«Մեղսակիցները չեն կարող քննել պատերազմում տեղի ունեցած հանցագործությունները: Պարտության խոսնակ, հազար տեր փոխած, իր իսկ ասածները բազմիցս հերքած, սուտ տարածելու մեջ լավագույնը Արծրուն Հովհաննիսյանին այդ գործընթացին ներգրավելը ցինիզմի գագաթնակետն է: Ոնց որ Չիկատիլոյին ներգրավվես կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելող հանձնաժողովի կազմում»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ, իշխանությունն այդ հանձնաժողովը ստեղծելով փորձում է գտնել ու մեղավորներ նշանակել, ամենայն հավանականությամբ՝ բանակի շրջանում:
Ըստ բանախոսի, քանի որ ընդդիմությունը չունի իշխանական լծակներ՝ ուժային կառույցներ, քննչական մարմիններ, ուստի քննիչ հանձնաժողով ստեղծելու մեխանիզմը ընդդիմության համար է գործիք: Մինչդեռ այդ գործիքը կիրառում է իշխանությունը, ինչը անհասկանալի է՝ նրա տիրապետած լծակների պարագայում: «Եթե առկա են հազարից ավելի քրեական գործեր, ինչի՞ համար պետք է իշխանությունը եւս մեկ ինստիտուտ հիմնի: Դա ինձ համար անհասկանալի է: Սրանով իշխանությունը փորձելու է իր վրայից գցել մեղքը, որը չի հաջողվելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր խմբակցությունները քննարկում են քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու հնարավորությունը: Միաժամանակ, ըստ նրա, այդ հանձնաժողովում հայտնի են դառնալու փաստեր, որոնք շատ արժեքավոր են լինելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ