2021թ.նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան գյուղում տեղի ունեցան «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հանրային լսումները: Նախորդ լսումները տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Լոռի Բերդ համայնքում:
Լսումներն անցան կոնֆլիկտային մթնոլորտում: Գյուղի բնակիչները ընկերությունից պահանջել էին ներկայացնել, թե ինչպիսի ռիսկեր, վտանգներ կարող է բերել ՀԷԿ-ի կառուցումն ու շահագործումը, ինչպիսի փոխհատուցում է տրվելու այդ վնասների համար՝ շեշտելով, որ բնակիչները ոլորտի մասնագետներ չեն և մանրակրկիտ պարզաբանման կարիք ունեն:
Ի պատասխան՝ «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն արձագանքեց, որ վնաս է պատճառվելու միայն ջրերի քանակի նվազման տեսքով, և ռիսկի նվազեցման համար նախատեսում են իրականացնել սեզոնային ջրառ: Իր հերթին «Էկոգրուպ» ընկերության ներկայացուցիչ Տարոն Նավասարդյանը նշեց, որ այդ հարցերի պատասխաններն իրենք տալու են ՇՄԱԳ հայտում, որը դեռ պատրաստ չէ:
Կարդացեք նաև
«Էկոգրուպ» կազմակերպության տնօրեն Արթուր Մինասյանը նշեց, որ փոխհատուցում կլինի և կրելու է շարունակական բնույթ: «Բնապահպանական առումով դեռ չկան դիտարկումներ, չկա վերջնական աշխատանքային նախագիծ: Երբ այն լինի, ամենը կճշգրտվի, կներկայացնենք ձեզ և Շրջակա միջավայրի նախարարությանը»,- նշեց նա:
«Էներգո ՀԷԿ Շին» և «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ների ղեկավար Սամվել Հունանյանն էլ խոստացավ Կուրթան համայնքում 40 միլիոն դոլար ներդրել ամենատարբեր ծրագրերի իրականացման համար:
Պարզաբանմամբ հանդես եկավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ նշելով ՀԷԿ-երի աշխատանքի հետ կապված ռիսկերն ու վտանգները, ինչպես նաև օրենսդրական կարգավորման կետերը: Մասնավորապես, նա նշեց, որ այս ՀԷԿ-ը ներկայացվում է որպես փոքր ՀԷԿ, սակայն 26,7 Մվտ հզորությունը պետք է համարվի միջին հզորության ՀԷԿ, որն ունի ավելի մեծ ռիսկեր ու վտանգներ շրջակա միջավայրի համար: Մյուս խնդիրն այն է, որ ՓՀԷԿ-երի շահագործման ընթացքում վթարների 80%-ը տեղի է ունենում ջրատար խողովակների վրա, որոնք անցնելու են նաև Ստեփանավան, Վարդաբլուր, Ամրակից և Լոռիբերդ համայնքների տարածքով: Եվ վնաս կարող է հասցվել նաև այս բոլոր համայնքներին:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ուղիղ հարցադրումով դիմեց ընկերության ներկայացուցիչներին.«Սեփականատերը պետք է կոնկրետ մատնանշի, թե ինչ վնաս կարող է լինել այս գործունեության արդյունքում, ինչ ռիսկեր կան և ինչպես են այդ ռիսկերը չեզոքացվելու»:
Կուրթանի բնակիչ, ակտիվիստ Վահե Խաչիկյանը բարձրացրեց հանրային լսմանը գյուղի կանանց մասնակցության հարցը.«Ստացվում է, որ այստեղ տղամարդիկ որոշում են հարցեր, որոնք ազդում են նաև գյուղի կանանց վրա»,- ասաց նա:
Հանրային լսման մասնակիցներից մի քանիսը ճնշում գործադրեցին քաղհասարակության ներկայացուցիչների վրա: Սկսեցին քաշքել Օլեգ Դուլգարյանին՝ ասելով.«Դու ով ես, լռիր, դու մեր գյուղից չես, դուրս արի, հեռացիր…Կուրթանեցիներ, եթե իմ ապագան ամերիկյան գրանտ ուտողները պետք է որոշեն, եթե պետք է դրսի մարդը որոշի, հասարակական կազմակերպությունները պետք է խոսեն, ուրեմն ժողովը իզուր է… Սա նշանակում է որ հոկտեմբերյանցին գա Կուրթան, իր բերք-մթերքի հարց լուծի… Այս հարցը պետք է լուծվի միայն համայնքի մեջ»: Ինգա Զարաֆյանին էլ ասացին.«Ո՞վ ես, որ ամեն տեղ քեզ տեսնում ենք, երևի շատ փող ես ստանում դրա համար, գնա այստեղից… Երկիրը քանդում ես»: Հանրային լսումը լուսաբանող լրագողների նկատմամբ նույնպես ճնշումներ էին գործադրում, ինչպես նաև ասում, թե վերջինները պետական մտածողությունից զուրկ են: Այս ամենն ուղեկցվում էր գոռգոռոցով, ագրեսիվ վարքագծով:
Ստեղծված իրավիճակում գյուղացիների մեծ մասն ընդհանրապես չկարողացավ արտահայտվել:
Մենք՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում են՝
1.«Լոռիբերդ» ՓՀԷԿ-ը չի կարող կառուցվել Ձորագետ գետի վրա, քանի որ ՀՀ կառավարության 2021թ-ի ապրիլի 8-ի 488-Ն որոշման համաձայն Ձորագետը մեկն է այն 25 գետերից, որոնց վրա այս որոշմամբ արգելվում է փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Շրջակա միջավայրի նախարարությունն ընդհանրապես պետք է մերժի փորձաքննել այս ՓՀԷԿ-ի ՇՄԱԳ հայտը հիմք ընդունելով հենց այս որոշումը, որը հենց Շրջակա միջավայրի նախարարությունն է մշակել:
2.Սուր կոնֆլիկտային իրավիճակի և առկա ճնշումների պարագայում անհնար է պարզել Կուրթան գյուղի բնակչության կողմնորոշումը «Լոռիբերդ» ՀԷԿ-ի կառուցման կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ տվյալ լսման միջոցով:
3.Վարդաբլուր, Գյուլագարակ, Ամրակից գյուղի բնակիչներն ահազանգում են, որ նրանց ավելի մեծ չափի վնաս կարող է հասցվել, սակայն իրենց կարծիքը չեն հարցնում և հանրային լսում իրենց գյուղերում չեն կազմակերպել, ինչը, հաշվի առնելով նախագծի ռիսկերը, պարտադիր էր: Բնակիչները նաև ահազանգել են հասարակական կազմակերպություններին, որ իրենք արդեն իսկ բախվում են ջրային պակասուրդի հետ, ինչը տարեցտարի խորանում է կլիմայի փոփոխության և գետի ջրհոսքի շարունակական նվազման պայմաններում: Երբ Օլեգ Դուլգարյանը բարձրաձայնեց այս խնդիրը հանրային լսման ժամանակ, արձագանք եղավ, թե «…Հայաստանը էլեկտրաէներգիա է գնում Վրաստանից, իսկ դուք այստեղ ջրի խոնավությունից եք խոսում…»:
4.Այս նախագիծը կարող է բացասաբար անդրադառնալ գյուղերում նոր զարգացում ապրող տուրիստական գործունեության վրա, որը հիմնված է յուրահատուկ լանդշաֆտների, բնակլիմայակայան բարենպաստ պայմանների և պատմամշակութային ժառանգության վրա:
5.Ընկերության ներկայացուցիչները չպատասխանեցին գյուղացիների պահանջին՝ մանրակրկտորեն ներկայացնել ՀԷԿ-ի կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր վտանգներն ու ռիսկերը և դրանք չեզոքացնելու իրենց մոտեցումները:
6.Համայնքի բնակիչները իրազեկվածության ցածր մակարդակ ունեն հիդրոէներգետիկայի ոլորտի կարգավորման օրենսդրական պահանջների մասին:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021թ-ի ապրիլի 8-ի 488-Ն որոշումը, բնակչության իրազեկվածության ցածր մակարդակն ու հանրային լսումների կոնֆլիկտային և ճնշող մթնոլորտը՝ կոչ ենք անում հրաժարվել «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծից և չեղյալ համարել Կուրթանում 2021թ.նոյեմբերի 8-ին անցկացված հանրային լսումները:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ,
նախագահ Ինգա Զարաֆյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ,
նախագահ Օլեգ Դուլգարյան