Հայաստանի ֆոնդային բորսայի 2021 թ․-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ տվյալները 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 12 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ընդհանուր ծավալը հոկտեմբերին կազմել է ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամ՝ 2020-ի հոկտեմբերի համեմատ գրանցելով 88% աճ: Կնքվել է պետական պարտատոմսերով 46 գործարք։
Պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատել է 1,1 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 29%-ով։
Կարդացեք նաև
Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հոկտեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 492 մլրդ դրամ, որը 16%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Կորպորատիվ պարտատոմսերի առևտրի ծավալը 2020 թ-ի հոկտեմբերի համեմատ աճել է 128%-ով՝ անցնելով 7.8 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 199 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 109-ի։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ դրամ, որը գերազանցում է 2020 թ․-ի հոկտեմբերի ցուցանիշը 36%-ով։
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում բաժնետոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1․09 մլրդ դրամ:
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 11․8 մլն դրամի։ Շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 10%-ով՝ հասնելով 161 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 15 գործարք։
Հայաստանի ֆոնդային բորսա
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում: