Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ համազեկուցողների՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված լինելու մասին հայտարարությունն անհասկանալի է. Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 10,2021 15:32

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների՝ Հայաստանի մասին հայտարարությունը զարմանալի ու անհասկանալի է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար:

Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այդ զեկույցին, Հայկ Մամիջանյանն ասաց. «Նախորդ անգամ համազեկուցողները ժողովրդավարության զեկույցի պատրաստման ընթացքում հարկ չէին համարել հանդիպել ընդդիմադիր ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ՝ ոչ խորհրդարանական, ոչ էլ արտախորհրդարանական: Այս անգամ հանդիպումների ընթացքում ես ու ընդդիմադիր մյուս գործիչները բարձրաձայնել ենք լուրջ խնդիրներ։ Ուստի, փաստել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն ավարտվել է, զսպումների ու հակակշռումների մեխանիզմներն աշխատում են մի երկրում, որտեղ ողջ իշխանությունը կենտրոնացած է կապիտուլյանտի ձեռքում, անհասկանալի է ու զարմանալի»:

Հայաստանում՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված լինելու ձեւակերպման մասով էլ նկատում է. «Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, այն կամայականությունները, որ իրականացնում են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ընդդիմադիր պատգամավորներին ուժով դահլիճից դուրս բերելու հետ կապված, սրանցից ոչ մեկն արտացոլված չէ այս հայտարարության մեջ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի զեկույցը, եթե այն լինի, որովհետեւ այն կարող է կազմվել, կարող է չկազմվել։ Բայց եթե զեկույցը լինի այս հայտարարության ոճի մեջ, ապա այն բացարձակ ոչ մի աղերս չի ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի գնահատականների հետ»:

Հայտարարության այն դրույթը, որով փոքր խնդիր է դիտարկվում վիրավորանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունը, որը սահմանափակումներ է մտցնում լրատվամիջոցների ու քաղաքացիների նկատմամբ, այն էլ պատերազմից հետո ատելության խոսքի եւ ապատեղեկատվության տարածման համատեքստում, ըստ Հայկ Մամիջանյանի, ոչ մի աղերս չունի դրա հետ: «Խոսքը իշխանական պաշտոնյաների՝ իրենք իրենց պաշտպանելու օրինագծի մասին է, որով դրամական տուգանքներով խեղդում են այլակարծությունը: Ես տեղյակ չեմ մի դեպքի, երբ ընդդիմադիր գործչի դեպքում աշխատի այդ օրենքը: Երբ իրենց ֆեյքերը փորձում են վիրավորել ընդդիմադիր գործիչներին, դա նորմալ է, բայց իրենց նկատմամբ միանգամից քրեական հետապնդում պետք է սկսվի»,- ասաց նա:

Հայտարարությունում խոսք կա նաեւ դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին, մինչդեռ, ըստ պատգամավորի, ոչ մի բառ չկա այդ ոլորտում առկա հսկայական հետքայլի մասին: Խոսքը՝ դատական գործերի մակագրումը ձեռքով իրականացնելու մասին է: Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ, զեկույցում խոսք չկա ոչ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասին, ոչ փաստացի այս պահին կալանավորված երկու պատգամավորների մասին, ոչ այն մասին, որ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը չեն կարող երկրից դուրս գալ պատգամավորական գործունեությունն իրականացնելու համար:

Անդրադառնալով ՀՀ իշխանության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանն էլ, ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Նիկոլ Փաշինյանն ունակ է ագրեսիվ լինել միայն մեզ հետ, եթե ինքը ինչքան մեզ հետ է ագրեսիվ, փորձեր լինել դիվանագիտական հարաբերությունների ժամանակ, զգալիորեն արդյունավետ կլիներ մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Փաշինյանի դուխը՝ ագրեսիվ լինելը, հերիքում է միայն ներքաղաքական դաշտում, որն ինքնին հիմարություն է, որովհետեւ ինքը վախենում է ագրեսիվ լինել թշնամու հետ, բայց չի վախենում ագրեսիվ լինել այն մարդկանց հետ, ովքեր առաջնորդում են քաղաքական թիմերը, ովքեր երկու-երեք անգամ հաղթել են այդ նույն թշնամուն: Մենք չենք թելադրում օրակարգ եւ, ցավոք, ենթարկվում ենք հնարավոր օրակարգերից վատագույններին: Այս մի տարվա ընթացքում որեւէ հայտարարություն, կապված կարգավիճակի, Արցախի հիմնախնդրի հիմնարար սկզբունքների, գերիների, կորուսյալ հայրենիքի, այսինքն՝ օկուպացված տարածքների, որեւէ արժանահավատ, հիմնավոր, իր մեջ պետականության բաղադրիչներ կրող հայտարարություններ որեւէ մակարդակում չեն արվել: Ավելին, թշնամի երկրների ղեկավարներին ԱԺ ամբիոնից պատասխանում են միայն ընդդիմադիր պատգամավորները: Էլ չեմ ասում՝ Արցախ այցելելու արգելքների մասին: Մեր երկիրն արտաքին քաղաքականություն չունի, եւ այս խունտան ունակ չէ երբեւէ այն վարել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930