ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ
Նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
Նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։
Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։
ՀՀ ԱԳՆ