Վանաձորում ավագանու ընտրությունների քարոզարշավը տրվեց այսօր: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քարոզարշավի առաջին օրը սկսեց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության 2016-2021թթ. հաշվետվության ներկայացումով:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր խոսքում առաջին հերթին շնորհակալություն հայտնեց կուսակցության ավագանու անդամներին՝ նախորդ 5 տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ տարիները որակելով բարդ ու դժվար տարիներ. «Այդ 5 տարիների ընթացքում թիմն անցել է բավականին ցնցումների մեջով: Եկեք չմոռանանք, թե ի՞նչ պայմաններով է Վանաձորի քաղաքապետի ընտրություններն անցել, ինչպե՞ս է Վանաձորւմ քաղաքապետ ընտրվել: Եվ այդ 5 տարիների ընթացքում մեր ավագանու թիմն անդադար կռիվ տալով քաղաքում տարատեսակ ապօրինությունների դեմ, ըստ էության նաեւ իր հանրային ռեսուրսն է դրա վրա դրել: Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ որ քաղաքացին ավագանուն դիմել է տարբեր հարցերով, ավագանին կռիվ է տվել այդ ապօրինության դեմն առնելու համար, բայց ապօրինությունները շարունակել են իրականացնել: Հիմա եւ՛ դիմողներն են մնացել չբավարարված, որովհետեւ դիմել են, որ այդ ապօրինությունը վերացվի, եւ՛ նրանք, ովքեր, որ այդ ապօրինությունն անում են եւ ուզում են շարունակել: Եվ դրա համար շատ դժվար է եղել, ես գնահատում եմ այդ աշխատանքը»:
Այս անգամ կուսակցության Վանաձոր խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է: Վերջինս չցանկացավ մանրամասն ներկայացնել, թե նախընտրական ծրագրում ինչ կետեր են ներառված, միայն առանձնացրեց ամենակարեւորներից մեկը. «Մենք պատրաստ ենք նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի ներգրավվենք մեր Սփյուռքի հայրենակիցներին, զարգացնենք մեր տնտեսությունը, նոր համակարգեր ներմուծենք, որպեսզի մենք համայնքում ավելի բարեկարգ տեսք ապահովենք»:
Կուսակցության ավագանու կազմում ներկայացված են ինչպես գործող ավագանիներ, այնպես էլ նոր մարդիկ. «Մենք սրանով ցույց ենք տալիս, որ մեր թիմը սերնդափոխության ու նոր մարդկանց ներգրավելու կողմնակից է: Եվ բնականաբար փորձառու, բանիմաց, քաղաքին նվիրված մարդիկ անընդհատ ներառվելու են մեր թիմում՝ իրենց ներդրումն ու ուժն օգտագործելու համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջի