Սկիզբը՝ այստեղ:
Անմիջական մտահոգություններ
Քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն հիմա
Ա. Հայաստանի կառավարությունն ու հայ քաղաքական ուժերը պետք է գիտակցեն պետության ու ժողովրդի կրած կորուստներն ամբողջությամբ ու խորությամբ, որոնք կխոչընդոտեն քաղաքականություն ձեւավորելու եւ իրագործելու Հայաստանի կարողությունը, ինչպես նաեւ առկա քաղաքական ընտրանքների սահմանափակ բնույթը։ Առանց այդպիսի գույքագրման կառավարությունն, ավելի հավանական է, որ նոր սխալներ թույլ տա։
Բ. Անհրաժեշտ է ստեղծել անկախ հետաքննական մի հանձնաժողով, որը կուսումնասիրի այն գործընթացներն ու քայլերը, որոնք Հայաստանին հանգեցրին պատերազմի, եւ պարտության պատճառները՝ ի հակակշիռ մասնակի տեղեկատվության արտահոսքի վնասաբեր գործելակերպի։ Այդպիսի հանձնաժողովը պետք է ունենա հետաքննության համար բոլոր լիազորությունները, սակայն լինի կառավարությունից անկախ, եւ ազատ՝ քաղաքական ազդեցությունից ու միջամտությունից։ Հետաքննությունը պետք է լինի փաստերի վրա հիմնված եւ ապաքաղաքական։
Կարդացեք նաև
Գ. Կառավարությունը եւ քաղաքական ուժերը պետք է ամբողջովին, ազնվորեն ու իրատեսորեն գնահատեն բուն պատերազմի ու նաեւ հակամարտության կողմերի դիրքորոշումների վերաբերյալ հեռու կամ մոտ գտնվող այլ երկրների, միջազգային կազմակերպությունների եւ միջնորդների քաղաքականություններն ու դիրքորոշումները՝ պատերազմից առաջ, դրա ընթացքում եւ դրանից անմիջապես հետո։
Դ. Կառավարությունը պետք է զգուշորեն կշռի ցանկացած քայլ կամ քաղաքականություն, որոնք չեն ընդունում մի պարզ իրողություն. ներկայումս Ղարաբաղի ճակատագիրն ավելի շատ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից, թերեւս նաեւ Թուրքիայից, հնարավոր է նաեւ Իրանից։ Այս երկրներն ասելիք ունեն նաեւ Հայաստանի ընտրանքների եւ սեփական քաղաքականությունն իրագործելու կարողության վերաբերյալ։ Կառավարությունն, ուստի, խոհեմ կգտնվեր, եթե լրջորեն քններ այս պետությունների հետ գործ ունենալու ամենաարդյունավետ եղանակը։
Ե. Կառավարությունը պետք է սկսի պաշտպանության հայեցակարգի եւ զինված ուժերի նպատակի վերասահմանման գործընթաց՝ ներառելով օդային ուժի դերը, որը Զինված ուժերի խիստ ծախսալից մի ճյուղ է եւ որեւէ դեր չխաղաց վերջին պատերազմում։ Կառավարությունը պետք է վերակազմի պետության զինված ուժերը՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու նոր տեխնոլոգիաները, իր պաշտպանության հայեցակարգի վերասահմանման հիման վրա։
Զ. Կառավարությունը պետք է նախաձեռնի իր անվտանգության ռազմավարության վերանայում, ներառյալ՝ նոր դաշինքների որոնում։
Է. Կառավարությունը պետք է նախաձեռնի իր արտաքին քաղաքականության խոր ուսումնասիրություն, բայց նաեւ վերարժեքավորի իր դիվանագիտությունը, վերանայի դիվանագետների պատրաստման հարցը, եւ վերաիմաստավորի Արտաքին գործերի նախարարության դերը։
Ը. Կառավարությունը պետք է նվազեցնի լարվածությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ նրանց հետ բացի խոսույթի ուղիներ՝ խորհրդապահական կամ այլ կերպ, հասկանալու համար նրանց քաղաքականությունները՝ ուղղակի ճանապարհով ու սառնասրտորեն։ Այս քննարկումները կարող են վերածվել ներկայումս կամ ապագայում փոխադարձ շահագրգռություն ներկայացնող հարցերի շուրջ բանակցությունների։ Հարեւաններն ու միջազգային հանրությունը, վստահաբար, կսատարեին նման նախաձեռնությունները։ Սա ներառում է նաեւ Ռուսաստանը, որը բացահայտորեն հայտարարել է այդ մասին։
Թ. Կառավարությունը պետք է հրավիրի Հայաստանի եւ Սփյուռքի հնարավոր լավագույն ուղեղներին՝ օգնելու համար վերը նշված բոլոր հետազոտություններում եւ ուսումնասիրություններում, ներառյալ՝ կիբեր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտների փորձագետների։
Ժ. Կառավարությունը պետք է հատուկ զգուշությամբ գնահատի իր բանակցող եւ որոշումներ կայացնող անձնակազմին։
Ի. Նոր կառավարությունը պետք է գործի այն հիմքով, որ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» նոր ստատուս քվոյի մեջ մտնելը չափից ավելի մեծ բեռ կլինի՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս բազմաշերտ թույլ կողմերը, եւ կխոչընդոտի սոցիալական ու տնտեսական կյանքի մի շարք ոլորտների զարգացումը։ Այս փաստը նույնպես պետք է հստակորեն ու միանշանակ կերպով հաղորդվի Հայաստանի ժողովրդին։
Լ. Հայաստանը կարող է եւ պետք է առաջնորդող դեր ունենա Ղարաբաղին բարձր մակարդակի տնտեսական ու սոցիալական օժանդակության տրամադրմամբ՝ մարդկային ռեսուրսների զարգացման հարցում։
Խ. Ղարաբաղի հետ համաձայնության մեկ կետը պետք է լինի այն, որ լավագույնը, որ նա հիմա կարող է անել, Ադրբեջանի հետ առկա իրավիճակի լիցքաթափումն է. այնպես, որ Ադրբեջանի ղեկավարները քաջալերվեն՝ շփման մեջ մտնելու համար Ղարաբաղի իշխանությունների հետ, եւ հակառակը. Ղարաբաղի իշխանություններն էլ քաջալերվեն՝ շփման մեջ մտնելու համար Ադրբեջանի հետ:
Ծ Վերջապես, ինչ-որ ժամանակ՝ շատ շուտով, Հայաստանը պետք է արմատական, ռազմավարական որոշում կայացնի այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պիտի արձագանքի ստեղծված այս նոր իրողություններին, թե ինչպիսի պետության ու հասարակության է ձգտում, եւ ինչ դեր պիտի ստանձնի Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Հենց այդ ընտրությունը կատարվի, այն պետք է ներկայացվի եւ ամբողջապես բացատրվի Հայաստանի ժողովրդին ու ողջ հայությանը։ Հայաստանն ու հայ ազգը արժանի են տեղեկացված լինելու, թե որտեղ են գտնվում եւ ինչ տարբերակներ ունեն, եթե Հայաստանը ցանկանում է խուսափել ձախողված պետություն լինելուց եւ կարեւոր դառնալ տարածաշրջանում ու դրանից դուրս։
Շարունակելի
«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)
«Առավոտ» օրաթերթ
10.11.2021