«Պատերազմից խուսափել- չխուսափելու հարցը բարդ է. միգուցե հնարավոր չէր խուսափել, բայց շահել ժամանակ և ավելի լավ պատրաստվել այդ պատերազմին, կարծում եմ հնարավոր էր»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույցի ընթացքում կարծիք հայտնեց Բոստոնում գործող CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ եթե խնդրին նայում ենք բանակցային տեսանկյունից, ապա հնարավոր էր պատերազմն առնվազն հետաձգել. «Պատերազմն այլընտրանքներից մեկն է: Պարզ է, որ այդ այլընտրանքից չէր հրաժարվելու ադրբեջանական կողմը: Նա պատրաստվում էր պատերազմի: Մյուս այլընտրանքը բանակցային սեղանն է: Մենք պիտի առաջարկեինք մյուս կողմին այնպիսի տարբերակ, որն ավելի լավն է, քան պատերազմը»:
Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ խնդիրն այն է, որ մենք եկանք, հասանք 2020 թվական, և պարզվեց՝ պատրաստ չէինք նման պատերազմի: Փորձագետի կարծիքով՝ վստահորեն կարելի էր ժամանակ շահել, որպեսզի պատրաստվեինք այդ պատերազմին. «Պատերազմը ոչ միայն զենքն է ու բանակը, այլ տնտեսությունը, դիվանագիտությունը, քարոզչական, հոգեբանական պատերազմը»:
Ըստ նրա՝ սխալ էր նաև սպասել Ռուսաստանից, որ նա Հայաստանի համար այն դերակատարությունը կունենա, ինչ Թուրքիան Ադրբեջանի համար, քանի որ ՌԴ-ն ունի իր շահերը:
Կարդացեք նաև
Հարցին՝ վերջին օրերին միջադեպերի ֆոնին ինչպե՞ս է պատկերացնում խաղաղության դարաշրջանը, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց. «Ադրբեջանի մոտեցումն այն է, որ իրենք այս պահին ունեն ուժ, կարող են այն կիրառել և պարտադրել հայկական կողմին, որ նա ընդունի այն տարբերակները, որոնք իրենց շահերից են բխում: Դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է: Ադրբեջանը կոշտ դրել է հարցը, որ առանց իր տարածքային ամբողջականության ճանաչման նա չի նստի բանակցային սեղան»:
Անդրադառնալով ՀՀ իշխանության կողմից հնչող այն կարծիքներին, թե կոմունիկացիաների բացումը կհանգեցնի զարգացման, Արթուր Մարտիրոսյանն ասաց. «Եթե խաղաղության դարաշրջան ես բացում և քո զարգացումը կապում ես ճանապարհների ապաշրջափակման հետ, իսկ մյուս կողմի համար դա այդքան էլ կարևոր չէ, իրենց զարգացումը դրանից կախված չէ, դա տալիս է նրանց հնարավորություն՝ որպես լծակ օգտագործել: Ասում են ընդունեք նաև այս դրվագը, որ դուք ճանաչում եք մեր տարածքային ամբողջականությունը: Դա բերելու է նրան, որ Արցախը մնալու է Ադրբեջանի հետ բանակցող կողմ, Հայաստանը պետք է որ փորձի այդ բանում ինչ-որ ձև մարդասիրական և այլ միջազգային օրենքներ օգտագործելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, մենք այդ դեպքում շատ դժվար կացության մեջ ենք դնելու Արցախը, քանի որ նա այսօր ավելի մեծ կախվածություն ունի Ադրբեջանից, քան 1988-ին՝ ջուրը, էլեկտրականությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի