2020թ. դեկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ողջ անձնակազմին Սամվել Բաբայանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից հեռանալուց և նույն պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակվելուց հետո քաղաքական որոշմամբ այլևս արգելվել է ներկայանալ աշխատանքի։
Ըստ ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պարզաբանումների գրասենյակի նախկին անձնակազմը ազատվել է աշխատանքից, մինչդեռ առ այսօր աշխատողներից որևէ մեկը աշխատանքից ազատելու վերաբերյալ հրաման չի ստացել։
Գրասենյակի աշխատակիցները արտադատական եղանակով փորձել են վերականգնել իրենց խախտված իրավունքները, սակայն արձանագրել նշյալ մարմնի կողմից օրենքի և իրավական ակտի պահանջներին չհետևելու հերթական մոտեցում։
Վերոգրյալի համատեքստում, խախտված իրավունքները վերականգնելու դատական ճանապարհն այլևս այլընտրանք չի ունեցել, ուստի փաստաբանական միջամտության դիմելով գրասենյակի աշխատակիցները հայցել են դատական պաշտպանություն՝ խախտված իրավունքները վերականգնելու խնդրանքով։
Կարդացեք նաև
Կոնվենցիոն երաշխավորված և Սահմանադրությամբ հռչակված դատական պաշտպանության իրավունքը իրացնելուն բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտում են ԱՀ ԱԽ քարտուղարն ու ԱԽ գրասենյակի ղեկավարությունը՝ ուղղակի կամ անուղղակի խախտելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը՝ կախված քաղաքական կամ այլ հայացքներից, ինչպիսի փաստնը շարունակաբար վնաս է պատճառում մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին, ընդ որում` պաշտոնեական դիրքի չարաշահմամբ։
Փաստ է, որ կամայականությունը, ի դեմս ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և նրա ղեկավարած ԱԽ գրասենյակի, դարձել է ԱՀ պաշտոնատար անձանց գործելաոճ, ինչն ինքնին հղի է անդառնալի հետևանքներով։
Տեղեկանք
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցների
խախտված աշխատանքային իրավունքների մասին
2020թ. նոյեմբերի 16-ի հրամանագրով Սամվել Բաբայանը, համաձայն իր դիմումի, ազատվեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, դեկտեմբերի 2-ի հրամանագրով նույն պաշտոնում նշանակվեց Վիտալի Բալասանյանը, որից հետո, մասնավորապես 2020թ. դեկտեմբերի 4-ին Գրասենյակի աշխատակազմը տեղեկացվում է, որ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարվում է աշխատանքային հարաբերություններ ունենալ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի օրոք ձևավորված աշխատակազմի հետ։
2020թ. դեկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի (այսուհետև՝ Գրասենյակ) ողջ անձնակազմը քաղաքական որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոններից՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իրավական փաթեթավորմամբ, այն է՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում։
Վկայակոչված հոդվածի կիրարկումը կարող էր հնարավոր դառնալ ԱՀ ԱԽ գրասենյակի կանոնադրությամբ սահմանված խնդիրների և գործառույթների վերանայմամբ և (կամ) խմբագրմամբ, որը, հաստատվում է Նախագահի հրամանագրով և, ի տարբերություն հաստիքացուցակի, գաղտնի չէ, հրապարակվում է Արցախի Հանրապետության Պաշտոնական տեղեկագրում և ԱՀ իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am)։ Նշյալ աղբյուրների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այդպիսի փոփոխություններ չեն եղել։
Հետևապես՝ գործատուի նախաձեռնությամբ Գրասենյակի աշխատակիցների աշխատանքային պայմանագրի լուծման որոշումը ոչ այլ ինչ է, քան մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ուղղակի կամ անուղղակի խախտում` կախված քաղաքական կամ այլ հայացքներից, որն ուղղակիորեն վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին, ընդ որում` պաշտոնեական դիրքն օգտագործմամբ։
Գրասենյակի արդեն նախկին աշխատակիցները հանդիպում են ունեցել ԱՀ Նախագահի հետ, ով ևս ընդունել է զանգվածային ազատման քաղաքական ենթատեքստը՝ նշելով, որ որոշման հիմքում Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարի պահանջն է, որին ընդառաջ եք գնացել վերջինիս հետ համագործակցության շրջանակներում (այս մասին վկայող ֆեյսբուքյան գրառումները՝facebook, facebook )։
Գրասենյակի աշխատակիցները խնդրի վերաբերյալ գրություններ են ուղարկել ԱՀ Նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱԺ խմբակցություններին և հանձնաժողովների նախագահներին, ԱՀ գլխավոր դատախազին, ԱՀ արդարադատության նախարարին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին, հրապարակել բաց նամակներ, կոլեկտիվ բողոք ներկայացրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին։
Բողոքի ուսումնասիրության արդյունքում ԱՀ ՄԻՊ-ը արձանագրել և որոշում է կայացրել Գրասենյակի աշխատակիցների իրավունքների խախտման մասին՝ առաջարկելով վերականգնել խախտված աշխատանքային իրավունքները, որից հրաժարվել է խախտում թույլ տված մարմինը՝ Գրասենյակը։
Գրասենյակի աշխատակիցները փորձում են դատական կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, սակայն, Գրասենյակը հրաժարվում է տրամադրել պաշտոններից ազատելու մասին հրամանները։
Այս կապակցությամբ ԱՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հիմքով, այն է՝ անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող և սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառելը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ԱՀ դատախազություն։
Ելնելով ետպատերազմյան Արցախում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև հոգեբանորեն անպատրաստ հայրենիք և հարազատ կորցնելու ցավի ֆոնին աղաղակելու իրավական-քաղաքական քաոսի և վերահաս սոցիալական աղետի մասին, Գրասենյակի աշխատակազմը նախընտրել էր չհանրայնացնել գործընթացը՝ մինչև այն պահը, երբ ԱՀ ԱԽ քարտուղարն ու Գրասենյակի ղեկավարությունը Արցախում ստեղծում են ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ։
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ազատված աշխատակիցներ