Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանրային դեմքն ասում է՝ լավ եմ անում՝ դիմակ չեմ կրում եւ չի պատժվում, ինչո՞ւ պետք է քաղաքացին բաց տարածքում կրի ու պատասխանատվության ենթարկվի». Սամվել Խարազյան

Նոյեմբեր 10,2021 16:08

«Երեխաների մեծ մասի մոտ կորոնավիրուսն ընթանում է միջին ծանրության եւ ծանր, 120–ից ավել ինֆեկցված հղիներ ունենք: Շրջանառվում է դելտա մուտացիան, որը որքան շատ շրջանառվի՝ այնքան մուտացիաների է ենթարկվում ու ավելի ծանր հետեւանքներ թողնում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված ասուլիսում ասաց Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյանը: Նա մտահոգիչ համարեց, որ Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշներով հատել է կարմիր գիծը:

Հասմիկ Ղազինյան

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ձախողվում մեր երկրում COVID-19-ի դեմ պայքարը, տիկին Ղազինյանն ասաց՝ ցանկացած վարակիչ հիվանդություն սիրում է լավ իրազեկում. «Գուցե մենք քիչ թե շատ թերանում ենք իրազեկել հանրությանը: Պետք է 24 ժամ իրազեկել, եւ դա պետք է անել հանրապետություն լավագույն մասնագետների միջոցով: Իրազեկված լինելը բավականին լուրջ առաջընթաց է ապահովում ազգաբնակչության համար: Իրազեկման շնորհիվ պետք է պատվաստման մակարդակը բարձրացնել»:

Նկատի ունենալով այն դեպքերը, երբ հենց իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն ու հանրային դեմքեր են խախտում կորոնավիրուսի դեմ պահանջները, Հասմիկ Ղազինյանը կոչ արեց լրջանալ եւ պատասխանատվությունը կրել եւ կիսել հավասարապես՝ անկախ նրանից պատգամավոր է, սովորական քաղաքացի, թե մեկ այլ պաշտոնյա. «Այդ ժամանակ, որեւէ մեկը չի կարող ասել՝ լավ եմ անում, դիմակ չեմ կրում»:

Նունե Բակունց

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը նշեց, որ քաղաքացիների մոտ պատվաստվելու մեծ ակտիվություն կա եւ այս պահին 20 տոկոսի շեմը հատել ենք, բայց դա պահանջված 80-90 տոկոսը չէ:

Տիկին Բակունցը համամիտ չէ, որ իրազեկումը բավարար չափով չի կատարվում: Նրա խոսքով, պատվաստման գործընթացը ներդրվել է այս տարվա ապրիլից եւ քաղաքացիների համար խոչընդոտներ չստեղծելու նպատակով կարգում փոփոխություններ են կատարել, որպեսզի քաղաքացիները ոչ թե կցված պոլիկլինիկաներում պատվաստվեն, այլ որտեղ ցանկանան: Բացի այդ, ըստ նրա, բացել են շարժական կետեր, որտեղ մարդիկ կարող են պատվաստվել:

«Մենք ինչ հնարավոր է՝ արել ենք, իրազեկել ենք, լրագրողների հետ ենք աշխատել, բժիշկների հետ ենք աշխատել, որոնք պարբերաբար խոսում են պատվաստումների մասին, պատվաստման կարեւորության մասին»:

Նունե Բակունցի խոսքով, մինչ այժմ չկա ավելի լավ պաշտպանություն, քան պատվաստումն է: Նրա խոսքով, աշխարհի փորձը ցույց է տալիս, որ պատվաստվածները հիվանդանում են ավելի քիչ, քան չպատվաստվածները, ծանր չեն տանում, ծայրահեղ ծանր չեն լինում եւ ամենակարեւորը՝ չեն մահանում: Նույնիսկ մեկ դեղաչափ պատվաստվածները համեմատաբար պաշտպանված են: Բայց առավելագույն պաշտպանություն ապահովում է երկու դեղաչափը:

Հարցին՝ ինչու հակապատվաստումային քարոզչություն իրականացնողների հետ չեն նստում կլոր սեղանի շուրջ եւ բանավիճում, տիկին Բակունցն ասաց. «Չիպավորման մասին ի՞նչ քննարկես, կամ 5 G-ի, կամ որ պատվաստումը քաղցկեղ չի առաջացնում»:

Նրա խոսքով՝ հակաքարոզչությունը կատարվում է տարատեսակ նպատակներով եւ այն անում են ոչ մասնագետները: Նունե Բակունցը կոչ արեց պատվաստումների մասին որեւէ տեղեկատվություն փնտրելիս օգտվել միայն վստահելի աղբյուրներից՝ ամերիկյան, եվրոպական, հարեւան երկրների, ԵԱՏՄ երկրների առողջապահության նախարարությունների կայքերից. «Պատվաստումները կիրառվում են ամբողջ աշխարհում եւ բոլոր տեղերում արդյունավետ են»:

Սամվել Խարազյան

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը գտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ոչ միայն առողջապահության համակարգի խնդիրն է, այլ ընդհանուր հանրային խնդիր է: Նրա խոսքով, հակաքարոզչության տարածման գործում մեդիա դաշտն էլ իր մեղքի բաժինն ունի, որը հարթակներ է տրամադրում ոչ մասնագետներին եւ նրանց ձայնը լսելի է դարձնում. «Առողջապահության ոլորտի մասնագետներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որոնք շատ ավելի պասիվ էին, քան հակաքարոզիչները, որոնք այս կամ այն շարժառիթներով են առաջնորդվում»:

Սամվել Խարազյանը կարծում է, որ սահմանափակող եւ պարտադիր միջոցառումները պետք է ավելի շուտ կիրառվեին. «Եթե հանրային դեմքն ասում է՝ լավ եմ անում՝ դիմակ չեմ կրում եւ նրա նկատմամբ որեւէ պատժամիջոց չկիրառվեց՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին բաց տարածքում կրի ու պատասխանատվության ենթարկվի: Այո, խոսքս վերաբերում է իշխանության մաս կազմող եւ հասարակության տարբեր ներկայացուցիչներին, որոնք դիմակ չեն կրում: Այդ պարտադրանքը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ»:

Պարոն Խարազյանը այդ ողջ գործընթացում հանրային մասնակցություն չի նկատել:

«Գործարարները բողոքում էին, որ լոքդաուն է, փակ է, տնտեսական վնասներ են կրում, հիմա, երբ պատվաստումները պարտադրվում են, գործարարները սկսում են հակազդել դրան: Դա չի կարելի համարել պարտադրանք, որովհետեւ դա հանրային առողջությանը վերաբերող միջոցառում է»,-ասաց Սամվել Խարազյանը:

Հասմիկ Ղազինյանը գտնում է, որ պետք է սահմանափակել զանգվածային միջոցառումները. «Ամեն օր տեղի են ունենում 400-500 հոգանոց հարսանիքներ, առանց դիմակի, այ՝ սրա դեմը պետք է առնել»:

Նունե Բակունցն ասաց, որ արդեն մի շարք երկրներ սկսել են երեխաներին էլ պատվաստելու որոշում կայացնել: Մեզ մոտ արդեն կա, բայց կամավորության սկզբունքով. «12 տարեկանից բարձր երեխաներին կարող են ծնողները Մոդեռնայով պատվաստել, որը շատ լավ պաշտպանություն կապահովի եւ անվտանգ է: Շատ երկրներում արդեն սկսվել է պատվաստումը Ֆայզերով: Գնալով սա ընդլայնվելու է եւ կորոնավիրուսը արդեն կդառնա գրիպի պես հիվանդություն»:

Նա նաեւ ասաց, որ հիվանդությունը երիտասարդացել է եւ երաշխիք չկա, որ մի անգամ հիվանդացածները երկրորդ անգամ ծանր չեն տանի, հակառակը՝ ավելի ծանր են տանում, քանի որ շտամը փոխվել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930