Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար. Սուրեն Պապիկյանի ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ

Նոյեմբեր 10,2021 11:44

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Քառորդ դար առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այդ ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների ենթարկվեց՝ այսօր հասնելով համայնքների խոշորացման վերջին փուլին:

Միավորման և խոշորացման ճանապարհին մենք ավելի ենք մոտենում տարիներ ի վեր նպատակադրած ապակենտրոնացման պրոցեսին: Արդյունքում՝ համայնքների տնտեսական ներուժը մեծանում է, ընդլայնվում են կարողությունները, սուբվենցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը դառնում է արդյունավետորեն գործադրելի: Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում բոլոր համայնքներում մասնագիտական ու կադրային ռեսուրսի ապահովման առումով: Համայնքների համար ավելի հասանելի են դառնում նաև թվային ծառայությունները, մեկ միասնական գրասենյակները՝ նպաստելով համայնքների համաչափ զարգացմանը:

4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ՏԻՄ ղեկավար մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով: Թեև ՏԻՄ ընտրությունները հանրային ընկալումներում առայժմ բավարար չափով քաղաքականացված չեն համարվում, այնուհանդերձ, կարծում եմ, որ դրանք պետք է քաղաքական թիմերի, վերջինների գաղափարների դրսևորման ու բանավեճի հարթակի վերածվեն: Համոզված եմ, որ այդ պրակտիկան մեզ մոտ ավանդույթ է դառնալու՝ հնարավորություն ընձեռելով ՏԻՄ համակարգում ապահովել քաղաքական ուժերի հավասարակշիռ մասնակցություն: Իրենց ստացած ձայներին համապատասխան՝ վերջիններս ներկայացված են լինելու համայնքի ավագանիում և մասնակցելու են համայնքի կառավարմանը՝ հնարավորություն ունենալով իրագործել իրենց նախընտրական ծրագրերը:

Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր կառավարության առաջնահերթություններից է, որոնց միտված բարեփոխումներն ու աշխատանքներն անընդհատ բնույթ են կրել նախորդ 3 տարիներին: Ուզում եմ հավաստիացնել, որ դրանք շարունակվելու են լայն թափով և լինելու են ապագայամետ: ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար: Միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար և ամրացնել քաղաքացու՝ սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը:

Վստահ եմ՝ մեր բարեփոխումների գործընթացի շարունակումն էական դեր է կատարելու համայնքների համաչափ զարգացման գործում՝ ՏԻՄ համակարգը դարձնելով քաղաքացիակենտրոն և սպասարկելով ընդհանուր բարիքն ու հանրային շահը:

Փոխվարչապետ Ս.Պապիկյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930