Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նատիա Նացվլիշվիլիին՝ Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի և առավել կամրապնդվի:
Նատիա Նացվլիշվիլին նշել է, որ հաճելի է աշխատել մի երկրում, որի հետ ՄԱԶԾ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի:
Կարդացեք նաև
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Նատիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել համագործակցության ուղղությունների շուրջ:
Ընդգծելով, որ յուրաքանչյուր փոխգործակցություն պետք է միտված լինի ապագային՝ նախագահ Սարգսյանը կարևորել է մեր երկրի համար մեծ ներուժ ունեցող ոլորտների զարգացումը: «Հայաստանի նման երկրները պետք է կենտրոնանան պետության հետագա զարգացման համար լոկոմոտիվ հանդիսացող ոլորտների վրա»,- նշել է նա՝ մասնավորապես առանձնացնելով գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների բնագավառները:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ճիշտ թիրախավորված ծրագրերի իրականացումն իրապես մեծ ազդեցություն կունենա երկրի զարգացման համար, ինչպես նաև կարևորել են հետագա արդյունավետ փոխգործակցությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ