Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածելի քրգործ, կասկածելի խուզարկություն․ Սեդա Գրիգորյանի կարծիքով՝ փորձում են իրեն ահաբեկել

Նոյեմբեր 10,2021 14:34

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանը ոստիկանական գործողությունները՝ իր բնակարանի խուզարկությունը դիտարկում է որպես ահաբեկելու փորձ, հենց իրեն թիրախավորելու միտում, որպեսզի քաղաքացիական պայքարից հետ կանգնեցնեն։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն ասաց Սեդա Գրիգորյանը։

Շաբաթ օրը Սեդա Գրիգորյանի բնակարանում ոստիկանները խուզարկություն են կատարել, դատարանը նման որոշում էր տվել իրավապահներին։ Ոստիկանները Սեդայի բնակարանում փնտրում էին կարմիր գույնի գրաֆիտի տուփ, որով Ֆիզգորոդոկում ՌԱՏԿՈ կազմակերպության շինհրապարակը ցանկապատած թիթեղների վրա գրառում է կատարվել։

Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Սեդա Գրիգորյանի խոսքով՝ սա մի աբսուրդ գործ է, քրեական գործ է հարուցվել շինարարության ժամանակավոր մետաղյա թիթեղների վրա կարմիր գրաֆիտի ներկով գրություն անելու համար եւ այն որակվել որպես գույքային վնաս։ Ընդ որում, այս գրառում կատարելը ինչ-որ փորձագիտական կազմակերպություն գնահատել է մոտ հարյուր հազար դրամի վնաս․ «Ասում են, որ կասկած կա, թե իբր դա ես եմ արել։ Ծանոթանալով որոշմանը՝ պարզ չէր, թե ես ինչ կարգավիճակով եմ ներգրավված գործում, ես չստորագրեցի փաստաթուղթը, բայց չեմ առարկել՝ խուզարկություն անեն։ Իրենք ասացին, որ եկել են գտնելու այդ կարմիր գրաֆիտի ներկի տուփը։ Չեն գտել տուփը, ոչինչ չեն առգրավվել։ Անհասկանալի է՝ թե ինչ հիմքով կարող էր դատարանը նման թույլտվություն տալ»։

Քննարկման մյուս մասնակիցը՝ Սեդա Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ ասաց, որ խուզարկության հիմքը հարուցված քրեական գործն է, որի շրջանակներում դատարանը տվել է համապատասխան որոշում․ «Իմ գնահատմամբ, եթե մեղմ ասեմ, կասկածելի հիմքեր են, որովհետեւ այդ վնասը, որի մանրամասներին ծանոթ չեմ, թե ինչ եզրակացություն է տվել փորձագետը, ըստ որի՝ վնասը 100 հազար դրամ է, վնաս կա։ Մակերեսային հետազոտություն ենք արել, իրականում թիթեղներին վնաս չի հասցվել, հնարավոր է՝ թիթեղները կրկին կանաչ ներկել եւ փակել գրությունը, կամ համապատասխան նյութերով ջնջել։ Դա 30 հազար դրամը չի գերազանցի, ըստ մի շարք մասնագետների բանավոր բացատրությունների։ Այն հոդվածով, որ քրեական գործ են հարուցել, կարելի է հարուցել, եթե պատճառված վնասը առնվազն 30 հազար դրամը գերազանցում է։ Ինձ մոտ ողջամիտ կասկած կա, թե ինչի վրա է հիմնվել տվյալ փորձագետը, որը տվել է 100 հազար դրամի վնաս։ Իմ ենթադրությամբ՝ թիթեղների գումարի մասին է։ Մինչդեռ իրականում թիթեղներն ընդհանրապես չեն վնասվել եւ խնդիր էլ չկա թիթեղները փոխելու»։

Փաստաբանը ողջամիտ կասկած ունի, որ այս գործում ինչ-որ բան այն չէ, քանի որ օրինակ՝ շատ ավելի լուրջ բազմաթիվ հանցագործությունների կամ խախտումների դեպքերում փաստաբանը դիմում է, որպեսզի քրեական գործ հարուցեն, մինչդեռ իրավապահներն այդպիսի ջանասիրությամբ չեն հարուցում, եւ հաճախ դատարանի միջոցով են ոստիկաններին պարտավորեցնում քրգործ հարուցել։

«Մենք փաստաբանական խմբով փորձելու ենք հասնել արդարության, որովհետեւ կա տպավորություն, որ սա քաղհասարակության նկատմամբ բացահայտ ճնշում է»,-ասաց Գեւորգ Գյոզալյանը։

Սեդա Գրիգորյանն էլ հավելեց․ «Կառուցապատող ընկերության տնօրենը չի թաքցնում, որ ինքն էլ երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, եթե չեմ սխալվում՝ հենց ոստիկանության Մաշտոցի բաժնի հետ առնչությամբ»։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ այլ դեպքերում քաղաքապետարանն է հետամուտ լինում նախկինում արված ապօրինի շինարարությունները բացահայտելու համար, այս իսկ Ֆիզգորոդոկի դեպքում քաղաքային իշխանությունն անտարբեր է, Երեւանի քաղաքապետը երբեք չի էլ այցելել տարածք՝ հասկանալու իրավիճակը, տեսնելու տարածքը, որ այն իսկապես գեղեցիկ, կանաչապատ տարածք է։

«Մենք հայցել ենք եւ չենք ստացել հողի կարգավիճակի մասին մեր հարցման պատասխանը, որը կլուծեր այս հարցը։ Մենք տեղեկություններ ունենք, որ պետք է առկա լինի փաստաթուղթ, որ հողն այն կարգավիճակում է, որը չէր կարող սեփականաշնորհվել։ Մոտ մեկ ամիս է՝ շինաշխատանքներ չկան, բայց մենք չենք տեսել կասեցման որոշումը»,-ասաց Սեդա Գրիգորյանը։

Նրա ներկայացմամբ՝ քաղաքացիների հայցի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ կախված՝ ուսումնասիրելու հենց օտարման հիմքերը․ «Այստեղ շատ հստակ կեղծարարության հիմքեր են առկա, քանի որ հատակագծում նկարվել է նկուղ, որը գոյություն չի ունեցել եւ չունի եւ դա է հիմք հանդիսացել հողի օտարման համար։ Երկու տարուց ավելի է առաջարկում են՝ թող չեզոք, անկախ փորձաքննություն իրականացվի, բոլորիս ներկայությամբ փորձաքննություն անի, տեսնենք՝ այդ նկուղը կա՞, թե՞ ոչ, որովհետեւ սա եւս բանալին է խնդրի լուծման։ Փորձաքննությունը չի լինում, այս քրեական գործը գրեթե քնեցված է՝ քննիչ փոխվեց, քննչական բաժանմունքը փոխվեց, տպավորություն է, որ ամեն ինչ անում են, որ հանգուցալուծման չհասնի»։

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում կառուցապատման դեմ պայքարը թեժացավ այս տարի, բնակիչները դեմ են իրենց կանաչապատ տարածքում բարձրահարկի կառուցմանը։ Բնակիչների բնութագրմամբ՝ «Ֆիզգորոդոկն» իր ուրույն դիմագծով, ճարտարապետական լուծումներով եւ պատմությամբ առանձնանում է, եւ հիմնադրված լինելով Ալիխանյան եղբայրների կողմից, նախատեսված է եղել ինստիտուտի աշխատակիցների համար, եւ այսօր եւս այդտեղ բնակվում են ինստիտուտի աշխատակիցների ընտանիքները։ Ըստ բնակիչների, իր ամբողջականությունը խաթարելու խնդրով Ֆիզիկայի ինստիտուտի բանավանն այժմ կանգնած է ոչնչացման տանող ճանապարհին։ Ընդ որում, բնակիչները բացահայտել են, որ շինթույլտվությունն ի սկզբանե ապօրինի է եղել, իսկ կառուցապատող ընկերությունն էլ պնդում է, թե ամեն ինչ օրինական է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա-կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930