«Ցանկացած քայլ գիտության մասին կարեւոր է առաջ գնալու համար: Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին, հենց սկզբից բոլոր քննարկումներին մասնակցել եմ… Ընդ որում, առաջին հինգ էջը կարդալուց հետո մտածեցի՝ գուցե վերնագիրը սխա՞լ եմ կարդացել, նորից հետ գնացի օրենքին, որպեսզի հասկանամ՝ սա իր վերջո «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրե՞նքն է, թե՞ միայն բարձրագույն կրթության»,-«Մեդիա» կենտրոնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, որն այդպես էլ չի ձգում օրենքի» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը:
Նրա ձեւակերպմամբ, նշյալ օրենքում 40 եւ ավելի անգամ գիտություն եւ գիտական կազմակերպություն է գրված, փոխարենը՝ 400 անգամ բարձրագույն կրթություն. «Իմ այս մտավախության մասին ամեն տեղ նշում եմ: Լավ է, որ լրամշակումից հետո գոնե 60 անգամ է գիտություն բառը կրկնվում… Ես համաձայն եմ ցանկացած կառուցողական փոփոխության, ցանկացած օրենքի ընդունման, բայց միայն այն դեպքում, եթե դրա տակ կան օբյեկտիվ հաշվարկներ: Օրինակ, մենք ունենք այս կետը, եւ դիցուք, այս օրենքի ընդունումից իքս տարի հետո սա կլինի: Մինչեւ հիմա սակայն՝ օրենքի ոչ մի քննարկման ժամանակ ոչ մի հաշվարկ չեմ տեսել, դրա համար դժվարանում եմ ինչ-որ անորոշության մասին անորոշ կարծիք հայտնել»:
Լիլիթ Սահակյանի խոսքով, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բոլոր բնագավառներում ընդունված է որոշում կայացնել անորոշության պայմաններում. «Դրա համար ի սկզբանե ստարտը սխալ է դրվում, որովհետեւ մենք ունենք շատ տարբեր օբյեկտիվ իրականություններ: Օրինակ ԳԱԱ-ում ունենք եւ արդյունավետ ինստիտուտներ, որոնցից մեկում պատիվ ունեմ տնօրեն համարվելու, եւ անարդյունավետ կենտրոններ: Ես դեռ չեմ տեսել օբյեկտիվ վերլուծություն, թե ինչու հայաստանյան պայմաններում կարող ենք ունենալ նման տարբեր ինստիտուտներ:
Եթե այդ վերլուծություններից հետո գիտական հանրությամբ որոշենք, որ գործող օրենքն ու ԳԱԱ-ն են մեղավոր այս իրավիճակի համար, կասեի՝ այո, եկեք գնանք փոփոխությունների: Բայց նման բան չկա: Ավելին, այսօր մոդայիկ է դարձել ԳԱԱ-ին անընդհատ փնովելը, չնայած ակադեմիան ազգային արժեք է եւ ինչպես իմ գիտական ղեկավար պրոֆեսոր Սաղաթելյանն էր ասում՝ մենք գիտական ճրագ ունենք, որը գիտությունը այս դժվար պայմաններում պահել ու հասցրել այս իրավիճակին:
Կարդացեք նաև
Առանց լուրջ վերլուծության ցանկացած փոփոխություն կարող է բերել կոլապսի, դրա համար մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետեւ գիտությունը մեկ-երկու օրում չի ստեղծվում, բայց կարող քանդվել մեկ- երկու օրում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լիլիթ Սահակյանի լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի