Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ղարաբաղը չեն կարող իրենց նոր փորձություններ ու սխալ հաշվարկներ թույլ տալ. «Սպիտակ թուղթ»

Նոյեմբեր 12,2021 13:30

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանի կառավարությունը պետք է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անի՝ խուսափելու համար ռազմական գործողությունների վերսկսումից

Ինչ ՉՊԵՏՔ Է անել

Ա. Կառավարությունն իր դիվանագիտական խոսույթում չպետք է հիմնվի ռեֆլեքսային եւ հակազդական (reactive) քաղաքականությունների ու հռետորաբանության վրա։ Պետության դիվանագիտական հնարավորությունները չեն կարող սահմանափակվել ռեֆլեքսային հակառակությամբ ու թշնամական հռետորաբանությամբ, ինչը որոշ քաղաքական ուժեր ցուցաբերում են Հայաստանի չորս հարեւաններից երկուսի, նույնիսկ երեքի նկատմամբ. հռետորաբանություն, որը հեշտությամբ շփոթվում է քաղաքականության կամ ռազմավարության հետ։

Բ. Կառավարությունը չպետք է շփոթի լոբբինգը դիվանագիտության հետ, կամ ենթարկվի լոբբիստական չափանիշների ու նպատակների ազդեցությանը։ Դիվանագիտությունը մեծ ու փոքր ազգերի շահերի հետապնդումն է միջազգային ասպարեզում։ Լոբբինգը սփյուռքյան համայնքային կազմակերպությունների գործն է. նրանք պետք է պահպանեն ընդունող երկրների օրենքներն ու կանոնները, չեն կարող շատ հեռանալ այդ երկրների շահերից, ինչպես նաեւ ենթարկվում են ներհամայնքային մրցակցությունների ու տեղական նկատառումների։ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի ու պետության անվտանգության շահերը չեն կարող ստորադասվել լոբբիստական կազմակերպությունների պահանջներին։

Գ. Նմանապես, կառավարությունը եւ քաղաքական ուժերը չպետք է ազգային օրակարգը շփոթեն պետության օրակարգի հետ։ «Ազգը» ներառում է բոլոր հայերին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում, ինչ վարչակարգերի ու կառավարությունների ներքո են ապրում։ Պետությունը տարածքայնորեն սահմանված միավորում է՝ հստակ սահմանված բնակչությամբ, որի անվտանգության ու բարեկեցության համար պետությունը պատասխանատու է միջազգային իրավունքներով ու պարտականություններով։ Պետությունն ունի կառավարություն, որը պատասխանատու է իր ժողովրդի առջեւ եւ նրա համար։ Պետության ու ժողովրդի, որի համար այդ պետությունը պատասխանատու է, կենսական շահերը չպետք է թուլացվեն, նույնիսկ՝ տապալվեն, փորձելով դա հաճելի դարձնել սփյուռքյան համայնքներին։

Դ. Կառավարությունը պետք է դիմադրի իր ներկայիս դիվանագիտությունը այնպիսի փաստարկների վրա հիմնելու գայթակղությանը, որոնց նպատակն է ապացուցել, որ Ադրբեջանն այս պատերազմը հաղթեց անարդարորեն, ինչը հավասարազոր է պարտության արդարացման ու կարեկցանք մուրալու վրա հիմնված դիվանագիտության։ Այլ երկրների կառավարությունները Հայաստանի կառավարությունից ավելի լավ գիտեն Թուրքիայի ու իսլամական ջիհադիստների կողմից Ադրբեջանին տրամադրված օգնության մասին։ Այդ փաստերը Ադրբեջանի հաղթանակը պակաս կարեւոր, իսկ Հայաստանի պարտությունը պակաս շոշափելի չեն դարձնում։

Ե. Կառավարությունը չպետք է մտածի, որ արտաքին քաղաքականության նպատակը Ադրբեջանի եւ Թուրքիայի հայտարարություններում ու գործողություններում սխալներ գտնելն ու դրանք գովազդելն է, կամ արտաքին քաղաքականությունը նման ցուցակների վրա հիմնելը։ Փոխարենը, կառավարությունը պետք է հաշվի առնի այս երկու երկրների բոլոր հայտարարություններն ու գործողությունները, եւ հասկանա Թուրքիայի ու Ադրբեջանի ողջ բարդ ու երբեմն հակասական քաղաքականությունները, որպեսզի բաց չթողնի դիվանագիտության միջոցով հիմնախնդիրներ քննարկելու եւ թերեւս նաեւ լուծելու հնարավորությունները։

Զ. Հայ դիվանագիտությունը պետք է խուսափի եւ զգուշանա մեծ տերությունների կողմից՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած Հայաստանի ներկայիս խնդիրների որեւէ հնարավոր գործիքավորումից (instrumentalization)։ Այլ կառավարությունները չունեն մշտական «ընկերներ» ու «թշնամիներ»։ Այդպիսի գործիքավորումները, ըստ սահմանման, հնարավոր են այլ երկրների շահերի ժամանակավոր համընկնումների պատճառով, եւ, հետեւաբար, ցանկացած ժամանակ ենթակա են փոփոխման ու հետշրջման։ Նման գործիքավորման իրական օգտակարությունը կարող է շատ քիչ լինել, սակայն բացասական հետեւանքները կարող են շատ ավելի նշանակալի լինել։

Է. Հայաստանի կառավարությունը չպետք է այլ կառավարություններին դերեր վերագրի, որոնք այդ երկրները չեն կարող ստանձնել, եւ որոնք նրանք, իրականում, չեն ստանձնել ու հստակեցրել են, որ չեն էլ ստանձնելու։ Եվ իր դիվանագետներին չպետք է այնպիսի հանձնարարություններ տա, որոնք անհնար է իրագործել։

Ը. Հայաստանը չպետք է ապավինի իր որեւէ թշնամի երկրի «մոտալուտ անկմանը» կամ որեւէ հակառակորդ առաջնորդի՝ իշխանությունից հեռացմանը կամ պարտությանը։ Նույնիսկ իրենց ամենաթույլ վիճակում, Հայաստանի շուրջը գտնվող երկրների մեծ մասը, որ կարեւոր են, ավելի ուժեղ են, քան Հայաստանը։

Թ. Կառավարությունը պետք է խուսափի հակառակորդ պետությունների եւ կառավարությունների նվաստացմանն ապավինելուց. որպես մի գործիք, որպեսզի ավելի ժողովրդավար եւ մարդու իրավունքների նկատմամբ ավելի մեծ հարգանք ունեցող պետություն երեւա։ Լավագույն դեպքում սրանք պարզապես շեղող երեւույթներ են, որոնք թվում է, թե քողարկում են իրական քաղաքական նպատակների կամ ռազմավարության բացակայությունը։

Ժ. Կառավարությունը եւ քաղաքական առաջնորդները չպետք է պատրանքայնությունը շփոթեն քաղաքական երեւակայության կամ հեռանկարային ծրագրի հետ։ Առաջինը բնորոշվում է իրականության հետ որեւէ առնչության բացակայությամբ, երկրորդը հիմնված է հասանելի, իրատեսական նպատակների եւ այնպիսի մեթոդների վրա, որոնք դեռեւս չեն օգտագործվել կամ դրանց մասին չեն մտածել։

Ի. Կառավարությունը չպետք է ենթադրի, որ այն, ինչ վատ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, Հայաստանի ու Ղարաբաղի համար լավ է, կամ այն, ինչ լավ է նրանց համար, անհրաժեշտաբար վատ է հայկական կողմի համար։

Լ. Կառավարությունն ու քաղաքական առաջնորդները պետք է գիտակցեն, որ կարգախոսները, վեհ նպատակների հռչակումն ու բարոյական արժեքները ճանապարհային քարտեզ չեն հանդիսանում՝ երկարաժամկետ, նպատակաուղղված վերականգնման համար։

Խ. Կառավարությունը չպետք է պետական հաստատությունների ու գերատեսչությունների վրա դնի պատասխանատվություններ ու նպատակներ, որոնց նրանք չեն կարող հասնել, որպեսզի ցույց տա, որ հավակնում է վեհ ծրագրերի եւ գաղափարների:

Ծ. Հաշվի առնելով Հայաստանի զինված ուժերի ներկայիս վիճակը, Հայաստանի կառավարությունը պետք է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անի՝ խուսափելու համար ռազմական գործողությունների վերսկսումից. անկախ երկարաժամկետ հեռանկարում որդեգրված նպատակներից։ Հայաստանն ու Ղարաբաղը չեն կարող իրենց նոր փորձություններ ու սխալ հաշվարկներ թույլ տալ։

Շարունակելի


«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները


ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
11.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930