Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիս-Կապան ճանապարհի որեւէ հատված անգամ խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում չէ, հենց այդ պատճառով էր ճանապարհը այդպես կառուցվել. Գեղամ Նազարյան

Նոյեմբեր 11,2021 17:21

Մեզ ծաղրում են ոչ միայն Ադրբեջանում, այլ ամբողջ աշխարհում ու այդ ամենի պատճառը գործող վարչախումբն է, որը քաղցկեղի նման կպավ մեր երկրին. այս տեսակետն այսօր խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրատապ քննարկում էր հրավիրել՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երեկ երեկոյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու:

Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է՝ Գորիս-Կապան ճանապարհի որեւէ հատված անգամ խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում չէ եւ հենց այդ պատճառով էր ճանապարհը այդպես կառուցվել։ «Եթե նույնիսկ Գորիս-Կապան ճանապարհի «իքս» կիլոմետրը Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան սահմանով ադրբեջանական հանրապետության տարածքում է, ապա միջնորդներով եւ նույնիսկ առանց միջնորդների, հնարավոր էր այդ ճանապարհը ամբողջապես պահել մեր հսկողության տակ։ Սա ուղղակի բացթողում չէ, շատ ավելի խորը խնդիր է, մեծ է դավաճանությունը»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ ճանապարհը ադրբեջանական որեւէ բնակավայր մեկ այլի հետ չի կապում: «Այդ ճանապարհն իրենց որեւէ կերպ պետք չէ։ Ադրբեջանի համար այդ ճանապարհն իրականում ոչինչ է, բայց ունի մի կարեւոր նշանակություն՝ այդ ճանապարհով Իրանը կապվում է Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին»,-ասաց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ճանապարհը ետ կբերի եւ այս հարցում միջազգային հանրությունը մեր կողքը կկանգնի, եթե, իհարկե, մի գլխավոր խնդիր լուծվի՝ Հայաստանում հաստատվեն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահն սպասարկող իշխանություններ»:

Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ պատահական չի համարում, որ ադրբեջանական մաքսակետի տեղակայման մասին հայտարարությանը զուգահեռ եղավ ՀՀ կառավարությունից հայտարարություն, որ Տաթեւ-Աղավնո ճանապարհն ասֆալտապատված է: «Այդ բարձր, ոլորապատ ճանապարհը ներկայացնում են, որպես այլընտրանքային ճանապարհ։ Եթե այդ ճանապարհը լիներ այլընտրանքային, ապա բեռնափոխադրումների, ուղեւորափոխադրումների մի մասը կլիներ այդ ճանապարհով։ Նրանք, ովքեր այդ ճանապարհով երթեւեկել են, կփաստեն, որ այդ ճանապարհը շատ գեղեցիկ, բայց էքստրեմալ է։ Ես այնտեղ գնում եմ ջիփինգի, որովհետեւ դա ադրենալին է բարձրացնում: Չեմ պատկերացնում, թե այդ ադրենալինային ճանապարհով վարորդներն ինչպե՞ս են բեռ բարձրացնելու»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիմնավոր կասկածներ ունի, որ ամենը սահմանազատված եւ սահմանագծված է, այլապես ՀՀ իշխանությունն այդ տարածքը չէր անվանի ադրբեջանական.

«Այն, ինչ միջազգային հարթակներում կոչվում են վիճելի տարածքներ, մեր իշխանությունը որպես բարի կամքի դրսեւորում եւ խաղաղության դարաշրջանի առհավատչյա, կամ ինչ-որ փաստաթղթի հիման վրա, կամ բանավոր պայմանավորվածությամբ նվիրել է Ադրբեջանին։ Ես չեմ զարմանա, որ եթե այս ամենը խորանա այնքան, որ այն ադրբեջանցիները, որոնք ժամանակին ապրել են Կապանում, Մեղրիում, Ամասիայում, Գուգարքում, վերադառնան եւ պահանջեն իրենց տները, որ օրինակ՝ Ամասիայում 30 տարի ապրել է հայկական ընտանիք, որտեղ դրանից առաջ ապրել է ադրբեջանցի, պահանջեն նաեւ վնասի փոխհատուցում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930