«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, ՀԿ-ները պետք է էապես տարբերվեն կուսակցություններից, նրանով, որ ՀԿ-ների ճանապարհով գնացող մարդիկ քաղաքական հավակնություններ չպետք է ունենան: Այս առումով, ըստ նրա, դիսոնանս է առաջանում միաժամանակ կուսակցական եւ հասարակական գործունեություն ծավալող մարդկանց մասով, քանի որ նրանք արժեզրկում են թե իրենց, թե հասարակական դաշտը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկում էր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտին վերաբերվող խնդիրների մասին: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել: Հանձնաժողովի՝ ՔՊ-ական անդամները նույնպես քննարկմանը չէին մասնակցում:
Քննարկման ժամանակ խոսվել էր Հայաստանում ՀԿ-ների ֆինանսավորման մասին եւ առաջարկվել՝ հանրային մասնակցությունը բարձրացնելու եւ ՀԿ-ների ֆինանսական ապահովության խնդիրը լուծելու համար, եկամտահարկի մեկ տոկոսը վճարել ՀԿ-ներին, ինչպես շատ երկրներում է ընդունված: Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ գաղափարը լավն է, բայց Հայաստանում պետք է զգույշ ներդնել, քանի որ եթե կա, ասենք՝ մի օլիգարխ, որն իր գրպանից ՀԿ-ներ է ֆինանսավորում, նրան հնարավորություն ենք տալիս դա անել հանրության հաշվին եւ, իր աշխատակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու հավելյալ լծակ է:
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը համաձայն չէ, նման ռիսկ չկա, քանի որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով, օլիգարխն իր շահութահարկից որոշակի տոկոս փոխանցում է իր հիմնադրամին: Իսկ առաջարկվող տարբերակում՝ մարդուն է հնարավորություն տրվում ընտրել՝ իր եկամտահարկի մեկ տոկոսը ո՞ր ՀԿ-ին փոխանցել:
Կարդացեք նաև
«Օրրան» կազմակերպության ղեկավար Արմինե Հովհաննիսյանն առաջարկեց հաջորդ քննարկումը հարկային եւ մաքսային կառույցների ներկայացուցիչների հետ կազմակերպել, քանի որ հատկապես պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո մաքսատանն են խնդիրներ առաջացել: Ինքը հաճախ մերժել է դրսից օգնություն ստանալը, քանի որ այն ամեն անգամ մաքսատնից հանելը ամիսներ է տեւում ու հոգեկան հուզիչ պահեր ստիպում ապրել: Պատերազմի օրերին, օրինակ, շոկոլադ էր ուղարկվել երեխաներին, բայց մինչեւ այն հանել են մաքսատնից, շոկոլադը փչացել էր:
Ընդդեմ իրավական կամայականությունների ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը համակարծիք է քննարկման ժամանակ հնչած տեսակետի հետ՝ Հայաստանում սովետական վատ պրակտիկա կա՝ բարեգործությանը վերաբերվում են իբրեւ գողանալու լավ հնարավորություն: Նա նաեւ հարց հնչեցրեց՝ Հանրային խորհուրդն ո՞ւր է, որը սահմանադրական մարմին է եւ որն, իր կարծիքով, պետք է բարձրացնի եւ զբաղվի պետություն-ՀԿ-բիզնես կապերով՝ ապահովելու, օրինակ, գերիների, ռազմագերիների, դիակների վերադարձի եւ այլ հարցերով, քանի որ ինչ անուն էլ տանք, սրանք, իր համոզմամբ, քաղաքական հարցեր են: Հանրային խորհրդի անգործությունն, ըստ նրա հակասահմանադրական է եւ դատապարտելի:
«Աջակցություն վիրավոր զինվորներին, զինհաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Նալբանդյանն էլ բարեգործական ծրագրեր իրականացնելու եւ կառավարության կողմից դրանք բարեգործական ճանաչելու գործընթացին անդրադարձավ՝ նկատելով, որ արհեստական խոչընդոտներ են կիրառվում: Ըստ նրա, ծրագիրը՝ կառավարության կողմից իբրեւ բարեգործական որակվելուց հետո, ծրագրով ցանկացած գործարք նույնպես պետք է ընթանա նույն ճանապարհով, ինչը ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ է: Ենթադրենք, կազմակերպությունը բարեգործական շինարարություն է իրականացնում, այն պետք է մեկ ամիս կանգնի, մինչեւ կառավարությունից ստացվի համապատասխան հաստատումը, որպեսզի ձեռք բերվելիք ապրանքները ԱԱՀ-ից ազատվեն: Ծրագիրը կարող է տեւել երկու տարի, որի ընթացքում հարյուրավոր նմանատիպ գործարքներ կարող են լինել: Նա առաջարկում է եռամսյակային հաշվետվությունների համակարգը ներդնել, ինչը ավելորդ քաշքշուկից զերծ կպահի:
«Սատարենք մեր հերոսներին» բարեգործական ՀԿ նախագահ Վիգեն Արաբյանն էլ տեղեկացրեց, որ ձեւավորել են 25 ՀԿ-ների հարթակ ու այնտեղ մշակված առաջարկները գրավոր կներկայացնեն: 2002 թվականին Հայաստանում ՀԿ-ների գործունեության մասին ընդունված օրենքը, ըստ նրա, ժամանակավրեպ է եւ միտված է նրան, որ բարեգործություն անողը ստիպված է ապացուցել, որ ինքն ազնիվ է: Կարծում է, որ գործող օրենքը ոչ թե պետության շահերին է ծառայում, այլ պետական առանձին մարմինների:
Փաստաբան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ներկայացուցիչ Մոնիկա Մարգարյանն էլ անդրադարձավ կամավորների հետ կնքվող պայմանագրերի մասով օրենքում անհստակություններին. պայմանագիրն աշխատանքային չէ, այլ անվճար ծառայությունների մատուցման եւ հաճախ խնդիրներ են առաջանում:
«Բեկում» ՀԿ-ի նախագահ Արմեն Վարդանյանը խոսեց արհեստակցական միությունների դերի մասին. դրանք կամ չեն գործում, կամ տվյալ կազմակերպության ղեկավարության կամակատարն են: Առաջարկ արեց նաեւ ՀԿ-ների հարցումներին չպատասխանելը քրեականացնել՝ 3-5 տարի պատժի սահմանումով: Այս մասով շատ էին դժգոհությունները պետական կառույցներից:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Մարիամ Անտոնյանն էլ խոսեց հանրային շահի պաշտպանության օրենսդրական բացթողումներից: Օրինակ, Պորտուգալիայում, դրանք Սահմանադրության մակարդակով են ամրագրումներ արված: Այս մասով իրենց առաջարկները գրավոր կներկայացվեն: Նա նաեւ «դատարանի ընկեր» ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին խոսեց, երբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փորձ ունեցող կազմակերպությունները կարող են իրենց եզրակացությունը ներկայացնել դատարանին: Իրենք երկու նման փորձ ունեն՝ ՍԴ եւ վարչական դատարան, բայց քանի որ օրենքով նման իմպերատիվ պահանջ չկա, դատարանում այն մնում է առանց քննարկման եւ հաշվի չի առնվում:
«Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գոհար Մելոյանն էլ հանրային մասնակցության մասին խոսելով կարեւորեց պետական կառույցներին կից հանրային խորհուրդների վերջին շրջանի պասիվությունը, լրջագույն օրենսդրական նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների բացակայությունը: Նկատեց, որ սա Հայաստանի միջազգային պարտավորություններից է:
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը խոսեց ՀԿ-ների թիրախավորման մասին եւ այդ շղթան կանգնեցնելու համար մեխանիզմների անհրաժեշտության: Նա նկատեց, որ թիրախավորումը եղել է տարբեր բեւեռներից եւ շահերից ելնելով ու պատկան կառույցները պատշաճ չեն արձագանքել: Ահազանգեց՝ մեքենան հասել է համայնքային մակարդակ՝ համայնքի համար պայքարող ակտիվիստները կարող են թիրախավորվել:
«Օքսիջեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը կարեւորեց ՀԿ-ների գործունեության ինստիտուցիոնալացումը, որպեսզի առաջարկները չմնան զուտ ՀԿ-ի առաջարկ, այլ նաեւ օրենսդրական լուծումներ ստանան:
Թրասնփարենսի ինթերնեյշնլի ներկայացուցիչները խոսեցին իրավակիրառ պրակտիկայում բացերի մասին, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում նկատվում է ՔՀԿ-ների արհամարհման միտում, ՔՀԿ-ների ներուժի օգտագործման քաղաքական կամքի բացակայություն:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ իր եզրափակիչ խոսքում նկատեց, որ պետական ինստիտուտների հետ աշխատանքի մասով խնդիր ունեն նաեւ պատգամավորները: Ասաց՝ դիմել է նախարարներից մեկին՝ հանդիպման համար, պատասխան է ստացել, որ նրա տեղակալը կընդունի պատգամավորին եւ այդ հանդիպմանը հասնելու համար էլ դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Հավելեց, որ պատգամավորների հարցումները նույնպես պատշաճ պատասխանների չեն արժանանում պետական կառույցների կողմից, հիշեցրեց, որ անգամ խորհրդարանի ամբիոնից տեսակետ հնչեց, որ կառավարությունը հարցերին պատասխանելու համար չէ: Խնդիրներ կան նաեւ դատական պրակտիկայի հետ, երբ հայցի վաղեմությունը կամ գործի հրատապությունը տուժում է: Իսկ թիրախավորման զոհ բոլորն են դառնում, ովքեր փոքրիշատե ակտիվություն են ցուցաբերում ու աշխարհը չի գտել ատելության խոսքի դեմ պայքարի բանալին: Իր լուծումն է՝ քննադատություն՝ առանց վիրավորանքի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ