ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով նոյեմբերի 10-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։
Մասնավորապես, Երևանում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 45 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է գերբեռնված երթևեկության 2 դեպք․ 4 խախտում վերաբերել է տաքսամոտորային փոխադրման ժամանակ վարորդի և ուղևորի կողմից դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատի երթակարգավարական կետում կատարվել է 21 դիտարկում։ Դիտարկումների արդյունքում առանց դիմակի 3 ուղևոր իջեցվել է տրանսպորտային միջոցներից, նրանց նկատմամբ ևս կազմվել են արձանագրություններ։
Կարդացեք նաև
Հայտնաբերված մեկ այլ խախտման դեպքում տրանսպորտային միջոցներից մեկում ախտահանիչ հեղուկը եղել է ոչ պատշաճ տեղում։ Խախտումը տեղում վերացվել է, մնացած բոլոր փոխադրամիջոցներում հակահամաճարակային նորմերի և կանոնների խախտումներ չեն հայտնաբերվել։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին