, թե ինչու էր հայրն այդքան սիրում հողը, այդքան կապված հողին, ու, ինչքան էլ հոգնած լիներ, գործարանում աշխատանքն ավարտելուց հետո շտապում էր այգի, աշխատում հողի վրա, մեծ բավականություն ստանում, գտնում հոգու անդորր, ներդաշնակություն` կյանքի հետ, բնության հետ, իրականության հետ: Գյուղապետից էլ հետաքրքրվել էր իրենց արտի տեղով, որ ցորեն ցանի, իր հացը իր ձեռքով ստանա… Այդ ներդաշնակության արդյունքում էր, որ հոր մահից հետո, զգալով մի մեծ պակաս ու դատարկ, զգալով, որ տան անդամների թիվը նվազել է, առաջացած տարիքում որոշեց երրորդ զավակն ունենալ, եւ ծնվեց նրա Արեգ որդին` արեւի պես լուսավորելով իրենց տունն ու օջախը…

Սաշա Ստեփանյանը պատմում է, որ Մարատի հետ միասին են սովորել Շամբի դպրոցում, 2000-2002 թվականներին միասին ծառայել Մարտունի-Մատաղիսում, 44-օրյա պատերազմ էլ միասին են գնացել. «Բայց Մարատը կարող էր եւ չգալ: Երբ արտակարգ իրավիճակ ու զորահավաք հայտարարվեց, ես գնացի գրանցվելու, բայց ինձ չգրանցեցին, ետ ուղարկեցին` համայնքում զորահավաքի աշխատանքները կազմակերպելու: Եղան մարդիկ, որ ծանուցագրերը չստացան, եղան, որ ստացան, բայց կորոնավիրուսի անվան տակ խուսափեցին, բայց Մարատը վերցրեց ծանուցագիրը, վստահ, որ պիտի մեկնի առաջնագիծ: Երբ մեր բնակավայրերի զորահավաքի տղաներով արդեն շարժվում էինք Սիսիան, Մարատը չկար, մտածեցինք, որ չի գալու, եթե` գար, արդեն պիտի եկած լիներ, ու, առանց նրան սպասելու, գնացինք… Գյուղից բավականին հեռացել էինք, երբ Մարատը զանգահարեց ու ասաց, որ ուշացել է, սպասենք իրեն: Ասացի, ոչինչ, Մարատ, մյուս անգամ կգաս, համառեց, ասաց` անհնարին է, ձեր բակում եմ, Արմենը գալիս է Սիսիան, հետը գալիս եմ… Հետո Արմենը` եղբայրս, պատմել է, որ երբ հասել են կամրջին, մեքենան կանգնեցրել է, Մարատին առաջարկել իջնել, հորդորել է չգնալ, Մարատն իրենն է պնդել, կրկնել, որ անհնարին է, ու միացել է Նորավանի հրետանավորներին եւ պատերազմի երրորդ օրը` սեպտեմբերի 29-ին, որ նաեւ որդու ծննդյան օրն էր, հորեղբոր որդու` Տիգրանի հետ Նորավանի զորամասի կազմում մեկնել Արցախ: Պաշտպանական ողջ շրջանում ամենամեծ առաջադրանքը կատարող երկու մարտկոցներից մեկը Նորավանի զորամասի մարտկոցն էր, որը մոտ 6 հազար արկ է թափել թշնամու վրա, խփել են նշանակետին, ու թշնամին չի կարողացել իրենց խոցել, 16-17 օր համառ կռիվ են տվել թշնամու դեմ, ինչի պատճառով միշտ նրա նշանառության տակ են եղել»,-պատմում է Սաշա Ստեփանյանը, հետո ավելացնում, որ Մարատը երբեք չի խուսափել նաեւ խաղաղ ժամանակներում անցկացվող զորահավաքներից, ակտիվ էր համայնքային կյանքում, երբեք չի խուսափել հանրային աշխատանքից, մեկին մի թթու խոսք չէր ասի, մեկին չէր վնասի, մեկին վատություն չէր անի:

Երբ Մարատը ծանուցագիրը ձեռքը մտել է տուն եւ հայտնել, որ պատերազմ է գնում, կինը հորդորել-խնդրել է չգնալ, որովհետեւ տանն ուրիշ տղամարդ չկա, երեխաներն առանց իրեն չեն կարող, մայրն առողջություն չունի, չի կարողանալու հոգալ տան հոգսերը, բայց Մարատը լսել անգամ չի ուզել կնոջ ու մոր թախանձանքները, բացատրելով, որ իրեն վայել չէ, որ գան-տնից տանեն, երբ ինքը պարտավոր է ինքնակամ գնալ պաշտպանելու իր ընտանիքը, իր երեխաներին, մորը, կնոջը եւ հայրենիքը:

«Ամեն օր խոսել ենք հետը, ամեն անգամ խնդրել եմ վերադառնալ, քանի որ երկու տարեկան Արեգը չէր դիմանում առանց հոր: Իսկ հոկտեմբերի 18-ին էլ, երբ Արեգը գետնից մի քար վերցրեց-դրեց ականջին իբրեւ թե հեռախոս է եւ կանչեց` պապա, էլ չդիմացա, զանգահարեցի եւ խնդրեցի վերադառնալ… ասացի` երեք երեխայի տեր ես, վերադարձիր, սիրտս էլ շատ վատ բաներ էր կանխազգում, ասաց` բա որ ես գամ, մյուսը գա, ո՞վ կռվի թշնամու դեմ, նորից խնդրեցի թողնել-գալ, բա ուրիշները ո՞նց են գալիս, պահանջեց հեռախոսով նման բաներ չխոսել, հետո էլ ասաց` ես իմ ոտքով կգամ, թե` ուրիշի ձեռքերի վրա, դուք իրար հետ լավ եղեք: Ընկերները պատմել են, որ խրամատ փորելիս էլ ասել է` ինձ համար ենք փորում… Չգիտեմ` ինչու էին նման մտքեր համակել իրեն»,- ասում է կինը` Գայանեն ու հավելում, որ հերթափոխ պիտի լիներ, տղաները պիտի գային, մեքենան անսարք էր, պիտի սարքեին ու գիշերով աննկատ դուրս գային, բայց մինչ այդ Մարատը ասել է` երանի մի մեքենա լիներ, գնայի, երեխաներին շատ եմ կարոտել:

Պիտի գային հոկտեմբերի 20-ին: Տղաները մի պահ հոգնած քնել են, սպասելով մեքենայի սարքվելուն, մի քանիսը ցանկացել են սուրճ խմել, Տիգրանը` Մարատի հորեղբոր տղան, խնդրել է մի բաժակ սուրճ էլ Մարատի համար լցնել, մինչեւ գնա նրան արթնացնի: Ու մինչ նրան կարթնացներ, հրթիռը պայթել է, եւ Մարատն ու Տիգրանը զոհվել են նույն պահին` հրազենային հարվածից:

Մարատ Հակոբջանյանի զոհվելուց անցել է 1 տարի 16 օր: Մոր ու կնոջ հետ օրերն են հաշվում նաեւ 14-ամյա դուստը` Անահիտը եւ 13-ամյա որդին` Մարտինը: Կարոտում են, հիշում, Անահիտն ամենից շատ կարոտում է հոր խորհուրդներն ու խրատները, հավաստիացնում իրականացնել հայրիկին տված խոստումը, Մարտինը գիտակցում է, որ տան տղամարդու դերն ու բեռը հայրը «կտակել է» իրեն, ու ժամանակից շուտ մտել է այդ բեռան տակ: Մայրը` 63-ամյա տիկին Անահիտը, ամուսին ու որդի կորցնելուց հետո կուչ է եկել, դարձել մի բուռ, արցունքի ծով, ցավի կծիկ, բայց չի թողնի, որ տան սարքն ու կարգը ծռվի, Մարատն ու Մարտինը կնեղանան, շատ կնեղանան… Կինը` Գայանեն, երնեկ է տալիս, որ վիրավոր գար, մի աչքանի, մի ոտանի, մի թեւանի, բայց` գար, փոշմանում է, որ չի համաձայնել Մարատի` նախորդ տարի քրոջ տղայի հետ Ռուսաստան գնալուն, մտածելով, որ Ռուսաստանի տարածը տարած է:

Իսկ Արեգը… Մեծացել է մեկ տարի 16-օրով… Հայրիկից շատ բան չի հիշում, բայց միշտ հիշելու է, որ ինքը իր հոր լուսավոր երազանքն է` կյանքը շարունակելու, տունը լցնելու, տոհմածառը ճյուղավորելու արեւային երազանքը, Անահիտ տատի ապրելու իմաստը, մխիթարությունը, Մարատ որդու ներկայությունը, Մարատ որդու շարունակությունը: Հրաժեշտին Գայանեն շնորհակալություն հայտնեց մեր այցի, իմ ուշադրության, Մարատին չանտեսելու համար եւ չթաքցրեց, որ մեր նահատակների մասին իմ գրած նյութերը կարդալիս զարմացել է իմ գրչի զորության, համառության, նվիրումի վրա, որ կարողանում է յուրաքանչյուրին ու ամեն մեկին արժանվույնս ներկայացնել-հավերժացնել, ու չի պատկերացրել, որ դա իրենց հետ էլ կպատահի:

Պատահեց… Խոնարհելով իմ գլուխը նրանց մեծ ցավի առաջ, իմ երախտապարտ գրչով հիմա ասում եմ` հավերժ փառք քեզ, Մարատ Հակոբջանյան, հավերժ խոնարհում` քո սգակիր մոր ու կնոջ մեծ սրտի ու մեծ հոգու առաջ, զավակներիդ հորդորում` հպարտորեն կրել հայրենյաց նահատակի զավակը լինելու մեծ ու պատասխանատու առաքինությունը եւ հավերժորեն վառ պահել նրա հիշատակը…

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930