Aravot.am-ը օրեր առաջ անդրադարձել էր հոկտեմբերի 29-ին «Աժդանակ» ՍՊ ընկերության աշխատակիցների բողոքին։ Նրանք դժգոհում էին քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետի որոշման դեմ, ըստ որի՝ ընկերության ավտոմեքենաները արգելանքի տակ էին վերցվում։
Պարզաբանումների համար դիմել էինք Հայաստանի քննչական կոմիտե: Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանի պատասխան գրությունից տեղեկանում ենք, որ կոմիտեին հետաքրքրում է երկու ավտոմեքենա։ Ըստ գրության, 2021թ.-ի օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դատարկ ապարների լցակույտային տնտեսության տարածքում «XCMG» մակնիշի 200XC01 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետեւանքով անձի առողջությանն անզգուշությամբ ծանր դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, օգոստոսի 30-ին Կապանի ոստիկանությունում հարուցվել է քրգործ, որի նախաքննությունը շարունակվում է Սյունիքի մարզային քննչական վարչությունում։
«Նախաքննության ընթացքում նշանակվել է «Աժդանակ» ՍՊ ընկերությանը պատկանող «XCMG» մակնիշի 200XC01 հաշվառման համարանիշի եւ «XCMG» մակնիշի 200GX01 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենաների տեխնիկական վիճակի, դատաավտոտեխնիկական եւ տեխնիկայի անվտանգության դատատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո վերը նշված ավտոմեքենաների վերաբերյալ կկայացվեն համապատասխան որոշումներ»,-նշված է պատասխանի մեջ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ