Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ժամանակ և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների հիմնախնդիրները

Նոյեմբեր 10,2021 10:26

Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Ֆլեթչերի դպրոցում և Հարվարդի համալսարանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին և 8-ին հանդես է եկել դասախոսությամբ Ֆլեթչերի իրավունքի ու դիվանագիտության դպրոցում և Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում:

Որպես ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի շրջանավարտ՝ պետական նախարարը հրավիրվել էր դիվանագիտության առաջատար այդ համալսարանը՝ դասախոսություն կարդալու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ապակայունացնող վարք դրսևորել տարածաշրջանում՝ պարբերաբար խախտելով նաև Արցախի բնակչության իրավունքները: Պետական նախարարը կարևորել է հակամարտության արդարացի կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի, ներառյալ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, որպեսզի հնարավոր լինի կայուն խաղաղություն ապահովել Հարավային Կովկասում:

Պետական նախարարը և իր գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են լայն տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեքստում Հարավային Կովկասի զարգացումներն ու առկա միտումները՝ Մերձավոր Արևելքում աճող արմատական խմբավորումներն ու վարքագիծը համարելով համաշխարհային կարգի հանդեպ երկարաժամկետ վտանգ: Նրանք շեշտադրել են, որ Արցախը 2020թ. դարձել է նման մարտահրավերների գլխավոր թիրախներից մեկը, որն, իր մեթոդաբանության ու ահաբեկչական խմբավորումների ընդգրկման պատճառով, հղի է շոշափելի վտանգներով նաև հեռավոր տարածաշրջանների համար:

Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ժամանակ և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների հիմնախնդիրները, ադրբեջանական ոճրագործությունները հայ ժողովրդի հանդեպ: Նա կարևորել է միջազգային գիտահետազոտական շրջանակների պատշաճ ուշադրության անհրաժեշտությունը կատարված վայրագությունների նկատմամբ, ինչը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ տարածաշրջանում և աշխարհի այլ հատվածներում մարդու իրավունքների նմանատիպ խախտումների համար:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930