Օտարերկրյա այն կազմակերպությունների էլեկտրոնային՝ համացանցով մատուցվող ծառայությունները, որոնք ՀՀ-ում չունեն մշտական ներկայացուցչություն, կհարկվեն։ Ինչպես այսօր հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի զեկուցման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, խոսքը ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկման մասին է․ «Նպատակ ունենք ապահովելու պետբյուջեում պատշաճ ստացումները։ Որպեսզի որոշենք՝ ծառայությունը ՀՀ-ում մատուցվո՞ւմ է, թե ոչ, մի քանի չափանիշ կա՝ տեղակայման պաշտոնական հասցե, հեռախոսահամարի եւ IP-ի պատկանելիություն եւ այլն։ Այդ ընկերությունները պետք է գրանցվեն ՊԵԿ-ում եւ եռամսյակը մեկ ԱԱՀ վճարեն։ Արդեն բանակցել ենք այդ ընկերություններից շատերի հետ։ Համաձայնել են գրանցվել եւ հարկ վճարել»։
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ երբ անձն, օրինակ, «Amazon»-ից ապրանք է պատվիրում, որ այստեղ վաճառի, հարկումն իրեն էլ է վերաբերո՞ւմ։ Բադասյանը տեղեկացրեց, որ այս նախագիծը համացանցով ապրանքներ վաճառողներին չի վերաբերում․ «Երբ էլեկտրոնային հարթակներով առեւտուր են անում, ապրանքը ֆիզիկապես փոխադրում են։ Տվյալ դեպքում էլեկտորնային հարթակը պատվեր անելու միջոց է, ուստի ֆիզիկական անձանց վրա այս նախագիծը չի անդրադառնում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ