Ռուսաստանը կարևոր է համարում հնարավորինս արագ վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք այցերը Ղարաբաղ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն ունի»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրենք կարևոր են համարում «եռյակի» գծով ջանքերի շարունակումը, առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած մարդասիրական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համատեքստում:
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը սատարում է 3+3 ձևաչափով տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ եկել է ժամանակը գործնականում դրա մեկնարկը տալու:
«Մենք ելնում ենք նրանից, որ 3+3 ձևաչափը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիից հակասական հայտարարություններ են հնչում այդ հարթակում իրենց մասնակցության վերաբերյալ: Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի սեփական դիրքորոշումն ունենալ այդ հարցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ