Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական արկերի տակ հավաքում էին փաստեր Ադրբեջանի դեմ». բանավեճ Դանիել Իոաննիսյանի եւ Աստղիկ Մաթեւոսյանի միջեւ

Նոյեմբեր 10,2021 13:49

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկում էր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտին վերաբերվող խնդիրների մասին: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել: Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները նույնպես քննարկմանը չէին մասնակցում:

Աստղիկ Մաթեւոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն ներկայացնող Աստղիկ Մաթեւոսյանը խոսեց ՀՀ-ում քաղհասարակության չկայանալու պատճառների մասին, դրանցից մեկը համարելով արեւմտյան ֆինանսավորումը: Իր կարծիքը նա հիմնավորում է այսպես. քաղհասարակության ստեղծման գաղափարն այն է, որ մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր շահեր, հավաքվում են եւ ստեղծում ՀԿ, իսկ Հայաստանում ամեն ինչ հակառակ ուղղությամբ է ընթացել՝ եղել է ֆինանսավորում, դրա հիման վրա ձեւավորվել է ՀԿ, որը առաջնորդվել է ֆինանսավորողի շահերով:

Նա չի կիսում տեսակետը, որ արեւմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ները քաղաքականացված չեն ու քաղաքական շահ չեն հետապնդում. «Շահը մնում է շահ եւ կապ չունի՝ այն քաղաքական է, թե այլ, որը հակասում է մեր ազգային, պետական շահին»: Այս համատեքստում էլ նկատում է, որ Հայաստանում կան ՀԿ-ներ, որոնք տարիներ շարունակ «լուն փիղ դարձնելով» բղավել են խնդիրների մասին, օրինակ, բանակում սպանության դեպքերի մասին մեծ աժիոտաժ են առաջացրել, որ հարազատները դիակը վերցրած դեպի Երեւան են շարժվել, կային ՀԿ-ներ, որ լրագրողին «թարս նայելու համար» էին մեծ աղմուկ բարձրացնում, ՀԿ-ներ, որոնք մարդկանց սոցիալական խնդիրների մասին էին աղմուկ բարձրացնում, բայց 2018-ից հետո այս ամենը կտրվեց, բազմաթիվ ՀԿ-ներ սկսեցին շարժվել իշխանության ուղեծրով՝ դառնալով գոնգոներ:

Հանրային քննարկում ծավալելու համար նա առաջարկեց՝ Արեւմուտքից ֆինանսական աջակցությամբ գործունեություն ծավալող ՀԿ-ների համար պիտակ սահմանել, ինչպես շատ երկրներում է արվել, օրինակ, «օտարերկրյա գործակալ», դրանով խրախուսելով ՀՀ-ում ինքնաֆինանսավորմամբ աշխատող ՀԿ-ներին եւ բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը ՀԿ-ների ֆինանսավորման գործում:

«Քաղաքացիները պետք է իմանան՝ ինչո՞ւ են այսօր լռում մարդու իրավունքների, ԶԼՄ-ների համար նախկինում աղմուկ բարձրացնող ՀԿ-ները: Բանակի խնդիրների եւ 5 հազար զոհերի մասին չեն խոսում նախկինում դրանով զբաղվող ՀԿ-ները»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա «Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ուղղեց՝ 4 հազար: Աստղիկ Մաթեւոսյանը նկատեց՝ ՊՆ-ն վերջնական թվեր չի հրապարակել, ինքն էլ ՊՆ-ի հետ չունի այնպիսի սերտ կապեր, ինչպես Դանիել Իոաննիսյանը, որ հստակ ասի, իսկ տարբեր աղբյուրների համաձայն՝ 5 հազար թիվն է շրջանառվում:

«Այն կազմակերպությունները, որոնք զբաղվում էին ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանությամբ, այժմ էլ զբաղված են ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանությամբ, այդ թվում նաեւ այս շենքում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած անվտանգության աշխատակիցների, այս շենքում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների մասով»,- իր ելույթում հակադարձեց Դանիել Իոաննիսյանը:

«Արեւմտյան ֆինանսավորմամբ» ձեւակերպման հետ նա համաձայն չէ ու հակադարձում է հարցին՝ ո՞ւր էին այդ կազմակերպությունները պատերազմի ժամանակ. «Ադրբեջանական արկերի տակ հավաքում էին փաստեր Ադրբեջանի դեմ: Ձեռքի հետ նաեւ զորքին զրահաբաճկոններ էին բաժանում եւ այդ կազմակերպությունների քննադատությունը զինված ուժերին շատ տեղին է, որովհետեւ տեղում շատ բան ենք տեսել»:

 

«Մենք կանք, մենք այստեղ ենք: Տարիներ շարունակ մեր կազմակերպությունը զբաղվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, հիմա էլ եռանդուն աշխատանք է տանում մարդու իրավունքների ազգայի ռազմավարությունից բխող գործողությունների պլանի մշտադիտարկմամբ, որը մեծ արդյունքներ է տալիս եւ նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների խնդիրներին»,- Աստղիկ Մաթեւոսյանի դիտարկումներին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ներկայացուցիչ Մարիաննա Խաժակյանն արձագանքեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930