Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյան․ «Փաստն այն է, որ մեր սահմանները հստակեցնել է պետք, միասին խաղաղ ապրել է պետք»

Նոյեմբեր 10,2021 15:07

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզում հրավիրված ասուլիսում անդրադարձավ սահմանազատման եւ սահմանագծման խնդրին։

Ավելի վաղ, խորհրդարանում Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այս գործընթացում ցավոտ լուծումներ կարող են լինել։ Այսօր լրագրողի ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ուներ նախարարը եւ ո՞ր տարածքներն են, որոնք դուրս են մնալու մեր վերահսկողությունից, նախարարը պատասխանեց՝ սահմանազատման գործընթացը հենց դրա համար է՝ պարզելու, թե որ տարածքներն են մնալու կամ հակառակը։

Ըստ Գնել Սանոսյանի․ «Եթե գնանք 20-ական թվականների քարտեզներ, այդ քարտեզներում Ալ լճերի տարածքը նշված է որպես ՀՀ տարածք։ Հիմա կախված նրանից, թե սահմանազատման եւ սահմանագծման ժամանակ ո՞ր քարտեզները հիմք կընդունվեն, դրանից մենք հետագայում կտեսնենք՝ որոշումները ցավո՞տ են, թե՞ ոչ, շահեցի՞նք, ինչ-որ հատվածում տուժեցի՞նք, թե՞ ոչ։ Իսկ ինչո՞ւ քարտեզները հստակ չեն, որովհետեւ ոչ թե ուղղակի պետք է քարտեզ ընտրել, այլ քարտեզներ, որոնք ունեն իրավական հիմք, որպեսզի այդ քարտեզներով արված աշխատանքը հետագայում իրավական առումով հիմնավորված ու ընդունելի լինի»։

Ինչ վերաբերում է իր՝ «գործընթացը կարող է ցավոտ լինել» արտահայտությանը, ապա նախարարը պարզաբանեց․ «Ես ընդամենը նշել էի, որ սահմանազատում-սահմանագծում գործընթացը կարող է երկու կողմի համար էլ որոշակի հատվածներում ցավոտ լինել, ինչ-որ հատված ինչ-որ մեկին դուր չգալ։ Դա չի նշանակում, որ վերաբերում է միայն մեզ։ Բայց փաստն այն է, որ մեր սահմանները հստակեցնել է պետք, միասին խաղաղ ապրել է պետք։ Եվ սահմանների հստակեցումը կարեւոր է նաեւ սահմանային միջադեպերը հնարավորինս բացառելու համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930