«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների նախագծով կառավարությունը մտադիր է կարգավորել օդանավակայանից մատուցվող տաքսի-ծառայությունների ոլորտը։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը զեկուցեց, որ նպատակն է՝ օդանավակայանի տարածքից ուղեւորափոխադրումներ կատարելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը եւ զբոսաշրջիկների համար պատշաճ որակ ապահովելը. խոսքը միայն մարդատար տաքսիների աշխատանքի մասին է։»
Օդանավակայանի տաքսի-կայանատեղից ուղեւորափոխադրում կատարելու համար սահմանվում է A տեսակի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 հազար դրամ է։ Սահմանվել են նաեւ մեքենաների կահավորման, արտաքին տեսքի, տարիքային սահմանափակման պահանջներ․ մեքենաները պետք է լինեն շախմատաձեւ «AeroTaxi» գրառմամբ։ Ընտրել ենք սպիտակ գույնը, թեեւ պատգամավոր Ծովինար Վարդանյանը մեր աչքերը բացեց եւ ասաց, որ ավելի լայն գունային հնարավորություններ կան։ Սա կքննարկենք։ Իսկ տարիքային սահմանափակումը վերաբերում է նրան, որ յոթ տարեկանից բարձր մեքենան շահագործելն արգելվում է։ Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղից ուղեւորափոխադրում անելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով»,-տեղեկացրեց պաշտոնյան։
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագիծը դեռեւս նախորդ գումարման ԱԺ էր մտել, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ քննարկումները հետաձգվել էին․ «Միայն օդանավակայանի հատվածը կարգավորելուց բացի ցանկալի կլիներ տաքսի-ծառայությունների վերաբերյալ ամբողջական կարգավորում ունենալ։ Այս նախագծի վերաբերյալ ես էլ եմ շատ բողոքներ լսել»։
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ եթե սովորական տաքսին ուղեւոր է բերում օդանավակայան եւ հետդարձին մեկ այլ ուղեւոր է ուզում վերցնել, հարցը ո՞նց է կարգավորվելու։ Փոխնախարար Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ օդակայանի կայանատեղից փոխադրում անելու համար նշյալ տեսակի լիցենզիան պետք է ունենալ։
Ապա «Հայաստան» դաշինքից Հռիփսիմե Ստամբուլյանը նկատեց՝ ոլորտն իսկապես տարիներ շարունակ խնդիրներ է ունեցել, զբոսաշրջիկներին երբեմն վատ տաքսի-ծառայություններ են մատուցել, նաեւ՝ խաբել, սակայն հետաքրքրում է՝ տաքսի-ծառայությունների հետ այս օրինագիծը քննարկվե՞լ է․ «Իսկ անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու։ Կամ, մարդկանց ստիպելը, որ մեքենայի գույնը փոխեն, իրատեսական չի։ Մենաշնորհների վտանգ չեք տեսնո՞ւմ»։
Փոխնախարարը նշեց․ «Մենաշնորհ չի առաջանա, որովհետեւ լիցենզիան սահմանափակված չէ։ Հավասար պայմաններ են դրվելու, ուստի չեմ կարծում, որ դա անհատ վարորդների համար կբերի դժվարություններ։ Եթե տարեկան տուրքը բաժանենք օդանավակայանի տարածքից օրական պատվերների քանակի վրա, ապա դա մեծ գումար չէ։ Օդակայանը զբոսաշրջիկի համար տվյալ երկրի առաջին «դեմքն» է։ Եթե սա իրեն արդարացնի, կտարածենք ողջ հանրապետությունում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ