Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ եթե պարոն Փաշինյանին թվում է, որ մենք կարող ենք լինել այն երկիրը, որը բերելու է Ադրբեջանին ու Թուրքիային ժողովրդավարություն, ապա դա թյուրիմացություն է». Արթուր Մարտիրոսյան

Նոյեմբեր 10,2021 17:26

«Պարոն վարչապետն ասել է՝ խաղաղության դարաշրջան, ճանապարհները բացվում են, և մենք զարգանում ենք: Թուրքիան ու Ադրբեջանն ասում են՝ դուք ուզում եք զարգանալ, ուզում եք խաղաղություն մեզ հետ ու հարկադրում, պարտադրում են, որ մենք ընդունենք իրենց ցանկացած տարբերակները»,- հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք ուղիղ բանակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ առանց երրորդ կողմի միջնորդության, «Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույցի ընթացքում պատասխանեց Բոստոնում գործող CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ բանակցություններ միշտ հնարավոր են, անգամ եթե ճգնաժամային իրավիճակում ես, բայց այս դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը բանակցում են ուժեղ դիրքերից:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Թուրքիայի կողմից դրական ազդակներ են նկատվում, Արթուր Մարտիրոսյանն ասաց. «Երբ ասում են դրական ազդակներ ենք ստանում Թուրքիայից, ես այստեղ հարց ունեմ՝ ինչի՞ մասին են այդ ազդակները: Ի՞նչ եք ուզում լսել Թուրքիայի կողմից: Թուրքիան միշտ ունեցել է մեկ այլ հարց, որը վերաբերում է մեր ինքնությանը՝ ցեղասպանության հարցին: Եթե դու պատրաստ ես այդտեղ էլ գնալ զիջումների, այո, ինչո՞ւ ոչ, կարող ես ասել՝ շատ հաջող բանակցություններ անցկացրի: Դու կարող ես դուրս գալ մամուլի ասուլիսի ու ասել, որ թուրքական կողմը ցավ է ապրում, որ նման իրադարձություններ են եղել, ներողություն, որ եղել են, բայց անցյալում է, փակեցինք, գնում ենք դեպի պայծառ ապագա և հավերժ խաղաղություն: Քսան տարի հետո մեր երեխաները հայտնվելու են ավելի ծանր իրավիճակում»:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստել է. «Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ, այո, դրական են ազդակները: Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ համաձայն են, որ ճանապարհը լինի Սյունիքով մեր վերահսկողության տակ: Ինքը պարզապես ստեց, որովհետև բացում ենք այդ հայտարարության 9-րդ կետը, վերջին նախադասությամբ գրված է՝ ՌԴ ФСБ-ն կվերահսկի այդ ճանապարհները: Իհարկե, պարոն վարչապետը կարող է ասել՝ ի՞նչ տարբերություն, հիմա էլ սահմանները վերահսկում են ռուսական ուժերը, սակայն տարբերությունը նա է, որ դու ավելի տարածք ես տալիս քո ինքիշխանությունից, որտեղ այլ երկիրը ստանում է հնարավորություն ազդել քո շատ կարևոր հարցերի վրա: Դու ինքնուրույն այդ որոշումներն ընդունել չես կարող, քանի որ քեզ վրա կա այդ ճնշումը: Մենք անգամ չգիտենք՝ Պուտինի դարաշրջանի ավարտից հետո ՌԴ-ում ինչ է տեղի ունենալու»:

Նա փաստեց՝ մենք չունենք ժողովրդավար Ադրբեջան ու Թուրքիա: Ու դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց. «Նույնիսկ, եթե պարոն Փաշինյանին թվում է, որ մենք կարող ենք լինել այն երկիրը, որը բերելու է Ադրբեջանին ու Թուրքիային ժողովրդավարություն, և ժողովրդավարությունն անխուսափելի է, ապա դա թյուրիմացություն է: Մենք երկար տարիներ դեռ պիտի ունենանք հարևաններ, որոնք թշնամական են տրամադրված ՀՀ-ի դեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930