Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեկտորի պաշտոնակատարը պարգեւատրել է իրեն՝ առավոտից երեկո աշխատելու համար

Նոյեմբեր 11,2021 19:01

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցողները: Դիմումներ ներկայացնելու ժամկետը մինչեւ դեկտեմբերի 1-ն է: Օգոստոս ամսից ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը, իսկ բուհի խորհրդի նախագահն, ի դեպ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է:

Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ պաշտոնակատար դառնալուն պես, սեպտեմբեր ամսին Աշոտ Խոյեցյանն ինքն իրեն պարգեւատրել է աշխատավարձի 50 տոկոսի չափով, նույն չափով լրավճարներ են ստացել ռեկտորի ռեֆերենտ Նունե Վարդանյանը, հաշվապահ Սուսաննա Հարությունյանը, վարորդ Գուրգեն Հակոբյանը եւ տնտեսական վարչության պետ Վլադիմիր Մշեցյանը: Ըստ մեր աղբյուրի, հոկտեմբեր ամսին ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոյեցյանը նաեւ իր իսկ հրամանով մեկանգամյա լրավճար է սահմանել հենց իր համար՝ արդեն մեկ ամսվա աշխատավարձի չափով:

Ի դեպ, բուհի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր է նշանակվել ռեկտորի պաշտոնակատարի որդու՝ Վլադիմիր Խոյեցյանի մտերիմ ընկեր Վահե Կիրակոսյանը, որը չունի գիտական աստիճան ու կոչում:

Հիշեցնենք, որ կրտսեր Խոյեցյանի ու Վահե Կիրակոսյանի անունը կապվում է Պոլիտեխնիկի վիրտուալ-սկանդալի հետ, որի շրջանակում 2015թ խուզարկություն էր կատարվել Պոլիտեխնիկի այն ժամանակվա տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախկին վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի եւ նրա տեղակալ Վահե Կիրակոսյանի բնակարաններում՝ Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ վիրտուալ սկանդալի գործի շրջանակներում:

Aravot.am-ին նաեւ փոխանցել էին, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իր ուղիղ պարտականությունները 0,5 դրույթ համատեղությամբ դրել է ՀՀԿ-ական շրջանակներից հայտնի Հասմիկ Սարգսյանի վրա, որը մեկ դրույքով բուհի արհմիության նախագահն է, միաժամանակ դասախոս, նաև գլխավոր խորհրդական, մինչդեռ Աշխատանքային օրենսգրքով միեւնույն անձը միաժամանակ չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՊՄՀ-ից: «Աշխատավարձի 50 տոկոսի չափով պարգևավճար, այո, ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոյեցյանը ստացել է, դա եղել է այն ժամանակահատվածում, երբ երեք պրոռեկտորի պաշտոն թափուր է եղել և ինքն է իրականացրել բոլոր գործառույթները՝ աշխատելով առավոտյան 8․30-ից մինչև ուշ երեկո, նաև շաբաթ և կիրակի օրերին։ Մնացածը կեղծիք է, հերյուրանք։

Ինչ վերաբերում է Հասմիկ Սարգսյանին, ապա նա արհմիության ղեկավարն է։ Սակայն այդ կառույցը համալսարանի ստորաբաժանումը չէ, իսկ տիկին Սարգսյանը 0․5 դրույք դոցենտի պաշտոն է զբաղեցնում Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնում և 0․5 դրույքով ռեկտորի խորհրդական է, ոչ թե գլխավոր խորհրդական։ Նման հաստիք գոյություն չունի»,-գրավոր փոխանցեցին ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ինչ վերաբերում է Աշոտ Խոյեցյանին, նրա անունն էլ մինչեւ վերջերս շրջանառվում էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի խճճված պատմության համատեքստում. ԵՊՀ դեկան Մարատ Գրիգորյանը, նրա երկու տեղակալներն ու ամբիոնի վարիչները բաց նամակում գրել էին. «Մենք զարմացած ենք, որ գրագողերին աջակցող, նրանց խումբը գլխավորող Աշոտ Խոյեցյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930