Տեղեկացրել ենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ՝ Արթուր Հակոբյանին ու ապօրինի շինարարության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին։
ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք ձերբակալվել էին քաղաքացուց 2000 դոլար կաշառք պահանջելու ու կաշառք վերցնելու քրգործի շրջանակում․ Գյումրու համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը բնակչին նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալման անձանց պահպանման վայրում գտնվելիս՝ այս պաշտոնյաների մարմնի արտաքին զննության ժամանակ նկատվել են մարմնական վնասվածքներ՝ սպիներ ու վերքեր մարմնի բազմաթիվ հատվածներում․ որովայնի, աջ ու ձախ սրունքների, գլխի ծոծրակային հատվածում։
Կարդացեք նաև
Ձերբակալված պաշտոնյաները վնասվածքների վերաբերյալ ոչինչ չեն հայտնել։
Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում երեկվանից սկսել են նյութեր նախապատրաստել։
Հիշեցնենք, որ Aravot.am-ը որոշակի մանրամասներ էր ներկայացրել մասնավորապես Հովհաննես Գևորգյանի ձերբակալումից։
Գրել էինք, որ ԱԱԾ-ի գործողությունները սկսվել են ամսի 26-ին, ժամը 13․00-ի սահմաններում․ սկզբում բերման էին ենթարկել անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին ու վարորդին։ Հովհաննես Գևորգյանը ծառայողական մեքենայով շարժվել է Նորավան թաղամասից, ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, բացել դռները ու ականատեսների պատմելով՝ բառի իսկական իմաստով նրան ու վարորդին ծեփել ասֆալտին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ