«A» սերիայի 12-րդ տուրում «Վենեցիայի» հետ նախախաղային ասուլիսի ժամանակ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Retesport» ռադիոկայանի լրագրող Մարկո Յուրիչին հիմար է անվանել՝ այդպես վիրավորելով նաեւ լրատվամիջոցը, որը նա ներկայացնում է:
Ի պատասխան անպարկեշտ պահվածքի, Հռոմի լրատվամիջոցը համերաշխություն է արտահայտել իր լրագրողին: Ավելին, դադարեցվել է ասուլիսի հեռարձակումը եւ որոշվել այսուհետեւ բոյկոտել պորտուգալացու մամուլի ասուլիսները:
Բանն այն է, որ Մոուրինիոյի վերադարձի հետ կապված էյֆորիան մարել է, եւ մարզիչը անհաջող մեկնարկից հետո հայտնվել է ուժեղ ճնշման տակ: Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին յոթ հանդիպումներում «գայլերը» կրել են չորս պարտություն, երկու անգամ ոչ-ոքի են խաղացել եւ հաղթել են ընդամենը մեկ անգամ: Եվ «առանձնահատուկը», ինչպես եւ սպասվում էր, մեղավորներ է փնտրում այլ տեղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ