Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների հարաբերություններում: Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում:
Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցին: Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետեւանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, կան նաեւ վիրավորներ:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը:
ԱԺ