Անդրադարձ Վարսենիկ Ավանյանի բեմական գործունեությանը
Արտիստական համայնքում բոլոր ժամանակներում գերագույն նպատակ է հանդիսացել գլխավոր կերպարով հանդես գալը։ Ասվածը, ընդ որում, իրականություն է ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ դրսում։ Մեզ մոտ այն ավելի սուր է ընկալվում, քանի որ որոշ ճանաչված, ավելին՝ սիրված դերասաններ թույլ չեն տալիս, որ նույն դերի համար պատրաստվի նաեւ մեկ ուրիշը։
Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում աշխարհահռչակ մեցցո սոպրանո Ելենա Օբրազցովան հավաստիացրել էր, որ ինքը երբեւէ հանդես չի եկել ռուսաստանյան պրեմիերաներին, փոխարենը՝ Ֆրանկո Զեֆիրելիի բեմադրություններում, այդ թվում՝ Բիզեի «Կարմեն», Վերդիի «Դոն Կառլոս», Մասկանիի «Գեղջկական պատիվ», առաջինն է բեմ բարձրացել Լա Սկալայից մինչեւ Մետրոպոլիտեն եւ այլ հեղինակավոր թատրոններում՝ հանդես գալով համապատասխանաբար Կարմենի, Էբոլիի, Սանտուցայի դերերգերով։
Օպերային դիվայի հետ հարցազրույցը վերհիշելու առիթ տվեց վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը։ 2007-ից օպերային թատրոնի մեներգչուհին գլխավոր դերերգով հանդես է եկել ընդամենը երկու ներկայացումում՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդում»՝ Փառանձեմ եւ Կարմեն՝ Բիզեի համանուն օպերայում։ Մեզ լուրեր են հասել, որ շրջանառվում են խոսակցություններ, թե վերջին շրջանում «Առավոտը» կարծես դարձել է Վարսենիկ Ավանյանի կենսագիրը։ Իհարկե, կենսագիրը չենք, բայց, այո, հաճախ ենք անդրադարձել երգչուհու գործունեությանը, հատկապես համավարակի, ապա պատերազմի ու դրան հաջորդող ժամանակներից մինչ օրս, քանի որ «պրպտող» երգչուհին դրա համար միշտ առիթներ է ստեղծել։
Կարդացեք նաև
Հիշեցնենք. 2020թ. գարնանը երգչուհին մենահամերգ ունեցավ Մոսկվայի NIKO պատկերասրահում, նույն ժամանակահատվածում միակ հայ երգչուհին էր, որ մասնակցեց, դարձյալ Մոսկվայում, անվանի քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի անվան պատկերասրահում՝ «Մեր ժամանակների երաժշտությունը» փառատոնին, որտեղ երգչուհին հանդես է եկել Ալեքսանդր Հարությունյանի Վոկալիզով, որը կոմպոզիտորը նվիրել էր Զարուհի Դոլուխանյանին։ Եթե ճիշտ ենք հիշում՝ դա ապրիլին էր։ Գուցե ժամանակացույցը այս պահին շփոթենք, բայց վերադարձից հետո մեցցո սոպրանոն 4 մենահամերգ ունեցավ Տավուշի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Ծրագրված էր նաեւ համերգ Աշտարակում, որը զուգադիպեց պատերազմի սկզբի հետ։ Մի շատ կարեւոր հանգամանք եւս. հիշյալ համերգներին երգչուհին ելույթ է ունեցել մեզանում հազվադեպ եւ առաջին անգամ հնչող ստեղծագործությունների մեկնաբանմամբ։
Չենք կարող չանդրադառնալ նրա մեկնաբանմամբ Պուլենկի երաժշտությամբ Ժան Կոկտոյի հանրահայտ «Ձայն մարդկային» մոնոօպերային, որտեղ երգչուհին փայլեց նաեւ դերասանական խաղով։ Փաստորեն շուրջ երկու տարի օպերային երգչուհին կամերային համերգներում մատուցում է, ինչպես նշեցինք՝ հազվադեպ կատարվող եւ առաջին անգամ մեզ մոտ հնչող երկեր։ Թվարկենք նաեւ Բեթհովենի՝ ժողովրդական երգերի մշակումները կամ 20-րդ դարի իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի ժողովրդական երգերի մշակումները (այդ թվում՝ իտալական, ամերիկյան, ֆրանսիական, հայկական եւ այլն), որ հեղինակը նվիրել է իր տիկնոջը՝ մեր հայրենակից, հռչակավոր մեցցո սոպրանո Քեթի Բերբերյանին։ Ընդ որում, այս շարքը երգչուհին 2020թ. ներկայացրել էր Մոսկվայում՝ Ֆիլիպ Չիժեվսկիի ղեկավարությամբ, Questa musica նվագախմբի ընկերակցությամբ, նաեւ մեկնաբանել էր Գարսիա Լորկայի խոսքերով գրված Մանսուրյանի երեք ռոմանսները…
Ինչպես ասում են՝ այս երկար-բարակ նախերգանքից հետո անդրադառնանք Կամերային երաժշտության տանը կայացած երգչուհու մենահամերգին։ Նրան ընկերակցում էր հանդիսատեսին ծանոթ երաժիշտներից կազմված տրիոն՝ դաշնակահար Ելենա Վարդազարյան, ջութակահար Արամ Ասատրյան, թավջութակահար Գառնիկ Ենգիբարյան, որ նաեւ հանդես եկավ մենանվագով. Բեթհովենի սոնատներից op. 57 թիվ 23։ Նվագակցում էր նաեւ կիթառահար Նիկոլայ Տեր-Հովհաննիսյանը։ Երեկոյի հատուկ հյուրն էր մոսկվաբնակ դաշնակահար Կարինե Պողոսբեկովան, որը մասնակցել է նաեւ մեր երգչուհու մոսկովյան համերգներին։
Երեկոյից հետո զրույցում երգչուհին համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե այն կարծես 2020-21թթ. Ռուսաստանում եւ Հայաստանում ներկայացրած իր ծրագրերի ամփոփումն էր։ «Աշնանային երկխոսություն» խորագրով երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչեցին Մոնտեվերդիի եւ Շարտպանտիեյի բարոկո ոճի ստեղծագործություններից եւ ինչպես նշել էինք՝ Մանսուրյանի, Բերիոյի եւ բեթհովենյան մշակումներից։
Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե օպերային դերերգերի պակասը լրացնում է՝ իրականացնելով կամերային երեկոներ, Վարսենիկ Ավանյանը հորդորեց շատ լուրջ վերաբերվել կամերային երեկոներին, հետո էլ մանրամասնեց. «Կամերային երաժշտության ոլորտում ինչ նախագիծ որ իրականացնում եմ, վարակվել եմ մեծանուն Զարուհի Դոլուխանյանից, ում մոտ վարպետության դասեր եմ առել։ Հավանաբար գիտեք, որ նա այն երգչուհին էր, որ խորհրդային տարիներին եթե ոչ առաջինը, գոնե առաջիններից մեկը հնչեցրեց Պրոկոֆեւի, Շոստակովիչի, Շչեդրինի, Թարիվերդիեւի, Մետների եւ այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք հալածվում էին իրենց գաղափարների համար»։
Իսկ թե ինչու իրեն չենք տեսնում Կարմենի դերում, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Ընթացիկ թատերաշրջանի սկզբից թատրոնի նոր ղեկավարությունը ձեռնամուխ է եղել օպերաների ու բալետների վերականգնմանը, արդեն ներկայացրել են «Աիդա» օպերան, «Սպարտակ» բալետը։ Հավանաբար հերթը կհասնի նաեւ մեր իրականությունում մեկ- երկու երաժշտական թատրոնի ռեժիսորներից մեկի՝ Արմեն Մելիքսեթյանի «Կարմենին»։ Ընդ որում, թատրոնի նախկին ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մեզ հավաստիացրել էր, որ թատրոնի խաղացանկում միաժամանակ համերաշխ «կապրեն» եւ Արմեն Մելիքսեթյանի, եւ Նաիրե Ստեփանյանի «Կարմենները», թեպետ, մեր տեղեկություններով՝ նման երեւույթ աշխարհում չկա։ Մի ոչ պակաս կարեւոր հանգամանք. Վարսենիկ Ավանյանը Կարմենի դերերգը պատրաստել է Սանկտ Պետերբուրգում, երջանկահիշատակ Ելենա Օբրազցովայի ղեկավարությամբ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2021