Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, այս ժամերին արդեն կնքված էր հրադադարի համաձայնագիրը։
Լավ էր դա, թե վատ։
Լավ էր այն առումով, որ այդ օրերին, լինելով առաջնագծում՝ տեսել ու ամենաբարձր իրավասու մարմնին բարձրաձայնել եմ այն քաոսն ու փնթիությունն ու թող ներվի, անտերությունը, որը տիրում էր առաջնագծում, ուստի պատերազմի շարունակությունը բերելու էր նոր նահատակված հայորդիների։
Վատ էր այն առումով, որ հարկադրաբար ողջ հայությունից խլվեց Աստվածային իրավանորմը՝ արժանապատվությունը։
Կարդացեք նաև
Հրապարակային խոստովանում եմ, որ հրադադարից հետո երանի եմ տվել զոհվածներին, ցանկանալով, որ ինքս էլ մահացած լինեի, չապրեի անզորության ու նվաստացման զգացումը։
Այսօր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որը հնարավորություն տվեց ապրելու ու ետ բերելու խլված արժանապատվությունը, որը բարեգութ գտնվեց ու միակ ժառանգիս, որը իր յոթ օրական որդուն օրորոցում թողնելով կամավորագրվեց և միայն դեկտեմբերի 1-ին պահած դիրքերը հանձնելով ռուս խաղաղապահներին՝ անփորձանք ետ վերադարձրեց տուն։
Խոնարհվում եմ բոլոր նահատակված զինվորների շիրիմին, որոնք զոհվեցին հիմնականում անբարոյական, անսկզբունքային գեներալիտետի անատամ վերաբերմունքից ու պահվածքից, որոնց մեջ չգտնվեց մեկը, որը պատասխանատվությունը կվերցներ իր վրա ու զորավարին վայել որոշումներ կընդուներ, ինչպես արվեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչպես արվեց այս պատերազմի ժամանակ Բերձորում, որտեղ եթե չլիներ գեներալ Ավետիսյանի անհատական որոշումներն ու ճիշտ մարտավարությունը, Լաչինը ևս կլիներ բաշիբոզուկների հսկողության տակ։
Այս խայտառակ պատերազմից մեկ տարի անց քաղաքական իշխանությունը պարտավորություն ունի անհապաղ պատասխանատվության կանչելու բոլոր մեղավորներին, ովքեր խաղացին մի ամբողջ ազգի արժանապատվության հետ։
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն