Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պատրաստվելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար

Նոյեմբեր 10,2021 10:10

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիտավորյալ և նպատակային կերպով շարունակել է Արցախի բնակչության դեմ հանցավոր գործողությունները, որոնց մասին անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք և իրազեկել միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։

Թեև հայտարարությամբ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելու, Արցախը հայաթափելու ծրագրավորված և համակարգված գործողությունների։

Արցախի Հանրապետության դատախազության կողմից ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ անցած մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ։

Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 24 քաղաքացիական և 44 զինվորական անձ, տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 9 քաղաքացիական և 28 զինվորական անձ, ֆիզիկական բռնության է ենթարկվել 6 անձ, սպանության սպառնալիքի` 2-ը:

Սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս։ Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց, շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակ:

Անցած մեկ տարվա ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերից պարբերաբար կրակոցներ են արձակվել, որոնց գնդակները թափվել են տների տանիքներին կամ հասարակական վայրերում՝ դրանով իսկ ոտնձգելով խաղաղ բնակչության հոգեբանական անձեռնմխելիության դեմ։

Արձանագրված բոլոր դեպքերի և դրանց հետևանքների մանրամասների վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պատրաստվելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար։

Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930