Աշխարհում հազիվ թե գտնվի մեկը, որը լսած չլինի «Ռադիո-Երեւանի» զվարճալի անեկդոտների մասին: Տասնյակ սերունդներ, հատկապես տարեցները, ունկնդիր են եղել դրանց, որոնք տասնամյակներ շարունակ վերապատմվել եւ մեզ են փոխանցվել:
Չեմ կարծում, որ չափազանցություն լինի ասել, թե «Ռադիո-Երեւան»-ը իր երգիծական գայթակղիչ պատումներով ամենանշանավորներից է եղել նախկին Խորհրդային Միությունում եւ նույնիսկ՝ նրա փլուզումից հետո: Եվ չնայած իր երեւակայական բնույթին՝ «Ռադիո-Երեւան»-ը ավտորիտար ռեժիմին դիմակայելու կարեւոր միջոց էր։ Ծիծաղն օգնում էր հասարակ մարդկանց ազատվել հիասթափությունից ու անելանելի վիճակից, ավելի հեշտությամբ ընդդիմանալ «երկաթե վարագույրի» հետեւում թաքնված դժվարին կենսապայմաններին:
Բանավոր հնարքների անվերջանալի շարքի սկիզբը միշտ նույնն էր՝ «Ռադիո Երեւան»-ին տրվեց…» կամ «Հարց ռադիո Երեւանին…»:
Կատակները հիմնականում քաղաքական բնույթ էին կրում, իսկ պատասխանները հաճախ սկսվում էին՝ «Սկզբունքորեն, այո…» արտահայտությամբ, միեւնույն ժամանակ, պատասխանը պետք է լիներ սրամիտ՝ ընդհուպ՝ անհեթեթության աստիճանի։ Որքան անսովոր, այնքան՝ զվարճալի: Պատասխանը, իհարկե, պետք է պարունակեր խորհրդային կյանքի իրականության վերաբերյալ երգիծանքի զգալի չափաբաժին։ Այդ անեկդոտները շաղախված էին հակախորհրդային քարոզչությամբ՝ նպատակ ունենալով նպաստելու ԽՍՀՄ քաղաքական ռեժիմի խարխլմանը։
«Ռադիո-Երեւան»-ի հումորի հիմքում հիմնականում արտացոլված են հայերի ազգային առանձնահատկությունները, լեռնցու առոգանությունն ու հնարամտությունը, հայրենասիրությունը, մրցակցությունը հարեւան ժողովուրդների հետ, մյուս կողմից՝ այդ անեկդոտներում ներկայացվում էին խորհրդային քաղաքացին եւ թերահավատ կոմունիստական վարչակազմը, որը կրում էր սննդի եւ հիմնական ապրանքատեսակների պակասի բարդույթը: Եվ դա պատահական չէ՛ր: Խորհրդային համակարգում ապրողները լավ գիտակցում էին, որ ԽՍՀՄ-ում ամեն բան վերահսկվում է՝ մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, գրականությունը, արվեստը, մշակույթը: Մի խոսքով՝ հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները խորհրդային մամլիչի տակ էին: Հատկապես մամուլի բնագավառում աշխատողները լավ կհիշեն, որ առանց գլավլիտի վերահսկողության ու հավանության չէր կարող լույս տեսնել որեւէ հոդված կամ գիրք: «Ռադիո-Երեւան»-ը, սակայն, խորհրդային ռեժիմի օրոք չէր դադարում հերոսաբար սփռել իր սրամիտ ու անբռնազբոս անեկդոտները:
Իսկ ահա Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, սրամիտները միշտ փայփայել են «Ծիծաղի պատ» կառուցելու ինքնաբուխ գաղափարը։ Մի անգամ գյումրեցի երիտասարդները այսպիսի միտք են առաջ քաշել. «Գերմանիայում՝ նախկինում Բեռլինի պատն էր, Չինաստանում՝ չինական մեծ պարիսպը, Իսրայելում՝ Լացի պատը, իսկ Հայաստանում ծիծաղի պատ է պետք կառուցել»…
«Ռադիո-Երեւան»-ի անեկդոտները հայտնի էին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ աշխարհի շատ երկրներում։ Դրանք թարգմանաբար լույս են տեսել մի շարք լեզուներով: Ուրախությամբ պիտի նշել, որ վերջերս Բելգրադում սերբերենով լույս է տեսել «Զապորոժեցը Արարատի գագաթին» գիրքը, որում տեղ են գտել «Ռադիո-Երեւան»-ի հանրահայտ անեկդոտներն ու զվարճապատումները: Գիրքը տպագրության է պատրաստել սերբ ճանաչված աֆորիզմագիր, գրող Ալեքսանդր Չոտրիչը: Նա Սերբիայի խորհրդարանի պատգամավոր է, Սերբիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահը: Չոտրիչը երկու անգամ եղել է Հայաստանում, մասնակցել նաեւ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին առնչվող միջոցառումներին: Այդ այցելությունները զգալիորեն նպաստել են վերոհիշյալ գրքի լույսընծայմանը:
«Երկաթե վարագույրից՝ մինչ ծիծաղի պատ» վերնագիրը կրող առաջաբանում նա մանրամասնորեն ներկայացնում է հանրահայտ «Ռադիո-Երեւան»-ի պատմությունը, խոսում հումորի հանդեպ հայերի սրամտության ու տաղանդի մասին: Անդրադառնում է հատկապես խորհրդային տարիներին ստեղծված անեկդոտներին, որոնք առավելապես քաղաքական բնույթ էին կրում եւ որոնց տարածումը քրեորեն պատժելի էր համարվում: Չոտրիչի խնդրանքով, տողերիս հեղինակը խոսք է գրել, որը տեղադրված է գրքում: Դրվատելի է, որ սերբ աֆորիզմագիրը բարեկամ ժողովրդին է ներկայացրել հայոց հումորն ու զվարճախոսությունը: Այդ գրքում սերբ ընթերցողը, անշուշտ, հոգեհարազատ շատ բան կգտնի՝ դրանք համեմատելով սերբական անեկդոտների հետ:
Գիրքը գրական մի նոր կամուրջ է, որով ավելի զորեղ են դառնում աշխարհագրորեն հեռու, բայց հոգեհարազատ հայերն ու սերբերը:
Ալեքսանդր Չոտրիչի աֆորիզմներից
Հիմար չեմ, որ գրական լեզվով գրեմ: Այդ դեպքում ինձ կկարդան ընդամենը մի քանի հարյուր հոգի։
Այդ դասականը ծանրաոճ գրականություն է ստեղծում: Դրա համար էլ նրա գրքերը վաճառվում են կիլոգրամներով:
Իմ գրքերը վերջաբաններ չունեն, այդ պատճառով էլ գրախոսողները կարդալուց հետո մնում են առանց մեկնաբանությունների:
Թթվածնի ատոմները մանրուք են, որոնք, սակայն, կյանք են խորհրդանշում:
Որոշ թռչուններ երբեք չե՛ն թռչում: Որովհետեւ հավի ուղեղ ունեն։
Իմ թուլություններն ավելի հզոր են ինձնից:
Դժվար է աֆորիզմ գրելը, առավել դժվար՝ վերապատմելը:
Հոդվածը եւ թարգմանությունները սերբերենից՝
Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.11.2021