«Ամերիկայի ձայն». Նոյեմբերի 9-ին լրացել է ՌԴ, ՀՀ ու Ադրբեջանի միջև անցած տարվա նոյեմբերին կնքված հրադադարի մեկ տարին: Վերլուծաբանները քննարկում են հրադադարի համաձայնագիրն ու դրա հետ կապված զարգացումները
Վերլուծաբանները գտնում են, որ ԱՄՆ-ն պետք է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնի Հարավային Կովկասում, մասնավորապես ԼՂ հակամարտության հարցում: Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Վաշինգտոնը դարձել է երկրորդական դերակատար այս տարածաշրջանում, որի պատճառներից է ԱՄՆ-ի այլ առաջնահերթությունները:
«Միացյալ Նահանգները հիմնականում հետևում էր զարգացումներին, չնայած կոչ էր անում կողմերին դադարեցնել կրակը: Ես զգացում ունեմ, որ այս մոտեցումը կշարունակվի: Իմ կարծիքով ԱՄՆ-ի համար շահավետ կլիներ ավելի ակտիվ ներգրավվածությունն այստեղ, սակայն հակված չեմ կարծելու, որ դա տեղի կունենա»,- ասում է Հերբսթը:
Հերբսթի կարծիքով՝ իրադրությունն այսօր ԼՂ շուրջ կայուն է, սակայն լարված:
Կարդացեք նաև
Ջոն Հերբսթն ընդգծում է, որ ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում ռազմական գործողությունների վերսկսում: Հայաստանը խուսափում է ընդհարումից անցած տարվա ձախողման պատճառով, իսկ Ադրբեջանը՝ հավանաբար, ռուսական զորքերի ներկայության, գտնում է Հերբսթը:
«Այն, որ կողմերը անընդհատ քննադատում են միմյանց և մեղադրում մյուս կողմին առաջընթացի բացակայության մեջ, խոսում է այն մասին, որ նրանց ակնկալիքները շատ տարբեր են, և, հետևաբար, վերջնական համաձայնությունը գրեթե անհնար է կամ պարզապես անհնար»,- նշում է Հերբսթը:
Նա պնդում է, որ հրադադարի շնորհիվ ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահները դեռ երկար ժամանակ կմնան այնտեղ, քանի որ եթե Ադրբեջանը պահանջի նրանց հեռացումը, ապա Մոսկվան դա կդիտարկի որպես թշնամական քայլ: Դրա հետ մեկտեղ, վերլուծաբանը չի բացառում, որ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը, կարող են բարելավել հարաբերությունները, որը հիմք կստեղծի ռուսական զորքերի դուրս բերման համար: Նա, սակայն, չի դիտարկում նման հնարավոր զարգացում մոտակա շրջանում:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում