Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Վանաձոր, Շահումյան, Գուգարք եւ Դարպաս համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Խոշորացման արդյունքում կստեղծվի եւս մեկ խոշորացված փունջ՝ Վանաձոր կենտրոնով:
Այսօրվանից Վանաձորում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում են 10-ը քաղաքական ուժեր: Թիվ 23 ՏԸՀ նախագահ Տիգրան Պապանյանն Aravot.am- հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը հանձնաժողով որեւէ քաղաքական ուժ չի դիմել խնդրի հետ կապված. «Երբ որ լիազոր ներկայացուցիչները գալիս էին վկայականներ ստանալու, բոլորին զգուշացրել եմ, որ օրենքը չխախտեն: Ասել ենք, որ հասարակական տրանսպորտում, առեւտրի կազմակերպություններում, որ օրենքով արգելված է չփորձեն պաստառներ փակցնեն: Միեւնույնն է հանելու ենք, հետո էլ պատժվելու են»:
Տիգրան Պապանյանը տեղեկացրեց նաեւ, որ Վանաձորում առկա են նաեւ վճարովի տարածքներ, որոնց վիճակահանությունը տեղի է ունեցել ԿԸՀ-ում. «Կայքում տեղադրված է, թե որ կուսակցությանը ինչքան է հասնում: Բայց կան կուսակցություններ, որ չեն չուզում, կուսակցություն կա, որ 15 հատ է ուզել, բայց 10 հատ են տվել: Դա վիճակահանությունով է եղել»:
Հիշեցնենք, որ այս ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն եւ 1 դաշինք, դրանք են՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» , «Ապրելու երկիր» , «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական», «Բարգավաճ Հայաստանը»,«Հայրենիք» եւ «Կոմունիստական» կուսակցությունները, ինչպես նաեւ «Ասլանյան» դաշինքը:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ