Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չիրականացվեց հանրային լայն մոբիլիզացիա՝ բոլոր կարող ուժերի, որոնք պետք է աջակցեին թիկունքային կազմակերպչական և քարոզչական աշխատանքին. «Մարտական եղբայրություն»

Նոյեմբեր 10,2021 13:55

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը 2020 թվականի նոյեմբերի 10 առաջին տարելիցի առիթով

1.2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմում հայ ժողովուրդն, ինչպես նաև ճակատում կռվող նրա զավակները չեն պարտվել, այլ պարտվել են՝ պետական ապարատը, քաղաքական ղեկավարությունը, քաղաքական էլիտան (ամբողջությամբ՝ այդ թվում Հայաստանը նախկինում ղեկավարած ուժերը), ռազմական բարձրաստիճան ղեկավարությունը:

Պատերազմի ընթացքում թիկունքում մնացած ժողովուրդը մեծամասամբ ի հայտ է բերել հավատարմություն իր պետությանը, հավատ իր բանակին, ինքնակազմակերպման վառ օրինակներ է ցույց տվել: Մինչև վերջին օրը ժողովրդի մեծ մասը հավատարիմ է մնացել, և միայն շատ քիչ մասն է տրվել թշնամական քարոզչությանը:

Չեն կարող նաև պարտված համարվել ճակատում կռիվ տված հայ ժողովրդի այն զավակները՝ զորակոչիկները, սպաները, կամավորները, որոնք իրապես մարտնչել են մինչև վերջ:

Այս փաստերից՝ ճակատում մինչև վերջ կռվողների ոգուց և թիկունքում ժողովրդի մեծ մասի հավատարմությունից, պետք է կերտենք մեր նոր հավատն ու վճռականությունը:

2.Հայաստան պետությունը կապիտուլյացիայի չի ենթարկվել, չնայած կրել է ծանր պարտություն:

Հայաստանի զինված ուժերը չեն ջախջախվել, և հայ ժողովուրդը պահպանում է իր դիմադրողականության ներուժը, որը միայն սպասում է իր ճիշտ կազմակերպմանն ու առաջնորդմանը:

Հայաստանի ղեկավարությունը 2020 թվին չի տվել պատերազմին իրապես հայաստանյան և ժողովրդական բնույթ, այլ ընկալել է այն սոսկ որպես «ղարաբաղյան», և այստեղ թաքնված է պարտության խորքային պատճառներից մեկը:

Միաժամանակ թիկունքում չապահովվեց իշխանության անհրաժեշտ կենտրոնացում, և թույլ տրվեց, որ փաստացի քողարկված կամ բացահայտ թշնամական քարոզչությունը՝ անխափան գործի, որի արդյունքում մեր ճակատը ստացավ հարված թիկունքից:

Չիրականացվեց նաև հանրային լայն մոբիլիզացիա՝ բոլոր կարող ուժերի, որոնք պետք է աջակցեին թիկունքային կազմակերպչական և քարոզչական աշխատանքին: Փաստացի Հայաստանի ղեկավարությունը չհասկացավ, որ պատերազմը միայն ռազմական գործողություններ չեն, այլ համալիր՝ քաղաքական, ռազմական, հանրային գործընթաց, և որ հաղթանակ անհնար է, առանց կենտրոնացման, կոշտ քայլերի և պոտենցիալ դավաճանական տարրերի անողոք չեզոքացման:

Կապիտուլյացիայի մասին թեզը հենց այս թշնամական քարոզչության շարունակությունն է, որի նպատակն է ներշնչել հայ ժողովրդին, որ նա այլևս որևէ դիմադրողականություն չունի, անդառնալիորեն պարտված է, և պետք է հանձնվի բախտի՝ իմա արտաքին ուժերի քմահաճույքին:

3.Չնայած ծանր պարտությանը, պատերազմը նաև չի կարելի կոչել աղետ կամ առավել ևս մսաղաց:

Պատերազմն աղետ չէր և չէ, այլ պայքար, որում հայ ժողովրդի լավագույնները մարտնչել են հանուն հայրենիքի պաշտպանության:

Իսկ կոչելով պատերազմը մսաղաց՝ ոչ միայն անարգում ենք զոհերի հիշատակը, այլև՝ արժեզրկում որևէ ապագա դիմադրություն, որի կարիքը կարող ենք ունենալ:

Երկուսն էլ՝ «աղետն» ու «մսաղացը» նույն թշնամական քողարկված քարոզչության թեզերից են, որոնց խնդիրն է ամբողջացնել, ավարտի հասցնել հայ ժողովրդի պարտությունը՝ վերածելով այն հոգեբանության և գաղափարախոսության, որպեսզի հայ ժողովուրդն այլևս երբեք ինքնուրույն ապրելու քաղաքական կամք չունենա:

4.Պատերազմի զոհված հերոսներին, ոչ միայն իրավունք չունենք կոչել «մսաղացի միս», այլև պետք է ամեն ջանք գործադրենք ապացուցելու համար մեր կյանքով ու գործով, որ նրանց զոհողությունն իզուր չէր, և դիմադրությունն անիմաստ չէր:

Պետք է միշտ հիշենք, որ հայ ժողովուրդը իր պատմության վերջին մեկուկես դարում անհամեմատ շատ մարդկային կորուստներ է տվել՝ կամ լինելով կրավորական զոհ (ցեղասպանություն, ջարդեր) կամ էլ օտար շահերի համար վարած համաշխարհային երկու պատերազմներում: Այդ զոհերը հաշվվում են միլիոններով և հարյուր հազարներով: Հակառակը՝ իր ազատագրական և պաշտպանական նպատակների համար վարած կռիվներում հայ ժողովուրդը երբեք չի տվել մեծ քանակի զոհեր, որովհետև ազգային պայքարը չի էլ ենթադրում այդքան մեծ զոհողություններ: Իսկ սեփական պայքարի հրաժարվող ժողովուրդները միշտ ստիպված են տալ անհամեմատ մեծ զոհեր՝ կա՛մ կրավորական, կա՛մ էլ օտարի պայքարներում:

Մյուս կողմից՝ չպետք է մոռանանք, որ 2020 թվի պատերազմների զոհերի համեմատաբար մեծ քանակը կապված է պետական ապարատի, քաղաքական և ռազմական ղեկավարության (նախկին ու ներկա) սխալների հետ, և այդ սխալները չեն կարող արդարացվել վերոշարադրյալով:

5.Մեկ տարի է անցել ծանր պարտությունից, սակայն, ցայսօր այդպես էլ չի տրվել ոչ միայն պատերազմի և նրա մեծ համատեքստի սթափ, անկողմնակալ վերլուծություն և գնահատական, այլև այդպես էլ չի առաջարկվել որևէ համոզիչ և մատչելի Ելքի ծրագիր՝ երկիրը պարտության հետևանքներից դուրս բերելու առումով:

Դա չի էլ արվելու, եթե հույսը դնենք առկա ուժերի վրա: Այդ գործը պետք է անի ինքնակազմակերպվող հանրությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչով աջակցել այդ գործին՝ կոնկրետ ծրագրային առաջարկներով և գործողություններով:

6.Մեկ տարի է անցել ծանր պարտությունից, բայց այդ մեկ տարվա ընթացքում փաստացի պատերազմը Հայաստանի դեմ շարունակվել է և շարունակվում է:

Չնայած լայնածավալ ռազմական գործողություններ չկան, սակայն, հաճախակի են ոչ ինտենսիվ պատերազմի դրսևորումները՝ սահմանային սադրանքները և այլն: Սրանք ծառայում են որպես գործիք Հայաստանի դեմ շարունակվող ուժային ճնշման, որի նպատակն է պարտադրել Հայաստանին նոր պայմաններ կապված սահմանազատման, «միջանցքի» տրամադրման և այլ թեմաների հետ: Անընդհատ քաղաքական ճնշումն այս հարցերով նույնպես կարող ենք շարունակվող պատերազմի մաս համարել:

Հենց միայն շարունակվող ճնշումը վկայում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, քանի որ կապիտալացված երկիրն օկուպացվում է, և նրան պարզապես պարտադրում են այն ճիշտ են համարում:

2020 թվականի պատերազմով նպատակ էր դրված հասնել այս բոլոր խնդիրների լուծմանը, բայց դա չի հաջողվել նախևառաջ հայկական զինված դիմադրության արտաքին ուժերի համար անսպասելի տևականությամբ, և երկրորդ՝ արտաքին փոփոխվող հանգամանքներով: Սա էլ իր հերթին վկայում է, որ դիմադրությունը, չնայած պարտությանն իզուր չի անցել, և որոշակի պտուղներ տվել է:

7.Այն, որ պատերազմը փաստացի շարունակվում է՝ ուժային և քաղաքական ճնշումների ձևով, մի առանցքային հարց է դնում մեր առաջ, որն այսօր Հայաստանում ոչ ոք չի դնում: Այս պայքարում նույնպես դրված է՝ հաղթել թե՞ պարտվել հարցը:

Եթե մեր առջև դրվում են պահանջներ, որոնք մենք մերժում ենք, ապա մերժումը ենթադրում է անհրաժեշտության դեպքում ուժային ապահովում: Եվ հակառակը՝ պահանջ դնողը, բայց դրան չհասնողը, պետք է անհրաժեշտ պահին պատրաստ լինի իր պահանջի ուժային ապահովմանը: Այս պարզ ճշմարտությունների գիտակցումը, կարծես, բացակայում է մեզանում:

8.Մեկ տարի է անցել պատերազմից, բայց կարծես այդպես էլ սեղանին չունենք մեր պաշտպանական և անվտանգության համակարգի արմատական փոփոխության և վերակառուցման համոզիչ ու հնարավորինս մատչելի ծրագրեր, ընդհանրապես մեր պետական, հանրային կյանքի ռեֆորմացիայի ծրագիր, որը օդի ու ջրի պես անհրաժեշտություն է ծանր պարտություն կրած պետության համար: Սա նույնպես խնդիր է, որը հանրությունը պետք է լուծի ինքնակազմակերպմամբ և սեփական ուժերով:

9.Պարտությունը ոչ թե ընկճվելու և դիմադրությունից հրաժարվելու, այլ հակառակը՝ համախմբվելու և նոր վերելքի հիմքերի կերտման առիթ է:

Մեր այսօրվա կարգախոսը պետք է լինի՝ պայքար և ստեղծագործություն:

Մենք պետք է դուրս գանք մեզ պարտադրված օրակարգերի ծուղակից, և քննարկենք միայն երկու հիմնական հարց:

Ինչպե՞ս ենք վերակառուցում մեր ինքնապաշտպանության, անվտանգության, դիմադրության համակարգերն ու գաղափարախոսությունը:

Եվ ինչպե՞ս ենք վերակառուցում մեր պետական ու հանրային կյանքը՝ նոր հիմքերով, նոր ծրագրերով ու նոր մեծ նպատակների շուրջ:

Մենք պետք է ոչ միայն պարզապես պաշտպանենք մեր անկախությունը, այլ վերակառուցենք այն՝ տանք նրան նոր բովանդակություն՝ գաղափարական և կառուցվածքային, ստիպենք գործել ազգային-պետական համակարգերը:

Մեր գերխնդիրը պետք է լինի. պարտության սևից կերտել ապագա հաղթանակի ծիրանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930