Քոչարյանը Պուտինի, Փաշինյանի ու Ալիեւի ստորագրած հայտարարությանը դե՞մ է, թե՞ դեմ է, որ այդ փաստաթուղթը Փաշինյանն է ստորագրել
Նոյեմբերի 8-ին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցից մեկ օր առաջ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց էին տեղափոխվել չորս քաղաքացիական անձինք, որոնցից մեկը մահացել էր:
Արցախից ստացվող հերթական սարսափելի լուրից մի քանի ժամ անց Հայաստանի Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը կայացավ: Հանրահավաքի ընթացքում մի քանի յութուբյան ալիքների, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների ներքո հասարակության մի մեծ հատված արդեն իսկ հանրահավաքի հարթակից ելույթ ունեցող ընդդիմադիրներին որակում էր՝ «ջուր ծեծող», «ճառ ասող, բայց զանգ չկախող», նրանց մեղադրում էր՝ «քաղաքական պայքարի իմիտացիայով» զբաղվելու մեջ: Դեռ մինչեւ հանրահավաքն արդեն իսկ կրքերը բորբոքվել էին համացանցային տիրույթում. ընդդիմադիր տարբեր թեւեր միմյանց արդեն մեղադրում են իշխանությանը ծառայելու մեջ, եւ վստահաբար նոյեմբերի 8-ի հանրահավաքից հետո միմյանց «մերկացնող» քննադատությունները կշարունակվեն նոր թափով ծավալվել համացանցում:
Հայ հասարակության դժգոհ մասը, որը իշխանության փոփոխություն է տենչում՝ մեկընդմիշտ պետք է գիտակցի, որ Ռոբերտ Քոչարյանը զբաղվում է քաղաքականությամբ, բայց ընդդիմադիր առաջնորդ չի կարող դառնալ՝ մի քանի պատճառներով: Նախ, Ռոբերտ Քոչարյանը խարիզմատիկ գործիչ չէ, նրա 5, 10, 20 կամ 30 րոպեանոց ելույթները Ազատության հրապարակից չեն կարող համացանցով հանրահավաք դիտող, տանը նստած միջին վիճակագրական քաղաքացուն տնից դուրս հանել ու բերել Ազատության հրապարակ: Անշուշտ, Քոչարյանն ունի համակիրների բանակ եւ նրանք Քոչարյանի կողմից հրավիրվելիք առաջիկա հնարավոր բոլոր ցույցերին ու հավաքներին կմասնակցեն: Բայց խոսքը հասարակական մեծ, տարերային բնույթի՝ կանխորոշիչ ալիքի մասին է, որը Քոչարյանը չի կարող ապահովել, ոչ թե, որ չի ցանկանում, այլ, որովհետեւ նա նախ դրա ձիրքը չունի: 2008թ. նախագահական ընտրություններից հետո, օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խարիզմայի շնորհիվ, նրա հակամարգված, բովանդակային ելույթների արդյունքում ձմռան խստաշունչ օրերին Ազատության հրապարակում նրա համակիրներն անգամ գիշերում էին:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանն, ըստ նրան լավ ճանաչողների՝ հմուտ մենեջեր է, կազմակերպչական բարձր ունակությունների տեր մարդ, իսկ դա նշանակում է, որ նա կարող է հաջողել կազմակերպչական տարբեր հարցերում, բայց, վստահաբար, ինքն էլ գիտակցում է, որ դա ընդդիմադիր առաջնորդի համար բավարար հատկանիշ չէ:
Այսքանն ընդդիմադիր առաջնորդ դառնալու, այսպես ասած՝ կարեւոր հատկանիշների մասին, որոնք բացակայում են Քոչարյանի մոտ: Բայց գոյություն ունի առավել կարեւոր հանգամանք՝ քաղաքական, գաղափարական «կերակուրը», որով ընդդիմադիր առաջնորդը պետք է զբաղեցնի Հայաստանի՝ իշխանությունից դժգոհ հասարակությանը:
Առանց չափազանցության ու ծայրահեղականացնելու խոսակցության թեման, մի քանի հռետորական հարցեր տանք ինքներս մեզ. Քոչարյանը Պուտինի, Փաշինյանի ու Ալիեւի ստորագրած հայտարարությանը դե՞մ է, թե՞ դեմ է, որ այդ փաստաթուղթը Փաշինյանն է ստորագրել…
Քոչարյանը, եթե Փաշինյանին համարում է «կապիտուլյացիա» ստորագրող ղեկավար, նա պետք է հասարակությանը բացատրի, թե ինչո՞ւ է այնպես ստացվել, որ մինչեւ ոչ վաղ անցյալում Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանն այսօր լռություն է պահպանում, երբ Արցախում եւ Հայաստանի սահմաններին հայեր են սպանվում ադրբեջանական կողմի կրակոցներից: Ինչո՞ւ է 2011-ից Ռուսաստանը զինել Ադրբեջանին, որի արդյունքում Ալիեւը համարել է, որ ինքը «ազատ» է Արցախի ու Հայաստանի դեմ ցանկացած սանձարձակության: Ի դեպ, նույն «ազատության» համար կանաչ լույսը Ալիեւը դեռ ունի, քանի դեռ ռուսական եկեղեցու ծառայողները, ՌԴ պետդումայի պատգամավորները, ռուսաստանցի տարբեր տրամաչափի պաշտոնյաները, գործիչները, փորձագետներն ու մանր ու միջին լրագրողները ադրբեջանամետ դիրքորոշմամբ են հանդես գալիս՝ ստորացնելով Հայաստան պետությունն ու ՀՀ քաղաքացիներին:
Ռոբերտ Քոչարյանը՝ որպես խորհրդարանում ամենաշատ ընդդիմադիր ձայներ ունեցող խմբակցության առաջնորդ, կարո՞ղ է Ազատության հրապարակից ելույթ ունենալ եւ ասել, որ 2020թ. նոյեմբերի 10-ին հրապարկված եռակողմ հայտարարությունը ընդամենը հրադադարի պահպանման մասին մի փաստաթուղթ է, որը Հայաստանին չի պարտավորեցնում տարածքներ զիջել Ադրբեջանին եւ համակերպվել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման հետ, որի վերաբերյալ, ի դեպ, Մոսկվան էլ համառորեն դիրքորոշում չի արտահայտում: Ու եթե նախկինում ՀԱՊԿ-ում ադրբեջանամետ դիրքորոշման համար սահմանային լարվածության տարբեր փուլերում հայ հասարակությունը մեղադրում էր Ալիեւի հետ ջերմ հարաբերություններ ունեցող ՀՀ «դաշնակից» որոշ պետությունների ղեկավարներին, այսօր մենք չենք լսում ՌԴ ղեկավարի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ որեւէ հոդաբաշխ նախադասություն:
Ավելին՝ նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԳՆ-ն լրատվամիջոցների համար մի արտահոսք կազմակերպեց, տարածվեց հայտարարության մի տեքստ, որում Մոսկվան հարկ էլ չէր համարել ֆիքսել, որ անցյալ տարի ստորագրած նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին քաղաքացիական անձինք են սպանվել Ադրբեջանի կողմից: Ինչպես Պուտինը, այնպես էլ ՌԴ ԱԳՆ-ն, սահմանափակվել էր նշելով՝ «միջադեպերի» կանխարգելման մասին, առանց կոնկրետ փաստերի ու խաղաղապահ առաքելության ձախողման մասին հստակ արձանագրումների:
Քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել ընդդիմադիր մի ուժ, որում ներկայացված կլինեն հայ ականավոր գործիչներ՝ տարբեր ոլորտներից ու նրանք Ազատության հրապարակից չեն պահանջի Հայաստանի երբեմնի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին դադարեցնել ադրբեջանանպաստ պահվածքը, չեն պահանջի դադարեցնել Ռուսաստանում հասարակական դեմքերի կողմից ադրբեջանական «վարձավճարների» դիմաց Ալիեւի բոլոր ապօրինությունները արդարացնելը, Հայաստանը մնալու է նույն վիճակում, ինչ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրելուց մի քանի րոպե անց:
Մենք կորցրել ենք 1 տարի, ու այդ մեկ տարին գոնե 1 տոկոսով չի ամրացրել Հայաստան պետության դիրքը, որովհետեւ դեռ զիջումներ Հայաստանից են ակնկալում, որովհետեւ Ռուսաստանին հարկավոր է հենց այսպիսի Հայաստան, որտեղ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը որեւէ «թթու խոսք» չեն ասի Ռուսաստանի հովանու ներքո ստորագրված ինչ-որ մի հայտարարության հասցեին, որտեղ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չպետք է դժգոհեն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ձախողումից՝ անկախ այն հանգամանքից, որ ԼՂ-ում այդ առաքելությունը հումանիտար հսկայական աշխատանքներ է իրականացրել: Բայց նաեւ ակնհայտ է չէ՞, որ արցախցին այսօր ունի անվտանգության խնդիր, որովհետեւ ռուս խաղաղապահների գոյության պայմաններում, Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերի ներքո սպանվում են հայեր:
Հետեւաբար, ո՞րն է Քոչարյանի ու Փաշինյանի միջեւ քաղաքական-գաղափարական տարբերությունը: Խոշոր հաշվով՝ նման տարբերություն չկա: Եթե Քոչարյանը որպես Պուտինի «ընկեր»՝ չի կարող իրեն թույլ տալ Ազատության հրապարկից մի փոքրիկ կոչով դիմել իր «ընկերոջը», պահանջելով՝ չոտնահարել Հայաստան պետության շահերը (եւ դա, ի դեպ, Ազատության հրապարակը լցնելու մի նոր խթան կդառնար), ուրեմն՝ Քոչարյանին մնում է մեկ բան՝ հրապարակային պաշտպանել գործող իշխանությանը՝ ի շահ Հայաստան պետության դիրքերի փոքր-ինչ ամրացման:
Սա ցինիկ եզրակացություն չէ, սա պարզ ու սառը դատողություն է, որովհետեւ Փաշինյանն ու Քոչարյանը համակերպվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետ, եւ եթե իշխանությունն ի պաշտոնե հրապարակավ դիրքորոշումներ ներկայացնելիս գոնե ցույց է տալիս, որ օրինակ՝ ընդդիմանում է «միջանցքային տրամաբանությանը», Քոչարյանն ընդհանրապես չի վիճարկում Պուտինի ստորագրությամբ եռակողմ փաստաթղթի որեւէ դրույթ:
Հետեւաբար հարց՝ Քոչարյանին քաղաքական-գաղափարական առումով այսօրվա իշխանության ո՞ր քայլը դուր չի գալիս, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի ապագային ու Հայաստանի անվտանգությանը: Եթե Քոչարյանը դեմ է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, նա պետք է պահանջի այդ փաստաթուղթը չեղյալ հայտարարել՝ այդ հայտարարության երաշխավոր Մոսկվայից, այլ ոչ թե կանխատեսի, որ Հայաստանի կողմից հաջորդիվ ստորագրվելիք փաստաթղթերը կործանարար հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի անվտանգության համար: Կանխատեսումներ անելն ու դրանց հիմքում արձանագրումներ անելը փորձագետների գործն է, Քոչարյանը որպես ընդդիմադիր գործիչ պետք է գործի, ընդդիմանա Հայաստանին դեմ դավադրությունների այս շարանին: Նա գոնե պետք է փորձի դա անել՝ մտքում, իհարկե, ունենալով ու չբացառելով տարբերակը, որ կարող է եւ չստացվել, բայց նա չի էլ փորձում դա անել:
Վստահաբար, Քոչարյանը հասկանում է, որ Պուտինի համար Փաշինյանն իսկապես «իմաստուն» գործիչ է, բայց Քոչարյանը չի կարող դա ասել Ազատության հրապարակից: Գրեթե երկու տասնամյակ, Ռուսաստանն անկեղծորեն հասկացնում էր պաշտոնական Երեւանին, որ ցանկանում է ԼՂ խնդրի կարգավորում, առաջարկներ էր մշակում, կողմերին էր ներկայացնում ղարաբաղյան կարգավորման տարբերակի վերամշակումներ, բայց չգիտես ինչու, շատերին թվում էր, թե Ռուսաստանն իրականում չի ցանկանում ԼՂ խնդրի լուծում, որպեսզի այս տարածաշրջանում պահպանի իր ազդեցությունը, ու այստեղ Արեւմուտքի հաշվարկներն էլ ճիշտ չէին: Պարզվեց, սակայն, որ Մոսկվային պետք էր ազդեցության մեծացում՝ նույնիսկ այս գնով:
Ի դեպ, նոյեմբերի 5-ին ՌԴ-ի ԱԳՆ-ից արտահոսքի, արդեն հիշատակված հայտարարության մեջ հատկապես մեկ բառի գործածությունը պատասխան էր հենց Ռոբերտ Քոչարյանին: «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահությամբ հերքել սոցցանցերում եւ փնթի տեղեկատվական ռեսուրսներում թափառող այն հայտարարությունները, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել իբր «Լեռնային Ղարաբաղը կտրելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն եւ այլն: Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր եւ իրականության հետ որեւէ կապ չունեն»,- ասվում էր ՌԴ ԱԳՆ-ի՝ լրատվամիջոցներին տրամադրած տեքստում:
Հայաստանի քաղաքական գործիչներից «պրոտեկտորատ» բառը գործածել է միայն Ռոբերտ Քոչարյանը, եւ ոչ մեկ անգամ: Վերհիշենք դրանցից երկուսը. այս տարի հունվարի 27-ին Քոչարյանը մի քանի լրատվական կայքերին տված հարցազրույցում նշեց. «Այս իշխանությունը ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից Հայաստանը դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատ»: Ապա նա կրկնել է այդ միտքը մայիսի 28-ին՝ Կոտայքի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպմանը. «Մեր սահմանների անվտանգությունն ապահովելու միակ լուծումն է շատ արագ վերականգնել բանակի մարտունակությունը։ Կամ պետք է հայտարարել, որ մենք ի վիճակի չենք սահմանները պահել եւ խնդրել, որ դա անի մի ուրիշ երկիր։ Եվ այդ դեպքում Հայաստանը կդառնա մեկ այլ երկրի պրոտեկտորատ, եւ ոչ մի երկիր մեզ չի հարգելու»։
2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մենք ունեցել ենք մի քանի տասնյակ զոհեր: Նոյեմբերի 7-ին Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը 28 զոհի մասին հիշատակեց, դրանից մեկ օր անց Արցախում եւս մեկ հայ սպանվեց ադրբեջանական կողմից:
Հայաստանի քաղաքական դաշտը համակերպվե՞լ է այս ամենի հետ: Քաղաքացիական անձանց կյանքից զրկելը նրանք նույնպե՞ս «միջադեպեր» են համարում: Հայաստանի քաղաքական դաշտն ինչո՞վ է տարբերվում ՌԴ ԱԳՆ-ի ու ՊՆ-ի համար հերթական տեքստ գրողներից:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.11.2021
Հ.Գ. Շուշի քաղաքի մոտակայաքում տեղի ունեցածից մեկ օր անց միայն ռուսական կողմն անդրադարձավ «միջադեպին»: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում էր, որ Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղում աշխատող չորս հոգանոց խմբի վրա, մեկը սպանվել է, երեքը՝ վիրավորվել:
Ձեր «Նենգ խաղ՝ ընդդեմ Հայաստան պետության» հոդվածի վերջում արածս մեկնաբանության շարունակությունն այս վերլուծության համար կլիներ.
Հիմա էլ՝ թաղի խուժանը…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա անհարմար վիճակի մեջ եք դրել իմ սիրելի Առավոտը՝ ենթադրելով, թե ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, «պրոտեկտորատ» բառի համար, մատնանշում է Քոչարյանին: Վերը նշածս հոդվածում Դուք գրում եք. «Մենք պետք է պատրաստ լինենք, որ քիչ անց Ռուսաստանից կրկին լսելու ենք նույն մեղադրանքները, որոնց հիմքում կրկին մեկ ուղերձ է լինելու՝ հաշտվեք Լեռնային Ղարաբաղի կորստի հետ: Սա է Մոսկվայի գիծը…»: Բա չար լեզուները չեն ասի՞, հայտարարության այս մասն էլ Առավոտին է վերաբերում. «…սոցցանցերում եւ փնթի տեղեկատվական ռեսուրսներում թափառող այն հայտարարությունները, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել իբր «Լեռնային Ղարաբաղը կտրելուն», այն Ադրբեջանին հանձնելուն…»:
Իմ կարծիքով Ձեր վերլուծությունների այս շարքով, ուր մեղավոր են բոլորը, բացի պատասխանատվությունը ստանձնած իշխանությունից, ինքներդ եք արձանագրում Հայաստանի ինքնիշխանության կորուստը: Ցավոք, դա փաստ է: Բայց դրանում առաջին հերթին մեղավոր ենք մենք, ու կողքում մեղավորներ փնտրելը միայն խանգարելու է այդ բանը գիտակցելուն, ինչը կենսական է:
Հարգելի էմմա Գաբրիելյան, սա Ձեր հերթական իրատեսական վերլուծությունն է: Դուք պատկերավոր ներկայացրել եք Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս անմխիթար վիճակը, մանրամասն լուսաբանելով խաբուսիկ ընդդիմության էությունը և այդ առումով շատ ճիշտ վերնագիր եք դրել: Հատկապես կարևոր եմ համարում Ձեր հետևյալ միտքը՝ «Քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել ընդդիմադիր մի ուժ, որում ներկայացված կլինեն հայ ականավոր գործիչներ՝ տարբեր ոլորտներից ու նրանք Ազատության հրապարակից չեն պահանջի Հայաստանի երբեմնի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին դադարեցնել ադրբեջանանպաստ պահվածքը, չեն պահանջի դադարեցնել Ռուսաստանում հասարակական դեմքերի կողմից ադրբեջանական «վարձավճարների» դիմաց Ալիեւի բոլոր ապօրինությունները արդարացնելը, Հայաստանը մնալու է նույն վիճակում, ինչ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրելուց մի քանի րոպե անց»:
Ճիշտն ասած, ես Ձեզ էլ եմ պատկերացնում տարբեր ոլորտներից ներկայացված այդ ընդդիմադիր ուժի մեջ, բայց գիտեմ, որ ամենադժվարը հայ ականավոր գործիչներին համախմբելը և նրանց Ազատության հրապարակ բերելն է լինելու: Ովքե՞ր կլինեն այդ գործը նախաձեռնողները, ինչպես ասում են՝ առաջ Աստված…
Եթե Քոչարյանը սկսի հակառուսական ելույթներ ունենա, դրա բնորոշումը շատ լավ տվելա հենց ինքը Քոչարյանը “գեղցի շուստրիություն”։
Քոչարյանը երբեք էլ չի թաքցրել, որ ինքը ռուսամետ գործիչա ու պոպուլիստ չի։
Քոչարյանը էտ ամենը հաստատ Պուտինին ասած կլինի, բայց անձնական խոսակցության ժամանակ։
Փաստորեն եղած իշխանությունը ռուսոֆոբա եղել ամբողջ կյանքում, բայց իրան ձևացնումա, որպես ռուսոֆիլ, երկիրը բերելա աղետի փոխանակ ասեք թող իրանք հրաժարական տան։
Պահանջում եք որ Քոչարյանը իրենց պես գեղցի շուստրիությամբ զբաղվի։
Թող Նիկոլի մոտ ընդիմություն աշխատողները գնան դրանով զբաղվեն ովա ձեռքները բռնել՞
Ազատության հրապարակում ինչ ճառ ուզում են ասեն։