«Փաստինֆո». Ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորում է ոչ միայն Արցախի խաղաղ բնակիչներին, Սյունիքի և Գեղարքունիքի դիրքերը, երեկ էլ կրակել են Վայոց Ձորի սահմանամերձ գյուղի ուղղությամբ։ Այստեղ զարմացած են ու չգիտեն, թե ինչու է ադրբեջանական կողմը սադրանքի դիմել՝ իրենք էլ են շփոթված՝ վերջին տասնամյակներում նման բան չէր եղել։
Խաչիկ գյուղում երեկ ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։
Նա հավելեց՝ տրակտորիստը հրաշքով է փրկվել ու չի վիրավորվել։
«Չի էլ հասկացել, չի էլ զգացել՝ ոնց է կատարվել։ Տրակտորին կրակել են, կարողացել է փախնի։ Իրեն բան չի պատահել։ Ինքը մեր տարածքում աշխատելիս է եղել։ Փառք աստծու, ոչ ոքին ոչինչ չի եղել»,– ասաց գյուղապետը։
Կարդացեք նաև
Նա նաև հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի ցերեկը։ Հակառակորդը կրակել է ավտոմատից։ Ադրբեջանցիները թիրախավորել էին գյուղի բնակիչ Թաթուլ Ասատրյանին, որը վարչական տարածքի արոտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել։ Կրակոցի հետևանքով կոտրվել են տրակտորի երկու ապակիները։
«Մենք չգիտենք պատճառը։ Նման դեպք չէր եղել, սա առաջին անգամ էր, թե որքան հեռու է գտնվել իրենցից, չեմ կարող ասել, բայց մեր հողում էր»,- եզրափակեց գյուղապետը։