Կառավարության հեղինակած՝ «Հանրային ծառայության մասին օրենքում» փոփոխությունների նախագծով սահմանվում է, որ կստեղծվի սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ, որի նպատակն է՝ զարգացնել ՀՀ-սփյուռք գործակցությունը, ապահովել համայնքային ներուժի նպատակային օգտագործումը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցեց, որ հանձնակատարները նշանակվելու են գլխավոր հանձնակատարի առաջարկով եւ վարչապետի որոշմամբ՝ այլ երկրներում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվելու եւ տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն, աջակցելու են սփյուռքի հետ գործակցության աշխատանքներին։ «Այսպիսով, հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողություններն ընլայնվելու են, եւ սա պետբյուջեի համար լրացուցիչ ծախսեր չի ենթադրում։ Սա դիվանագիտական պաշտոն չէ։ Այդ անձինք սփյուռքում իրագործելու են ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Լինելու են համայնքի կողմից ճանաչված մարդիկ»,- տեղեկացրեց Սինանյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը նկատեց՝ եթե անձը չի վարձատրվելու, ինչպե՞ս եք նրանից որեւէ բան պահանջելու․ «Ձեր գրասենյակն այս ընթացքում ինչո՞ւ չունեցավ համապատասխան կարողություն։ Նոր եք բախվե՞լ այս խնդրին»։
Զարեհ Սինանյանը չհամաձայնեց, թե չվարձատրվելը ենթադրում է անպատասխանատվություն․ «Միայն այն, որ վարչապետն է նշանակում, մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Հիմա է արվում, որովհետեւ սա շարունակական աշխատանք է։ Ակնկալում ենք, որ մեր գրասենյակի աշխատանքը սփյուռքի համայնքներում կտրուկ բարելավվելու է։ Սրա կարիքը մեծ է եւ ծագել է մեր երկու տարվա աշխատանքի փորձի հիման վրա»։
Կարդացեք նաև
Ապա «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հարցրեց՝ խորհրդականի կարգավիճակ ունեցողն ինչպե՞ս կարող է լինել հանձնակատար, երբ առաջինը խորհրդատու է, իսկ երկրորդը՝ լիազորված պաշտոնյա եւ հանձնարարություն կատարող․ «Բացի այդ, վարչապետի լիազորություններից եւ գործունեության բովանդակությունից բխո՞ւմ է նման նշանակումներ անելը»։
Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Տրվելու են հանձնարարականներ, որոնք պետք է կատարվեն։ Կարգավիճակը ճկուն է, եւ մենք հպարտ ենք դրանով: Իսկ լիազորությունները երեւի թե իրավաբանները պետք է քննարկեն»։
Աղվան Վարդանյանը նաեւ նկատեց, որ իր նախորդ խոսքում Զարեհ Սինանյանը նշել էր, թե հայկական սփյուռքը 7-10 միլիոն է․ հստակություն կա՞։ Սինանյանը նախ նշեց, որ որոշները համշենահայերին, իսլամ ընդունած հայերին եւ ջավախահայերին համարում են սփյուռք, ոմանք էլ ոչ, ուստի թիվը տատանվում է։
Ինչ վերաբերում է հանձնակատարների կարգավիճակին, Աղվան Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետի պաշտոնի բովանդակությունն է ցածրացվում։ Սինանյանը պատասխանեց․ «Նման հայտարարությամբ նսեմացնում եք սփյուռքի կարգավիճակը։ Նշանակում է՝ սփյուռքն այնքան անարժան է, որ վարչապետն է հանձնակատար նշանակո՞ւմ։ Համաձայն չեմ»։
Աղվան Վարդանյանն իր հերթին ասաց․ «Հորինեցիք, թե ես թերագնահատում եմ սփյուռքի դերը եւ սխալ, աբսուրդ գնահատական տվեցիք։ Որեւէ մեկը ձեզ իրավունք չի տվել նման եզրակացություն անել։ Կամ, որ ասում եք, թե նախկինում ինչ ենք հաջողել Սփյուռքի հարցում, թե ձախողել ենք․․․գիտեք, նախկինի մասին քաղաքական ղեկավարության ասածը բառացի կրկնելը գուցե դրվատելի է դպրոցականի դեպքում, բայց գալ ու սփյուռքի հետ աշխատանքը համեմատել եւ զրոյական կետից սկսել, դա եւս աբսուրդ է։ Դո՞ւք ինչ եք արել այս երեք տարում սփյուռքի դերակատարության համար։ Ձեր նախորդ պատկերացումները սփյուռքի մասին շատ կասկածելի են, ինչպե՞ս եք որոշումներ կայացնելու»։
Աղվան Վարդանյանը նաեւ կասկած հայտնեց, որ վարչապետի կողմից հանձնակատար նշանակվելը մրցակցության կբերի, որովհետեւ նախկինում եղել են դեպքեր, երբ, օրինակ, ներդրումներ կատարած անձինք նշանակվել են հյուպատոսներ։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հորդորեց առանց վիրավորանքի եւ զրպարտության խոսել։
Ապա արձագանքի իր հերթին Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Սովետական ֆիլմում ասվում է, որ восток дело тонкое…հիմա՝ диаспора еще тоньше…իրոք բարդ է, բայց մենք ճկուն լուծումներ կառաջարկենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ