Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իր պարտության հետևանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամից, ինչն ինքնին իրական հաջողություն է: Նման հայտարարություն են արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա)՝ ամփոփելով 2021թ. նոյեմբերի 3-5-ը Հայաստան կատարած իրենց այցի արդյունքները:
«Ճգնաժամը լուծվել է ժողովրդավարական ձևով կազմակերպված արտահերթ ընտրություններով՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին», – ասել են նրանք:
Համանախագահները նշել են, որ բևեռացումը, ցավոք, առկա է Ազգային ժողովում և չի նպաստում խորհրդարանական իրական մշակույթի կայացմանը, որտեղ մեծամասնությունն ու ընդդիմությունը կառուցողական և հարգալից կերպով առճակատվում են՝ հստակ մատնանշված և տարբերվող քաղաքական կողմնորոշումներով:
«Մյուս կողմից, պարզ է, որ կառուցվում են ինստիտուցիոնալ հավասարակշռություններ, և որ որոշակի հակակշիռներ, ինչպիսին Մարդու իրավունքների պաշտպանն է, կան: Մենք կարող ենք միայն խրախուսել Հայաստանի իշխանություններին շարունակել այս ճանապարհը և, անհրաժեշտության դեպքում, ապահովել այլ ինստիտուտների անկախությունը, ինչպիսին է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, օրինակ՝ դրան սահմանադրական կարգավիճակ տալով»,- ասել են համազեկուցողները:
Կարդացեք նաև
Համազեկուցողները հաստատել են, որ Հայաստանում բնակչության և իշխանությունների վստահությունը դատական համակարգի նկատմամբ ցածր է։ Հետևաբար, նրանց կարծիքով, եթե դատական համակարգի բարեփոխումը անհրաժեշտ է, ապա այն պետք է կատարվի եվրոպական չափանիշներին համապատասխան, մասնավորապես՝ կապված դատավորների պաշտոնավարման անվտանգության սկզբունքի հետ, այնպիսի մթնոլորտում, որտեղ պահպանվում է նրանց պաշտոնի արժանապատվությունը:
Համազեկուցողներն անդրադարձել են նաև լրատվամիջոցներում տիրող մթնոլորտին՝ փաստելով, որ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր բախվում են ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի։ «Սրանով կարող է բացատրվել խոսքի ազատության շրջանակը խստացնելու նրանց ցանկությունը՝ վիրավորանքի համար տուգանքների ավելացմամբ կամ «լուրջ վիրավորանքները» քրեականացնելու միջոցով, ինչպես դա արեցին համապատասխանաբար մարտին և հուլիսին,- ասել են համանախագահները՝ հավելելով. – Այնուամենայնիվ, կան նաև այլ գործիքներ, քան բացառապես կանխարգելիչ պատժամիջոցները, և մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին մշակել համապարփակ միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որը կանդրադառնա լրատվամիջոցների սեփականության թափանցիկության, լրատվամիջոցների հնարավոր կենտրոնացման, լրագրողների կասկածելի կարգավիճակին և ինքնակարգավորման մեխանիզմներին, քանի որ այս խնդիրներն ուղղակիորեն կապված են լրատվամիջոցների ոլորտում ատելության խոսքի տարածման հետ»։
Համազեկուցողները նշել են, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից անվնաս դուրս չի եկել:
«Մեր այցը սահմանամերձ Երասխ մեզ հիշեցրեց, որ խաղաղության համապարփակ համաձայնագրի բացակայության պայմաններում անապահովությունը պահպանվում է, իսկ դրա գինը վճարում են խաղաղ բնակիչները: Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է դժվարին համատեքստում շարունակել առաջընթացը ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ճանապարհով, և դա ողջունելի է»,- եզրափակել են համազեկուցողները:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ