Լրահոս
Օրվա լրահոսը

«5 կամ 10 000 դրամանոց տուգանքի համար վարչական մարմինը վերադաս դատարան է դիմում»․ Վարդեւանյանի առաջարկը միանշանակ չընդունվեց

Նոյեմբեր 10,2021 16:52

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանի հեղինակած՝ «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծով առաջարկվում է բեռնաթափել վարչական դատարանի ծանրաբեռված աշխատանքը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պատգամավորը նշեց, որ կարգավորման տիրույթում վարչական մարմինների կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված տուգանքների որոշումներն են․ «Տուգանքները հաճախ վերածվում են ինքնանպատակ գործունեության, որովհետեւ դրանց մի ստվար զանգված հետագայում վարչական դատարանում բողոքների քննության արդյունքում ճանաչվում է անվավեր։ Երբ վարչական մարմինը ստանում է այդ որոշումը, մեծ անհանդուրժողականություն է ցուցաբերում եւ դիմում վերադաս դատարան՝ այդ թվում 5 կամ 10 000 դրամ տուգանքների գործերով։ Այն ռեսուրսը, որը ծախսվում է նման բողոքները քննելու վրա, արդարացված չէ։ Վերաքննության եւ վճռաբեկության իրավունքը մարդունն է, իսկ վարչական մարմինն ունի լիազորություններ։ Առաջարկում ենք, որ վարչական մարմինը միայն մեկ դատական ատյանով ունենա հարցի դիտարկման հնարավորություն։ 500 000 դրամը գերազանցվելու դեպքում միայն կարող են օգտվել վերաքննության եւ վճռաբեկության իրավունքից։ Եկեք փոխենք այս մշակույթը, բարձրացնենք վարչարարության որակը եւ բեռնաթափենք վարչական դատարանը»։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ խնդիրն իսկապես կա, բայց առաջարկվող լուծումն իրականում դրա հետ առնչություն չունի։ Նա առաջարկեց այս տեսքով նախագծի քննարկումը հետաձգել։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանն էլ պնդեց նույնը՝ կարծիք հայտնելով, որ սահմանված շեմը կարծես «առաստաղին նայելով» գրված լինի։

«Առաջին ատյանի դատարանը կարծես վերածվում է վճռաբեկ դատարանի, բացի այդ՝ առաջարկված շեմը վերանայելու կարիք կա»,-իր հերթին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով օրինագծի վերաբերյալ կառավարության բացասական տեսակետը։ Նա նշեց, որ այս նախագծով եռաստիճան դատական համակարգի դեֆորմացիայի ռիսկ կա․ «Վարչական մարմնի բողոքարկման իրավունքի սահմանափակումը կարող է խաթարել վճռաբեկ դատարանի՝ որպես բարձրագույն դատական իշխանության մարմնի՝ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթը։ Կարող է ստեղծվել իրավիճակ, երբ վարչական դատարանի կողմից ձեւավորվի սխալ դատական պրակտիկա, իսկ վճռաբեկը զրկված լինի իր գործառույթը կատարելուց։ Բացի այդ, դատավարության կողմերի հավասարության սկզբունքը կխախտվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930