Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր աթոռի առաջարկին ինչո՞ւ եք դիմադրում»․ Վահան Քերոբյանի պարզաբանումը՝ հունվարի 5-ի եւ 7-ի վերաբերյալ

Նոյեմբեր 10,2021 13:23

«Մինչեւ երկրորդ ընթերցում քննարկումների արդյունքում առաջարկում ենք փոփոխություն անել եւ հունվարի երկուսը եւս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Հիշեցնենք, որ դրա առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր հունվարի 2-5-ը եւ հունվարի 7-ը դարձնել աշխատանքային։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց․ «Ենթադրում եմ, որ նախարարը պետք է ներկայացնի, թե այս ընթացքում ի՞նչ առաջարկներ է ստացել։ Մենք առաջարկել էինք, որ ամսի յոթը՝ մեռելոցը, եւս ոչ աշխատանքային դառնա։ Մայր աթոռը եւս առաջարկ հղեց։ Կառավարությունն ի՞նչ արձագանք ունի Մայր աթոռի ասածի վերաբերյալ»։

Հիշեցնենք՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինն առաջարկում էր որպես ոչ աշխատանքային օրեր պահպանել հունվարի 5-ն ու 7-ը։ Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Մենք Հայ առաքելական եկեղեցու առաջարկը եւս մանրամասն քննարկել ենք։ Նախարարությունը նաեւ շատ է կարեւորում երկխոսությունը։ Քննարկել ենք նաեւ ՓՄՁ-ների, ասոցիացիաների հետ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախագծի փիլիսոփայությունը, որոշվել է հենց այս տարբերակով առաջ գնալ»։

Աղվան Վարդանյանն ասաց․ «Արձանագրեմ, որ նախարարությունը չի ընդառաջել Հայ առաքելական եկեղեցուն եւ վերջինիս առաջարկներին»։ Վահան Քերոբյանը չարձագանքեց։

Ապա նույն դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը համոզմունք հայտնեց, որ Մայր աթոռի առաջարկները պետք է ջանասիրաբար դառնային քննարկման առարկա․ «Մայր աթոռը չի կարող օրենսդրական առաջարկով հանդես գալ, բայց կարող է ուղենիշային առաջարկներ անել։ Ես չլսեցի բովանդակային, ծանրակշիռ փաստարկ, թե ինչու Մայր աթոռի առաջարկը չի ընդունվել։ Հասկանալի եւ ընդունելի չէ, թե ինչու է դրա հանդեպ նման դիմադրություն ցուցաբերվում, առավել եւս՝ պատերազմից հետո»։

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն այսպես արձագանքեց․ «Ի՞նչ կապ ուներ ձեր ասած խոսքը՝ «առավել եւս պատերազմից հետո»․․․ ասում եք, թե եկեղեցու առաջարկը «որպես ծանրակշիռ»․․․այստեղ այլ հարց է քննարկվում եւ հայ առաքելական եկեղեցին որպես հեղինակություն եւ կարեւոր դեր ունեցող ինստիտուտ՝ կասկածի տակ չի դրվում որեւէ մեկի կողմից։ Ուստի չեմ կարծում, որ ձեր միտքը քաղաքական երանգներով պետք է ձեւակերպեիք։ Նման բան չկա։ Կա օրենք, որի հիմքում տնտեսական հաշվարկներ են։ Ձեր ասածներն այլ դաշտում են եւ ավելի շատ զգացմունքային են։ Ասելու համար եք ասում»։

Ապա Վահան Քերոբյանը «բանալի բառ» որակեց Վարդեւանյանի՝ «առավել եւս պատերազմից հետո» արտահայտությունը․ «Ակնհայտ է, որ ՀՀ-ն պետք է այս հինգ տարում առավելագույնս ուժեղանա։ Ուստի այդ արտահայտությունը մենք ընկալում ենք, որ շատ պետք է աշխատենք, մարտահրավերները կարողանանք հաղթահարել։ Զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է, ոչ թե որեւէ այլ բան։ Հզոր հայրենիքն է այն իմաստը, որի համար նրանք զոհվել են․․․եթե հունվարի յոթն էլ դարձնենք ոչ աշխատանքային, օրենքն իմաստը կկորցնի։ Մեկն ասում էր, որ ամեն տարի հունվարի տասին են գործարանը միացնում եւ սկսում աշխատել։ Սա ողջ տնտեսությանն է վերաբերում։ Այդ անձն ասում էր, որ այս տարվանից էլ չեն անջատի գործարարը, եւ իրենց աշխատանքը ավելի շարունակական է լինելու։ Սա շատ լավ օրինակ է ցույց տալու, թե այս օրենքն ինչ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա: Հունվարի յոթի վերաբերյալ մեր դիրքորոշումը բացասական է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930