ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 2022 որակավորման խմբային փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ասաց, որ Հայաստանի հավաքականը լավ ճանաչում է Հյուսիսային Մակեդոնիային, նրանք էլ մեզ են լավ ճանաչում: «Մի քանի անգամ հանդիպել ենք: Լավ թիմ է: Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ: Իհարկե, դժվար է նվաճել աշխարհի առաջնության ուղեգիրը: Բայց քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչեւ վերջ»,-ասաց մարզիչը:
Հարցին, թե ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներից ոմանք՝ Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, նաեւ Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում քիչ խաղաժամանակ են ստանում, հետեւաբար, դա արդյո՞ք վաղը չի ազդի լավ հանդես գալու վրա, իսպանացի մասնագետը պատասխանեց. «Ոչ, այդ գործոնը չի կարող բացասական անդրադառնալ թիմի խաղի վրա: Բացի այդ, համաձայն չեմ, որ Հենոն խաղային պրակտիկայի պակաս ունի:
Կարդացեք նաև
Նա խաղում է եւ իր թիմում մարզումների մակարդակը շատ բարձր է: Ճանաչելով Հենրիխին եւ իմանալով այն պրոֆեսիոնալիզմը, որ ունի, կարող եմ ասել, որ նա չի թուլանում: Նույնը՝ Տիգրանի մասին: Նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում ունեցել է խաղային պրակտիկա: Իսկ պարտադրված հանգիստը կարող էր նրա մարզավիճակի վրա լավ անդրադառնալ»:
Ասուլիսից հետո Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ