Այսօր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա նորանշանակ տեղակալը՝ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզի պաշտոնյաներին՝ մարզպետարանի աշխատակազմին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, համայնքապետերին ներկայացրեցին Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին։
Նախարարը շնորհավորեց Շիրակի նորանշանակ մարզպետին՝ նշելով, որ նրան բոլորը ծանոթ են, նա՝ որպես պատգամավոր քաջատեղյակ է մարզի խնդիրներին, հետևողական է եղել դրանց լուծմանը։
Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետին՝ ներկաներին տեղեկացնելով, որ Հովհաննես Հարությունյանն արդեն իր տեղակալն է։
Կարդացեք նաև
Նախարարը շնորհավորեց նաև ՏԻՄ մարմինների օրը՝ նշելով, որ առաջին անգամ 1986 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։
Ըստ նախարարի, ՏԻՄ համակարգը չափազանց կարևոր կառույց է, որտեղ բնակիչները բարձրաձայնում են առաջնային խնդիրները, շատ դեպքերում լուծում են գտնում և դրանք ավելի վերև՝ պատկան մարմիններին չեն հասնում։
Հովհաննես Հարությունյանն էլ, դիմելով պաշտոնական իրադարձության մասնակիցներին, իր հերթին նշեց, որ հետպատերազմյան շրջանում նրանց հետ համագործակցելով ՝ շատ խնդիրների լուծում է տրվել, իսկ այն, ինչը չի ստացվել, իր գործընկեր տիկին մարզպետը կիրականացնի մեծ պատվով։
Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետի պաշտոնը համարեց պատվաբեր, պատասխանատու։ Նա ասաց, որ ինքը 12-րդ մարզպետն է, Շիրակի 2-րդ կին մարզպետն է։
«Վստահեցնում եմ՝ չնայած այն թյուր կարծիքին, որ կանանց ուսերը փխրուն են, գիտակցաբար մտել եմ այս բեռի տակ և հետևողական աշխատանքով հնարավորություն կունենամ մարզի բնակչությանը, ձեզ ներկայացնել աշխատանք և պարզճակատ ներկայանալ հանրությանը»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ