Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ինքդ լինես քո սեփական մոտիվացիան». ԵՊՀ ուսանող, ուժային եռամարտի աշխարհի մեծ գավաթի չեմպիոն Վահրամ Պողոսյան

Նոյեմբեր 10,2021 16:04

Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկած ուժային եռամարտի աշխարհի մեծ գավաթի առաջնությունում երիտասարդների մեջ 67.5 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Վահրամ Պողոսյանը:

Չեմպիոնի հետ զրուցել ենք սպորտային կյանքի առանձնահատկությունների, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում սովորելու և սպորտն ու ուսումը համատեղելու մասին:

– Վահրա՛մ, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ուժային եռամարտով, քանի՞ տարի է, որ զբաղվում եք այս սպորտաձևով:

– Դեռ մանկուց զբաղվել եմ տարբեր սպորտաձևերով: 16 տարեկանում որոշեցի զբաղվել բազկամարտով, հետո ցանկացա ուժերս փորձել նաև ուժային եռամարտի սպորտաձևում, քանի որ ունեի բոլոր անհրաժեշտ տվյալները:

Արդյունքում արդեն 3 տարի է, ինչ պրոֆեսիոնալ զբաղվում եմ ուժային եռամարտով:

Ի՞նչ է փոխել ուժային եռամարտը Ձեր կյանքում:

Ուժային եռամարտն ինձ ավելի նպատակասլաց և կոորդինացված է դարձրել:

Ձեր կարծիքով, ի՞նչ է պետք մարդուն չեմպիոն դառնալու համար:

– Դրա համար նախևառաջ պետք է հստակ նպատակներ ունենալ:

Առանց նպատակի մարդը չի կարող ոչ մի բանի հասնել:

Երկրորդ կարևոր պայմանն այն է, որ մարդը պետք է սկսի ուղիներ փնտրել այդ նպատակին հասնելու համար, նշանակում է՝ ամեն օր պետք է աշխատել, հետևել սննդակարգին՝ նախընտրելով առողջ սնունդ, ունենալով հստակ ռեժիմ, ջանք ու եռանդ չխնայել նպատակին հասնելու համար:

Երբ ուրիշներն իրենց ժամանակը վատնում են, դու այդ ընթացքում քո առջև նպատակ ես դնում և փորձում այն իրագործել:

Այդ ժամանակ արդեն էական չէ, թե երբ այն կիրագործվի, կարևորն այն է, որ դու դառնում ես քո սեփական մոտիվացիան:

Հայ ո՞ր մարզիկն է Ձեզ ամենից շատ ոգեշնչում:

– Հայ մարզիկներից ինձ ոգեշնչել է իմ մարզիչը՝ Հայկ Բաբուրյանը, որը զբաղվել է ծանրամարտով:

Այժմ նա ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս է:

Նա ինձ համար մարզիկի փայլուն օրինակ է, որի դավանած մարդկային արժեքները, մտածելակերպն ու վարվելակերպն ինձ ոգեշնչել են:

Որպես մարզիկ և որպես մարդ՝ ես իրեն եմ պարտական:

ԵՊՀ-ում սովորելու զուգահեռ ես սովորում եմ նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որտեղ մենք ունենք հստակ օրակարգ և կարողանում ենք ամեն ինչ հասցնել:

– Ինչո՞ւ որոշեցիք ընդունվել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ:

– Դպրոցական տարիներից տարված էի աշխարհագրությամբ, սիրում էի ուսումնասիրել երկրների տուրիստական կենտրոններն ու նրանց տնտեսությունը:

Նաև հաճախ արշավների գնալով Հայաստանի տարբեր վայրեր՝ հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալու հայրենի բնությանը, որն էլ պատճառ դարձավ իմ մասնագիտության ընտրության համար:

– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն ուսանողներին, որոնք նույնպես սպորտով են զբաղվում և ցանկություն ունեն հետագայում չեմպիոն դառնալ:

– Սպորտով զբաղվող ուսանողներին խորհուրդ կտամ իրենց առջև հստակ նպատակ դնել ու փոքր քայլերով փորձել դրան հասնել:

Երբեք չհուսահատվել, եթե ինչ-որ բան չի ստացվում, մոտիվացիան փնտրել միայն սեփական անձում, ունենալ հավատ, որ, այո՛, դու կդառնաս այն մարզիկ, որի մասին երազել ես:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930